«Այս խորհրդարանն ի սկզբանե մեռելածին էր, պետք է կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ». ՀՀԿ փոխնախագահ
Արխիվ 16-20
ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ, այս իշխանության խնդիրները թվարկելով, Նիկոլ Փաշինյանին հորդորում է իրավիճակը փրկելու համար գնալ խորհրդարանական արտահերթ ընտրությունների, իսկ կառավարության այսօրվա վերադասավորումները ոչինչ չեն փոխի, ավելին կհանգեցնեն իշխանության հյուծման։ Իշխանության և ընդդիմության խնդիրների շուրջ է մեր զրույցը նրա հետ։
-Իշխանությունը պաշտոնանկությունների շքերթ է սկսել, ընդ որում, առաջինը հեռանում են ուժային կառույցների ղեկավարները։ Ձեր դիտարկմամբ, ի՞նչ է կատարվում իշխանությունում, ի՞նչ է փորձում անել մեկուկես տարի կառավարած Նիկոլ Փաշինյանը։
-Ցանկացած իշխանություն ունի տարբեր գործիքներ հընթացս կարգավորելու իր գործունեությունը և արձագանքելու հասարակության դժգոհությանը։ Սա առանձնահատուկ բան չէ, բայց այստեղ ենթատեքստն է կարևոր։ Փաստորեն, 2018-ի դեկտեմբերին 70 տոկոս ձայն ստացած իշխանությունից դժգոհությունն այնքան տեսանելի է, լայնամասշտաբ, որ կառավարումից 7-8 ամիս անց արձանագրում են սեփական գործունեության ֆիասկոն, դիմում այս փոփոխություններին ընտրություններից գրեթե ոչինչ չանցած։ Սա համակարգային ճգնաժամի մասին է խոսում։ Եթե այս փոփոխությունները լինեին 2-3 տարի հետո, բնական կհամարվեր։ Կառավարության վերջնական ձևավորումն ավարտվել է փետրվարին ու ընդամենը կես տարի հետո թափ տալ այդ կառավարությանը, նշանակում է արձանագրել ֆիասկո, հասկանալ, որ հասարակությունում կա խորքային դժգոհություն, հիասթափություն։ Փաշինյանի խոստումները և իրականությունն իրարից լուսային մղոններով հեռու են։ Սա նաև Նիկոլ Փաշինյան անձի կառավարման տապալումն է, որովհետև ողջ իշխանությունը կառուցված է իր անձի, վարկանիշի շուրջ։ Եվ կառավարությունում, և ԱԺ-ում եզակի մարդիկ կան, որոնք նստած չեն Փաշինյանի «շալակին»։ Վերջին ասուլիսում էլ նա խոստովանեց, որ պատահական խմբակցություն է ձևավորել։ Սրա մասին մենք խոսում էինք դեռ ընտրությունների նախաշեմին, որ ընտրությունների արդյունքում լինելու է խայտառակ, ոչ պրոֆեսիոնալ, սիրողական մակարդակի խորհրդարան, որը չի արտահայտելու Հայաստանի քաղաքական միտքը։ Այս մասին անձամբ Փաշինյանը ևս խոստովանեց։ Իր կատարած սխալների ողջ էությունը հասկանալու, մի պահ «զադնի» տալու փոխարեն նա հակառակ քայլերն է անում, հայտնվելով փակուղու մեջ, փորձում է կոտրել այն՝ ուժեղացնելով ճնշումները քաղաքական այլախոհների հանդեպ՝ օգտագործելով պետական ապարատը, աղմկահարույց գործեր է հարուցում, կոռուպցիոն պայքարը վերածում վհուկների որսի։ Սա կարող է սթրեսի նման տալ կարճաժամկետ արդյունք, բայց յուրաքանչյուր սթրես հանգեցնում է արագ հյուծման, անգամ այս վերադասավորումներից հետո հյուծումն անխուսափելի է։ 70-տոկոսանոց ընտրություններից հետո հանգիստ պայմաններում իր կառավարությանն ընդամենը 7-8 ամիս տվեց, որոնցից առնվազն կեսը նախկին իշխանության կադրերն էին։ Իսկ այսօր նա ունի որոշակի պարանոյա, նրան թվում է, թե անընդհատ իրեն հետևում են։ Սկսել է իր շուրջը տեսնել դիմադրության օջախներ, դավաճաններ։ Սա պարանոյիկ առաջնորդների դասական օրինակ է։ Հռոմեական տապալված կայսրերը հիմնականում պարանոյիկ են եղել։ Իսկ քաղաքական պարանոյան ոչ միայն Նիկոլի քաղաքական կյանքն է կարճացնելու, ցավոք, վտանգներ ունի նաև երկրի համար։ Այս իշխանություններն ի սկզբանե համարժեք չէին Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերներին։ Տեսեք, թե ինչ է քննարկում հայ հասարակությունը վերջին 1,5 տարում ու ինչ է կատարվում աշխարհում։ Տպավորություն է, թե հեռավոր սարերում մի գյուղ է, որը չի հասկանում, թե ինչ է կատարվում իր շուրջը։ Նրա գեղջկական քաղաքական օրակարգով, քաղաքական պարզունակ էլիտայով (ինքը ևս լինելով այդպիսին) չի կարող մեր երկիրը երկար դիմադրել։ Պետք է նաև խիզախություն ունենա խոստովանելու, որ տասնյակ հազարավոր պրոֆեսիոնալների շնորհիվ, որոնք տարբեր ոլորտներում երկար տարիներ աշխատում են, կոփվել, երկիրն իր կառավարման ընթացքում միանգամից չի փլուզվել։
-Դուք խոսեցիք իշխանության խնդիրներից, սակայն յուրաքանչյուր երկրում իշխանության հզորությունը պայմանավորված է նաև ուժեղ ընդդիմությամբ։ Նախ խորհրդարանական ընդդիմության մասին. ի՞նչ եք կարծում, խորհրդարանական երկրի ընդդիմությունը ստեղծու՞մ է քաղաքական օրակարգ, կարողանու՞մ է ճիշտ ուղղորդել իշխանությունը։ Ձեր նշած իշխանության պարզունակ օրակարգին հակադրում են հարուստ, բովանդակալից օրակարգ։
-Խորհրդարանի ձևավորման հենց սկզբից ակնհայտ էր, որ այն չի ունենալու ֆունկցիոնալ, լիարժեք, արմատական ընդդիմություն։ Ընդդիմադիր ուժերից մեկը՝ ԲՀԿ-ն, քաղաքական երկար փորձառություն ունի, բայց օրակարգի հետ կապված, խիստ տեսանելի սահմանափակում, կաշկանդումներ, իսկ ԼՀԿ-ն հայտնվել է խորհրդարանում՝ Փաշինյանի հետ գործարքի գնալով։ Փաշինյանն այս փաստը ԱԺ դահլիճում շրխկացրեց նրանց դեմքին, երբ փորձում էին մի անմեղ հարցի առնչությամբ ծպտուն հանել։ Նիկոլն ասաց, որ եթե երկրում փոփոխություն չի եղել, 18 հոգով ինչպե՞ս եք հայտնվել ԱԺ-ում։ Ակնհայտ էր, որ ի սկզբանե ԼՀԿ-ն Փաշինյանի հետ գործարքի էր գնացել, սա երևում էր և քարոզարշավի, և հետընտրական զարգացումների ժամանակ։ Մենք դիրքավորված արմատական ընդդիմություն հենց սկզբից ԱԺ-ում չենք ունեցել։ Ավելին, եթե ԲՀԿ-ին հաջողվում է պահպանել սեփական քաղաքական ինքնավարությունը, ապա ԼՀԿ-ն ամբողջությամբ դարձել է Փաշինյանի երկրորդ ձեռքը ԱԺ-ում։ Այն օրինագծերը, որոնք իշխանությունն