Ինչո՞ւ է խտրականություն դրվում վերեւների ու ներքեւների միջեւ. կրթության փորձագետ
Արխիվ 16-20«Հայաստանում ընդունված չէ «ընկածին» պաշտպանել, բայց մի բան ասեմ։ Նորմալ է, եթե հանգամանքները պարզելուց հետո` Սուրենավանի դպրոցի (ի դեպ, այդ դպրոցի տնօրենը Հայաստանի լավագույն տնօրեններից է։ Սա մասնագիտական առումով եմ ասում, չքաղաքականացնել) ուսուցչին ազատել են աշխատանքից։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ անպատիժ մնացին փակ տարածքում՝ Ազգային ժողովի դահլիճում, համաճարակային անվտանգության կանոնները խախտած, ծեծկռտուքի մասնակցած պատգամավորները։ Ինչո՞ւ է խտրականություն դրվում վերեւների ու ներքեւների միջեւ», - այս մասին գրում է կրթության փորձագետ ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի դասղեկը, որ աշակերտների հետ օրեր առաջ բացօթյա տարածքում խնջույքի է մասնակցել, ազատվել է աշխատանքից։ Այս մասին NEWS.am-ին հայտնել էր դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանը։
«Ես տեղյակ չեմ եղել, վարչապետի էջում նկարը հրապարակվելուց հետո ինձ զանգել են մարզպետարանից, այդ ժամանակ նոր իմացել եմ։ Դրանից հետո մարզպետարանում հանդիպում ենք ունեցել։ Ինձ խիստ նկատողություն է տրվել, ուսուցչուհին ազատվել աշխատանքից»,- ասել էր նա։
Տնօրենը պատմել էր, որ խնջույքը եղել է հունիսի 2-ին, կազմակերպել են աշակերտներն ու ծնողները եւ, չնայած դասղեկը հավանություն չի տվել այդ նախաձեռնությանը, բայց աշակերտների այն բազմաթիվ հորդորներից հետո, որ խնջույքը բացօթյա է եւ անվտանգ կլինի, ի վերջո համաձայնել է։
«Ուսուցիչն ինքն էլ գիտեր, որ արգելվում են նման հավաքույթները, ես բոլոր ուսուցիչներին, ծնողխորհրդի անդամներին զգուշացրել եմ, նախարարի, վարչապետի ցուցումները դպրոցի էջում տեղադրել եմ։ Մեր ավարտական դասարաններն անգամ ոչինչ չեն կազմակերպել։ Ատեստատները վերցնելուց անգամ իրենց ձեռքը չեմ սեղմել»,- նշել էր տնօրենը։
Աշխատանքից ազատվածը դպրոցի 23 տարվա ուսուցիչն է։ Նա դասավանդում էր «Պատմություն» եւ «Հայոց եկեղեցու պատմություն»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հրապարակել էր խնջույքից լուսանկարներ՝ որպես համաճարակային կանոնները խախտելու օրինակ։