ՆԻԿՈԼԻ ՏԱՍՆՅԱԿ ՀԱԶԱՐԱՎՈՐ «ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ» ԻՐԱԿԱՆ ՏԵՍՔԸ
Արխիվ 16-20
Հոկտեմբերի վերջերին Փաշինյանը հանդես եկավ հերթական «դարակազմիկ» հայտարարությամբ: Այսպես, նա իր ֆեյսբուքյան էջում գրեց հետեւյալը. «Սեպտեմբերին հայտարարել էի, որ նախորդ տարվա մայիսի համեմատությամբ Հայաստանում գոյացել է 65 հազար 37 նոր աշխատատեղ: Երեկվա դրությամբ 2018 թվականի մայիսի համեմատությամբ ավել աշխատատեղերի թիվը կազմել է արդեն 74 հազար 969: Սա շատ լավ նորություն է»:
Իհարկե պարզապես հրաշալի նորություն կլիներ, եթե դրա հետ մեկտեղ ներկայացվեր, թե կոնկրետ որտե՞ղ են բացվել այդքան «նոր աշխատատեղ»:
Բայց ահա գրեթե անմիջապես էլ սկսվեցին հակասությունները. եթե այդքան նոր աշխատատեղ կա, ապա ինչո՞ւ համապատասխանաբար չեն ավելանում նաեւ զինծառայողների համար հավաքագրվող հայտնի 1000 դրամների մուտքերը: Այսինքն, որ կա՛մ աշխատատեղերը չկան, կա՛մ դրանք նախկինում եղած եւ հիմա գրանցված աշխատատեղեր են, կա՛մ էլ, որ խոսքն այնպիսի աշխատատեղերի մասին է, որոնք միայն պայմանականորեն կարելի է այդպիսին համարել: Այսինքն, եթե մարդ իր տանը ինչ-որ բան է ստեղծում սեփական օգտագործման համար, կարող են հանգիստ համարել աշխատող, գրանցել: Բայց ահա, օրինակ, սեփական կովից տան օգտագործման համար պանիր սարքող գյուղացուն հարկեր չես պարտադրի, այդ թվում՝ բանակի համար 1000 դրամ մուծումը: Այսպես կարելի է աշխատատեղերի հսկայական թվեր նկարել, բայց մեջը բան չկա: Եվ ահա, վերջապես Փաշինյանի խոսքը կասկածի տակ առավ նաեւ պաշտոնական վիճակագրությունը: Այսպես, մոտավորապես նրա ներկայացրած ժամանակամիջոցի համար, ավելի կոնկրետ՝ այս տարվա սեպտեմբերի դրությամբ նա հայաստանյան աշխատաշուկայի պահանջարկների հետ կապված նման թվեր է ներկայացնում: Ամսական կտրվածքով պահանջվել է ընդամենը 1153 աշխատող (տե՛ս աղյուսակը): Բայց անգամ դա Փաշինյանի ասած «նոր աշխատատեղերի» հետ որեւէ աղերս չունի. դա եղած պահանջարկն է, որը կարող է առաջանալ, եթե ինչ-որ ձեռնարկության, ընկերության մի աշխատակից աշխատանքից դուրս է գալիս, եւ պահանջվում է նոր աշխատող: Ինչ վերաբերում է նոր ստեղծված աշխատատեղերում եղած պահանջարկին, ապա այստեղ վիճակագիրների ներկայացրած թիվը բառացիորեն ջարդուփշուր է անում Փաշինյանի ամեն մի 75 հազար աշխատատեղ: Այսինքն, նոր ստեղծված աշխատատեղերում պահանջվել է ընդամենը 13 աշխատակից: Նկատենք նաեւ աղյուսակից բխող հետեւյալ փաստը. տնտեսության հիմնական ոլորտներում՝ արդյունաբերությունում, շինարարությունում եւ այլն, որտեղ աճի հսկայական ցուցանիշներ են ներկայացնում, պահանջվել է 0 նոր աշխատող: 3 աշխատող պետք է եկել առեւտրում, 4-ը՝ կրթությունում, 6-ը՝ սպասարկման ոլորտում: Իհարկե, կարելի է ասել, թե` լավ, սեպտեմբերին նոր աշխատող չի պահանջվել, բայց ահա, օրինակ, օգոստոսին պահանջվել է մի 30-40 հազար: Բայց չէ, նույն վիճակագրությունը տարեսկզբից սկսած, ամսական կտրվածքով, ներկայացնում է աշխատանք փնտրողների մոտավորապես նույն ցուցանիշը՝ 82-84 հազարի կարգի: Եվ դա արդեն իսկ հուշում է, որ տարվա որեւէ ամսվա կտրվածքով աշխատանք գտնելու հարցում թռիչքներ ամենեւին էլ չեն եղել: Ի դեպ, այս վերջին մտքին զուգահեռ հիշեցնենք նաեւ, որ նույն պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին 9 ամիսներին երկրից հեռացել եւ չի վերադարձել ՀՀ մոտ 35.5 հազար քաղաքացի: Այսինքն, եթե աշխատաշուկայում դա տեղաշարժեր չի առաջացրել, նշանակում է, որ մոտավորապես այդ քանակի մարդ դարձել է գործազուրկ եւ հեռացել Հայաստանից:
Ս. ԱԲՐԱՄՅԱՆ