ուզում է անցկացնել և չի ուզում սեփական ձեռքով անել, գցում են ԼՀԿ-ի գրպանը։ Որքան էլ այդ խմբակցության ղեկավարը եթերից փորձի մեզ հաթաթաներ տալ, մենք իրեն և իր կուսակցությանը շատ լավ գիտենք։ Ինքն էլ լավ գիտի, որ նախորդ խորհրդարանում ունենալով ընդամենը 3 ԼՀԿ-ական պատգամավոր, շատ ավելի լուրջ կշիռ ուներ ու ազդեցություն, քան այսօր, որ ունի 18 պատգամավոր։ Երբ եթերով ճարահատյալ փորձում է նախորդ ռեժիմին հաթաթաներ տալ և ասել, որ ուժայիները ձեզ հետ հաց կերած, խմած մարդիկ են և հացուրաց չեն, ուզում եմ իրեն հիշեցնել, որ նա իմ, Շարմազանովի, Արփինեի, Հրայր Թովմասյանի և բազմաթիվ այլ ՀՀԿ-ականների հետ երկար տարիներ հաց կիսած մարդ է։ Եթե սա պետք է իրեն կաշկանդեր, նա պետք է այն մարդկանց հանդեպ, որոնց հետ քաղաքական ճանապարհ է անցել, շատ ավելի զուսպ ու բարոյական լիներ իր ձևակերպումների մեջ։ Հետևաբար Էդմոն Մարուքյանը լավագույն ապացույցն է, որ կարելի է հաց կիսել և շատ արագ ուրանալ ու մոռանալ։ Եթե Էդմոն Մարուքյանը դա կարող է անել, կարող են անել նաև ուժայիններում աշխատող այլ մարդիկ։ Հատկապես այսօր ակներև է, որ այս խորհրդարանը չի ներկայացնում հանրային քաղաքական ողջ ներկապնակը։ Ի սկզբանե չկային ազգային ուժեր՝ մենք և ՀՅԴ-ն։
-Այսօրվա խորհրդարանի ընդդիմությունը կրկին քաղաքական հակառակորդ է համարում ոչ թե իշխանությանը, այլ նախկին ռեժիմին՝ ՀՀԿ-ին։ Ինչու՞ նրանք չեն կենտրոնանում այս իշխանության սխալների վրա։ ՀՀԿ-ից մտավախություննե՞ր ունեն։
-ԼՀԿ-ն անգամ տրոհվելուց հետո Փաշինյանի քաղաքական հետևակն է, իսկ ԲՀԿ-ն դեռևս հաջող պայքարում է իր ինքնավարության համար։ Իսկ մտավախություններ կարող են ունենալ, որովհետև մենք, մասնավորապես ես, շատ բան գիտենք նրանց քաղաքական գործունեության մասին։ Ի դեպ, ինչպես մեր կառավարման ժամանակահատվածում, այնպես էլ հիմա։ Եվ քաղաքական պատասխաններ տալու ժամանակը գալու է, կապ չունի դրան նրանք խանգարելու են, թե ոչ։ Այս պահին նրանք փաշինյանական պատանդներ են, որոնք տառապում են ստոկհոլմյան համախտանիշով, կայֆ են ստանում այն բանից, որ իրենց պատանդ են վերցրել և ամբողջությամբ մտել են այդ դերի մեջ։ ՈՒզում եմ առիթից օգտվել ու ասել, որ հեռու մնան ՀՀԿ-ից առհասարակ։ Հասկանում եմ, որ նրանց ակտիվության պատճառներից մեկն էլ այն է, որ մենք քննադատության թիրախում պահում ենք Նիկոլ Փաշինյանին և նրա թիմը։ ԼՀԿ-ին թվում է, թե իրենք կարող են, այսպես ասած, կրակն իրենց վրա քաշել և մեզ «իջեցնել» Նիկոլի վրայից։ Դա չի ստացվելու, մեր ռեսուրսները հերիքելու են և պատասխաներ տալու ԼՀԿ-ին, և չմոռանալու հիմնական քաղաքական թիրախի, նպատակների մասին։
-Հիմա արտախորհրդարանական ընդդիմության մասին. տպավորություն կա, որ այսօր քաղաքական օրակարգ է փորձում ձևավորել արտախորհրդարանական ընդդիմությունը...
