«ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՄԱՐԴՈՒ ՏԵՂԸ ԿԱԼԱՆԱՎԱՅՐՆ Է, ԵԹԵ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ՉԵՍ ԱՐՏԱԳԱՂԹԵԼ»
Արխիվ 16-20
Նորք-Մարաշ խմբի ղեկավար, արդեն 4 տարի անազատության մեջ գտնվող ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, որին առողջական վատթար վիճակում տեղափոխել էին Մաշկաբանական կենտրոն, նախորդ շաբաթ մերժել են պետպատվերի ուղեգիր տալ` ասելով, թե «ինչո՞ւ պիտի պետությանը նեղություն տանք, գնա քո բուժումը ստացիր ՔԿՀ-ում»: Ի դեպ, ՔԿՀ նախաձեռնությամբ էր Ա. Վարդանյանը տեղափոխվել հիվանդանոց, քանի որ այնտեղ չէին կարողացել նրան տրամադրել համապատասխան դեղորայք եւ հսկողություն: Այս մասին «Իրավունքին» տեղեկացրեց Ա. Վարդանյանի կինը` ԱՇԽԵՆ ՍՈՒՄԲՈՒԼՅԱՆԸ:
- Ի վերջո, պետությունն է պատասխանատու Արթուրի կյանքի եւ առողջության համար` առնվազն հաշվի առնելով նրա կալանավոր լինելու կարգավիճակը, բայց արդյունքում` ավելացել է եւ ախտորոշվել է եւս մեկ հիվանդություն, որի բուժման համար պայմաններ չկան կամ չեն ապահովում ՔԿՀ-ում, իսկ հիվանդանոցի անձնակազմը պետությանը չի ուզում վնաս տալ, ստացվում է կալանավորին պետք է բուժեն հարազատները, բազմիցս ասել եմ, որ ՀՀ բանտերում եւ կալանավայրերում կալանավորին պահում են հարազատների հաշվին, եթե Արթուրի առողջական խնդիրները նախկինում չլուծվեին հարազատների միջոցներով, ապա այսպիսի անտեր վիճակ էր լինելու եւ գուցե կլիներ ողբերգական ու անդառնալի£ Ո՞ւր է պետություն ասվածը, եթե չես կարող կալանավոր պահել` այն էլ ապօրինի կալանքի տակ պահելով, ուրեմն` միջոցներ ձեռնարկիր, որ մարդը ազատության մեջ իր բուժումը ստանա, ոչ թե կալանքի տակ խոշտանգումների ենթարկեք` Առողջապահության նախարարությունը արդարադատության վրա է գցում, վերջինս էլ` հիվանդանոցի, սա էլ իրա հերթին ասում է ՔԿՀ-ն թող զբաղվի, փաստաբանները` դատական համակարգին եւ այսպես շարունակ: Այսպիսով` մի կառույցը մյուսին մեղադրելով, ամեն մեկն իր հերթին անգործության մատնվելով` մասնակիցն են դառնում այն հանցագործություններին, որոնք իրականացվում են Արթուր Վարդանյանի հանդեպ: Դրա հետեւանքով 4 տարի առանց վճռի կալանքի տակ է մի մարդ, ով արտերկրից եկավ ու ուզեց, որ ձեզանից յուրաքանչյուրը ապրի այնպիսի Հայաստանում, ուր մարդը պետք է լինի բարձրագույն արժեք... Այսօրվա իշխանությունը խոսում է միայն սելֆիներից, լայվերից, մինչդեռ անկարող է կամ էլ չի կամենում, ուղղակի վերահսկել, որ ամեն կառույց իր տեղում լինի, ու ամեն ոք` իր գործին, հակառակ դեպքում` հիմա Արթուրը կալանքի տակ չէր լինի... Այս երկրում արժանապատիվ մարդու տեղը կալանավայրն է, եթե, իհարկե, վերջնականապես չես արտագաղթել: Այն Հայաստանը, որի մասին խոստանալով` հեղափոխություն տեղի ունեցավ` չի կարող լինել առանց արդարադատության եւ առողջ հասարակության: Այսօր չես կարող ունենալ ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը, քանի որ երկուսն էլ հասանելի չեն սովորական քաղաքացիների համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