ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԻՍԱՀԱԿՅԱՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ ԷՐ
Արխիվ 12-16
ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԻՍԱՀԱԿՅԱՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ ԷՐ
Հայոց լեզվի եւ գրականության միամսյակը լի էր տարբեր միջոցառումներով, որից անմասն չմնաց նաեւ Մյասնիկյան գյուղի Արայի անվան միջնակարգ դպրոցը: Երեկ դպրոցում թեւածում էր իսահակյանական մթնոլորտը, իսկ առիթը «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով» խորագիրը կրող 8-րդ դասարանցիների միջոցառում էր` նվիրված մեծ գրող Ավետիք Իսահակյանին: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց դպրոցի Հայոց լեզվի եւ գրականության
ուսուցչուհի ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ու մանրամասնեց. «Նման միջոցառումները շատ կարեւոր են աշակերտների ուշադրության ու հետաքրքրության հորիզոնը դեպի հայ գրողները ուղղորդելու տեսանկյունից, քանի որ ե՛ւ զարգացնում են աշակերտների մտավոր ունակությունները, ե՛ւ ձևավորում նրանց գեղագիտական ճաշակը»: Թե որքան հաճախ են դպրոցում անդրադառնում անվանի գրողներին` միջոցառումների տեսքով, ընկեր Հարությունյանն
ընդգծեց. «Նախ ուշադրության կենտրոնում այն գրողներն ու մշակութային անձինք են, որոնց համար տարին հոբելյանական է։ Իսկ դպրոցի աշխատակազմի կոլեկտիվ աշխատանքը հանգեցնում է նրան, որ հայ ու համաշխարհային հայտնիներիշունչը ամեն շաբաթ է զգացվում»: Ըստ ուսուցչուհու. «Այսօր ունենք լավ սերունդ,որոնք կարողանում են զանազանել լավն ու վատը, նպատակասլաց են ու սիրում են ուշադրության կենտրոնում լինել ու ցուցադրել իրենց կարողություններն ու հնարավորությունները։Նրանց անսպառ էներգիան ճիշտ նպատակի ծառայեցնելով՝ հնարավոր է լինում ստեղծել առողջ ու ուսուցանող մթնոլորտ, ինչպիսին այս միջոցառումն էր»- եզրափակելով խոսքն` ասաց Տ. Հարությունյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