-Չի փորձում, հենց մենք ենք այդ օրակարգը ձևավորում։ Տեսեք՝ քաղաքական ինչ հարցեր են Հայաստանում քննարկվում ու դրա «քավորը», բարձրաձայնողը, տերը ով է։ Ի՞նչ խորհրդարանի մասին է խոսքը, երբ խորհրդարանի լիազորությունները անտեսելով, ոտնահարելով Սահմանադրությունը, առանց ԱԺ-ի թույլտվությունը հարցնելու, Նիկոլը ինքնակամ որոշել է Սիրիա ուղարկել զորախումբ։ Անունն ինչ ուզում եք դրեք՝ բժիշկներ, սակրավորներ։ Փառք ու պատիվ նրանց, աշխարհի որ ծայրում էլ եղել են, մեր եռագույնի պատիվը բարձր են պահել։ Բայց սա չի նշանակում, որ նրանք Փաշինյանի անձնական զինվորներն են և ուր ցանկանա, նրանց կուղարկի՝ իր քաղաքական շահերը սպասարկելու համար։ ԱԺ մեծամասնությունից, ընդդիմությունից ծպտուն լսե՞լ եք, որ սա հակասահմանադրական քայլ է, որ ԱԺ-ն շրջանցել եք, բանի տեղ չեք դրել։ Ձայն բարբառո հանապատի։
-Ի դեպ, վերջին թարմ օրինակն էլ, երբ ԱԺ նախագահը խոսեց ՍԴ-ում իրավիճակ փոխելու մասին։ Հիմա էլ փաստորեն խորհրդարա՞նն է իշխանության մյուս ճյուղի իրավունքները ոտնահարում։
-Գործադիր իշխանությունն ամռանը հարձակում էր կազմակերպել ՍԴ-ի վրա, բայց նա ստացավ իր ծնոտին, և առաջին հարձակումը տապալվեց։ Դադար էին վերցրել, որպեսզի ուժերի վերադասավորում անեն և ուղիներ փնտրեն։ Հիմա խրամատներից դուրս են եկել ու երկրորդ հարձակումն են ծրագրում։ Այս անգամ օրենսդիր մարմինը միացել է գործադիրին՝ ճնշելու դատական իշխանությանը։ Սա ԱԺ-ի վերջնական վարկաբեկման գործընթացն է։ Եթե մեր ժամանակ մեզ ասում էին` կնոպկա սեղմող, մենք ունեինք տասնյակ պատգամավորներ, որոնք այդ քաղաքական մարմնի զարկերակը արյունով լցնում էին ու ռիթմ հաղորդում։ Բնական է, որ քաղաքական մեծամասնությունը պետք է միասնական քվեարկի, դա ոչ մեկը չի վիճարկում, բայց բովանդակություն այս մեծամասնությունը չի ստեղծում, սպասարկում է բացառապես մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանին։ Ի դեպ, սա նաև այն հիմնավորումներից մեկն է, թե ինչու առաջիկայում պետք է կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որովհետև այս խորհրդարանն ի սկզբանե մեռելածին է, քաղաքական օրակարգ ձևավորող չէ, քաղաքական ողջ ներկապնակը չի ներկայացնում, նոր ձևավորված կառավարությունը մեկ անձի թատրոն է։ Վերցնելով իշխանության ողջ բեռն իր վրա, Փաշինյանը մնացել է տակը։ Եթե չի ուզում, որ քաղաքական ցնցումներ լինեն երկրում, այսօրվանից պիտի մտածի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, որն իրեն էլ է ձեռնտու։
-Ինչպե՞ս է ձեռնտու, այլևս չկա նախկին վարկանիշը, և խորհրդարանում նա չի կարող մեծամասնություն կազմել։
