«Հրապարակ». «Իմ քայլում» հավաքել են մարզային պատգամավորներին և հանձնարարական տվել
Արխիվ 16-20
«Նախօրեին «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է արել, բայց հրավիրված են եղել միայն մարզային պատգամավորները, այսինքն՝ նրանք, ովքեր խորհրդարան են անցել ռեյտինգային ցուցակներով։
Նիստը վարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Պատգամավորներին հանձնարարվել է ակտիվացնել տեղի բնակչության հետ շփումները, որոնք գրեթե դադարեցվել էին կորոնավիրուսի պատճառով, փորձել հասկանալ, թե ինչ խնդիրներ ունեն մարդիկ, դրանք ներկայացնել պատկան մարմիններին և հետևողական լինել դրանց լուծման հարցում։
Առաջիկայում մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են լինելու, և իշխող ուժը քննարկել է դրանց մասնակցության հարցը, պատգամավորներին ասել են՝ մրցունակ թեկնածուներ աչքի տակ առնել, որպեսզի կուսակցությունը քննարկի նրանց առաջադրման հարցը։
Այս օրերին մարզային ակտիվ այցելությունների, աջակիցների և գործընկեր ուժերի հետ հանդիպումների մեջ են նաև ընդդիմադիր կուսակցությունները․ իշխող ուժը որոշել է հակաքայլեր ձեռնարկել, մեղմել բնակչության դժգոհություններն ու լուծում տալ կուտակված խնդիրներին։ Ասվել է՝ թույլ մի տվեք, որ ընդդիմությունը դժգոհությունները գեներացնի և մեր դեմ օգտագործի։ Ի դեպ, ներկա են եղել ոչ բոլոր մարզային պատգամավորները»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: