Պատրաստ եմ ամեն տեղ լինել, միայն թե այս արհավիրքի դեմն առնվի. Սերժ Սրապիոնյան
ՆորություններՀՀ սփյուռքի նախկին փոխնախարար, ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դոցենտ, գրականագետ ՍԵՐԺ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ սեպտեմբերի 7-ին պատրաստվում է մասնակցել հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության նախաձեռնած հանրահավաքին եւ պահանջել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժականը: Թե ինչու որոշեց հենց Կամքականներին միանալ, եւ արդյոք հնարավոր չէր ձեւավորել ավելի լայն կոնսոլիդացիա, քանի որ այս օրերին նախատեսված մի քանի այլ հանրահավաքների օրակարգին առնվազն չէր հակասում Ա. Հարությունյանի հրաժարականի պահանջը, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից:
– Ավելի լայն կոնսոլիդացիայի հարցը քննարկել ենք: Այն ուժերը, որոնք քաղաքական պայքարի խնդիր չեն դնի, այլ կդնեն զուտ ազգայինի պահպանման խնդիր, իրենց հետ կմիանանք: Այս առումով ամենաթարմ օրինակը բերեմ. երեկ ստորագրել եմ մտավորականների խորհրդի մի հայտարարության տակ, որը բացում է այն վտանգավոր քաղաքականության ներքին երակը, որով այսօր գործում է Արայիկ Հարությունյանի գերատեսչությունը: Եթե լինի հարյուր այդպիսի նախաձեռնություն, որտեղ զգամ, որ խնդիրը վերաբերում է զուտ ազգային դիմագծի պահպանմանն ու նրա աղավաղման վտանգի դեմ պայքարին, պատրաստ եմ ամեն տեղ լինել, միայն թե այս արհավիրքի դեմն առնվի, եւ մեր ազգային ինքնությանը որեւէ վտանգ չսպառնա: Սա է ամբողջ խնդիրը, այսինքն` կոնսոլիդացիա կլինի, եթե խնդիրների մեջ քաղաքական երանգներ չներմուծվեն, այլ լինի զուտ մեր ազգային ինքնության խնդիրների շուրջ համախմբում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