-Եթե նա ունի քաղաքական ինքնապաշտպանության բնազդ, պետք է հասկանա, որ դա իրեն ձեռնտու է։ Եթե հայտարարի, որ, օրինակ, մյուս տարվա գարնանը խորհրդարանական ընտրություններ կլինեն, քաղաքական, սոցիալական, անվտանգային ցնցումներ Հայաստանում չեն լինի, իսկ լինելու դեպքում էլ հնարավոր կլինի քաղաքական պատասխանատվությունը կիսել մի քանի ուժերի միջև։ Իսկ ինքն էլ կունենա բավարար վարկանիշ գոնե 30 տոկոս ձայն հավաքելու և, որպես գործոն, քաղաքական կյանքում մնալու։ Սա նվազագույն կորուստներով ծրագրված նահանջի ճանապարհ է։ Եթե խելոք մարդ կա Փաշինյանի կողքին, պետք է սա ամեն օր ականջին կաթեցնի։ Պետք է բացատրեն Փաշինյանին, որ չես կարող այս ամենից դուրս գալ, տակն ես մնացել, արի վերափոխենք համակարգը, կառավարություն թափ տալով կարճաժամկետ արդյունք կլինի, որը հետո հյուծման կբերի։ Քանի վարկանիշ ունի, ֆորսմաժորներ չեն եղել, պետք է գնա այս քայլին։ Պատվով մի քանի քայլ նահանջի՝ մնալով երաշխավորված կշռով ու որոշակի վարկանիշով քաղաքական ներկապնակում։ Կլինի իշխանություն, թե ընդդիմություն, դա էլ ընտրությունները ցույց կտան, բայց չի կործանվի ու չի կործանի։
-Երբ խոսում եք արտահերթ ընտրություններից, հարց է առաջանում՝ իսկ ՀՀԿ-ն այդ ընտրություններին պատրա՞ստ է։ Կկարողանա՞ք այդ պայքարից այս անգամ հաղթանակած դուրս գալ՝ առնվազն անցողիկ շեմը հաղթահարելու պայմանով։
-Մենք դեկտեմբերյան ընտրություններում կարողացանք փայլուն քարոզարշավ կազմակերպել, երբ առկա էին համատարած ճնշումներ, ատելության մթնոլորտ (Փաշինյանը դեռ պետք է պատասխան տա հոկտեմբերի 2-ի հակասահմանադրական քայլի համար, Արմեն Սարգսյանը պետք է պատասխան տա ԱԺ-ի օրենքը չստորագրելու և Նիկոլի ջրաղացին ջուր լցնելու համար) և հաղթահարել 5-տոկոսանոց շեմը։ Իշխանափոխությունից հետո այնքան մութ պատմություններ են ի հայտ գալու, թե ինչպես էին ՀՀԿ-ի ձայները բաշխվում այլ տեղերում։ Երբ ասում են, թե վարչական ռեսուրսի կարիք չի եղել, մեզ խաբում են։ Ինչի՞ համար է պետք այդ ռեսուրսը։ Որպեսզի չթողնեին, որ ՀՀԿ-ն անցնի, ահաբեկեին մեր կողմնակիցներին, մեկը ինձ։ Շտաբ չկարողացա բացել, որովհետև մարդիկ վախենում էին շտաբի տարածք տրամադրել։ Ով էլ մոտենում էր ինձ, հայտնվում էր նրանց թիրախում։ Եթե այս իրավիճակում մենք 5 տոկոսը հաղթահարել ենք, հիմա խնդիր չունենք, դեռևս մի քանի ամիս առաջ միջազգային ինստիտուտներից մեկի հարցումներից պարզվեց, որ մենք երրորդ տեղում էինք։ Այսօր մեր գնահատականով ունենք 10-12 տոկոս։ Խնդիրը միայն մեր՝ խորհրդարանում հայտնվելը չէ, այլ ՀՅԴ-ն, նորաստեղծ քաղաքական միավորումները։
-Հասարակական որոշակի վերաբերմունք կա նախկին նախագահների և նրանց թիմակիցների հանդեպ։ Հիմա կան քոչարյանական, սարգսյանական թևեր, Միքայել Մինասյանն է իր կողմնակիցներով փորձում խաղի մեջ մտնել։ Այս երեք թևերը միմյանց հետ համերա՞շխ են, կարո՞ղ են համագործակցել, թե՞ ընդդիմության տեղի համար պայքար կա։ Ինչպես Դուք եք ասել՝ ձուկը դեռ ջրու՞մ է։
