Զոհված զինծառայողի ծնողին և ամուսիններին ապահովել անվճար կրթության իրավունքով․ խորհրդարանը նախագիծ է քննարկում
Արխիվ 16-20«Իմ քայլի» պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն առաջարկում է զոհված զինծառայողի ծնողին և ամուսիններին ապահովել անվճար կրթության իրավունքով։
«Առաջարկում ենք, որ պետությունն ամբողջությամբ տրամադրի հնարավորություն, որպեսզի զոհվածի ծնողներն ու ամուսիններն ունենան անվճար կրթության հնարավորություն և բարձրագույն կրթության միջոցով հետագայում իրենց արժանապատիվ աշխատանքի անցնեն», - խորհրդարանում՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն, ասաց պատգամավորը։
Սոֆիա Հովսեփյանն ընդգծեց, որ մտադրություն կա ընդլայնել օրենքի շրջանակն ու պետության հաշվին կրթություն ստանալու հնարավորությունը տարածել նաև զոհված զինծառայողների քույրերի և եղբայրների վրա, մինչդեռ այս պահին հստակ թվեր նման ուսանողների քանակի մասով չկան, այդ իսկ պատճառով պատգամավորը շեշտեց, որ հաշվարկները կատարելուց հետո այդ մասով ևս առաջարկներ կներկայացվեն։
Հովսեփյանն ասաց, որ այս պահին ընդհանուր առմամբ բուհերում սովորում է զոհված զինծառայողների 5 ծնող կամ ամուսին։