Սիրիայից բերված վարձկանների համար պատերազմը հեշտ չի անցնում․ «ՌԻԱ Նովոստի»-ն` ԼՂ-ում «գաղտնի կռվող» վարձկանների մասին
Հասարակություն
Այն փաստը, որ մոլեռանդ, մինչև ատամները զինված գրոհայինները մասնակցում են Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմին, հաստատել են միանգամից մի քանի վստահելի աղբյուրներ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ներկայացնելով ԼՂ-ում Ադրբեջանի զինված ուժերի կազմում մարտնչող վարձկանների վերաբերյալ մանրամասներ։
Արաբները տեսանյութում
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում են գտնվում հազարավոր ծայրահեղականներ։ Նրանք «Ջաբհաթ ան Նուսրա», «Ֆիրքաթ Համզա», «Սուլթան Մուրադ» միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, ինչպես նաև մի քանի քրդական խմբավորումների զինյալներն են:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակարոնը հայտնել էր, որ 300 ծայրահեղականներ Սիրիայից Բաքու են տեղափոխել թուրքական Գազիանթեփով: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայից ներողություն է պահանջել՝ հայտարարելով, որ իր բանակը վարձկանների ծառայություններից չի օգտվում։ Բայց համացանցում հայտնված բազմաթիվ հոլովակները հակառակն են ապացուցում։
Ադրբեջանցի զինվորականներն իրենց դիրքերից տեսանյութ չեն հրապարակում, սակայն Սիրիայից գրոհայինները համեստություն չեն անում։
«Լեռնային Ղարաբաղում գործում է մինչև հինգ հազար զինյալ։ Հիմնականում, այսպես կոչված, Սիրիայի ազգային բանակից, որը հիմնված է Իդլիբում։ Սա բավականին բազմաբնույթ կազմավորում է բազմաթիվ խմբավորումներից։ Օրինակ՝ Սիրիայի ազգային բանակի մեջ կա «Ալ Համզա» դիվիզիա։ Հենց այդ բանդայի զինյալներն են հայտնվել առաջին հավաստի տեսանյութում, որն ապացուցում է նրանց մասնակցությունը ղարաբաղյան հակամարտությանը։ Այնտեղ նրանք ուղղակիորեն մատնանշում էին խմբավորման պատկանելությունը և «գործընկերներին» կոչ էին անում շտապել Ադրբեջան»,-«ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է լրագրող-միջազգայնագետ և Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Աբբաս Ջուման:
Փորձագետի վստահմամբ՝ «Ալ-Համզա»-ի գրոհայինները Լեռնային Ղարաբաղ են ժամանել Լիբիայից: Նրանց Ադրբեջան են տեղափոխել թուրքական ինքնաթիռներով։
«Ալ Համզա»
«Ալ Համզա» դիվիզնիան ձևավորման պահից ի վեր վայելում է ԱՄՆ-ի և Թուրքիայի ակտիվ ֆինանսական և նյութական աջակցությունը։ Մասնավորապես, Սիրիայում «Ալ Համզա»-ի զինանոցներում քիչ չեն ամերիկյան BGM-71 TOW հակատանկային հրթիռային համակարգերը։
Խմբավորման պարագլուխը թուրքական հետախուզության սպա Սեյֆ Աբու Բաքրն է, որը երկար տարիներ ԻՊ-ում Անկարայի գաղտնի գործակալն էր։
Թուրքիան Սիրիայում ակտիվորեն օգտվել է «Ալ Համզա»-ի այլ խմբավորումների ծառայություններից։ Աղբյուրի հաղորդմամբ՝ նրանք մասնացել են «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» գրոծողություններին և աչքի են ընկնում իրենց դաժանությամբ, նրանք խաղաղ բնակչության հանդեպ ընդունակ են ցանկացած վայրագության։
«Թնդանոթի միս»
Փորձագետ Աբբաս Ջումայի խոսքով՝ Ղարաբաղյան պատերազմին մասնակցելու համար ընտրել են մեծ փորձ ունեցող զինյալների։ Ղարաբաղը նրանց համար ավելի գրավիչ է, քան Սիրիան կամ Լիբիան. ավելի շատ են վճարում և պայմաններն այնքան էլ ծանր չեն։ Շատերն այս պատերազմը ընկալում են որպես «վճարովի արձակուրդ»։
Փորձագետը խոստովանում է, որ Լեռնային Ղարաբաղում նրանք «լուծում են ամենադժվար խնդիրները, կատարում են կեղտոտ աշխատանքը։ Ըստ էության, նրանք թնդանոթի միս են, որը ցավալի չէ: Բնակչության համար Ադրբեջանի հետ ոչ մի կապ չունեցող գրոհայինների մահը ոչինչ չի նշանակում, ի տարբերություն կանոնավոր բանակի զինվորների»։
Ի դեպ, այդ հանցագործների համար էլ պատերազմը Լեռնային Ղարաբաղում հեշտ չի անցնում։
Ինչպես հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները, սիրիացի գրոհայինների կորուստները շատ արագ են աճում, և շուրջ 200 արմատականներ արդեն խնդրում են տուն վերադառնալ: Ամենայն հավանականությամբ, «վճարովի արձակուրդ» այնքան էլ հաջող չի անցել, գրում է աղբյուրը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 19-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 195 անօդաչու թռչող սարք, 566 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6259 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 729 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։