-Այո, ձուկը դեռ ջրում է։ Իմ այդ հոդվածը Միքայել Մինասյանի հոդվածի պատասխանն էր։ Սա լավ երկխոսություն է, մենք փորձում ենք քաղաքական կյանքին որակ հաղորդել։ Ոչ թե «Дурак! Сам дурак!» այս իշխանության պարզունակ սկզբունքը, որ նրանց կրեդոն է դարձել, այլ որակ քաղաքական օրակարգին։ Քաղաքականությունը պահանջում է գիտելիք, միտք, այն ինտելեկտուալ զբաղմունք է։ Մի նայեք, որ այսօր այդպես չէ։ Այս տեսակետից Մինասյան-Աշոտյան էպիստոլյար ժանրը կարևոր և հետաքրքիր է։ Արտախորհրդարանական խաղացողներին միայն Ձեր նշածներով չէի սահմանափակվի։ Կան ՀՅԴ-ն, նորաստեղծ միավորումներ։ Համագործակցության դաշտ միշտ կա, օրակարգ միշտ կարելի է ստեղծել։ Մենք միմյանց հետ չունենք այնպիսի անհաղթահարելի տարաձայնություններ, որոնք կարող են չեղարկել որևէ պոտենցիալ համագործակցություն։ Բայց այդ համագործակցությունը չի կարող լինել ինքնանպատակ։ Այդ համագործակցությունը տակտիկական առումով այսօր էլ կա։ Եթե քաղաքական կյանքը գնալու է բևեռացման ճանապարհով՝ Նիկոլ-հականիկոլ, սա շատ վատ սցենար է երկրի համար, մենք տեսել ենք, թե նման սցենարները ինչպես են ցնցում երկիրը, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյան-Վազգեն Մանուկյան դիմակայությունն էր։ Քաղաքական դուելները խորհրդարանական հանրապետության պարագայում սխալ ձևաչափ են։ Նիկոլը չպետք է այս օրակարգին հանգեցնի, սա սխալ է։ Եթե, այնուամենայնիվ, Արցախի և Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրի մարտահրավերները սեղմող օղակի տեսքով դրսևորվեն, բնականաբար հականիկոլ բևեռը ձևավորվելու է։ Սա չի լինելու Նիկոլի դեմ բևեռ, սա լինելու է հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության բևեռ։ Ի տարբերություն նրանց, մենք չենք կառուցում քաղաքական պայքարը անձնական հակադրությունների դաշտում։ Նիկոլի երազանքը՝ թաղել ՀՀԿ-ն, կյանքի չի կոչվել, որովհետև մենք ոչ միայն մնացել ենք, այլև այսօր բոլոր ուժերի ներածի չափով իշխանական բարիքները վայելելու իր ցանկությունը մղձավանջի ենք վերածում։ Փաշինյանն առանց մեզ չի կարող։ ՀՀԿ-ն ուզում էին թաղել, մի բուռ հող լցնել վրան, բայց այդ հողն իրենք են կուլ տվել ու մնացել է կոկորդներին։ Ավելին, առանց ՀՀԿ-ի որևէ ընդդիմադիր բևեռ ձևավորվել չի կարող։ Սա փաստ է, քանի որ մենք քաղաքական ռեսուրսներ, թիմ, միջազգային կապեր ունեցող եզակի քաղաքական միավոր ենք։
-Մեր հասարակությունը սիրում է առաջնորդների հետևից գնալ։ Արտախորհրդարանական ուժերի առանցքում ո՞վ պետք է լինի, լիդերի հարցը քննարկման տիրույթու՞մ է։
-Ես այդ մեխանիզմին դեմ եմ։ Լիդերի համար չեն բանակցում, պետք է լինի մեկը, որին բոլորն ընդունում են։ Հրամանատարի համար բանակցել կարող ես։ Եթե պատմական զուգահեռների դաշտում այս ամենը դիտարկենք, Փաշինյանի այսօրվա քաղաքականությունը բերելու է քաղաքական Վաթեռլոոյի, երբ կողմերը շատ պարզ են։ Նապոլեոնի դերում լինելու է Փաշինյանը, իսկ մյուս դերում լինելու են հականապոլեոնական կոալիցիան, որտեղ չկա լիդեր հասկացությունը։ Այս դեպքում լիդերության հարցը ստորադասվում է նպատակին։ Կապ չունի լիդերը, մենք համագործակցելու ենք՝ չեզոքացնելու համար Արցախի և Հայաստանի գլխին դամոկլյան սրի նման կախված վտանգները։ Արդեն սկսում եմ մտածել, որ այս իշխանությունը դիտավորյալ վատ կառավարում է իրականացնում։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