«Պարային հրաշք սերունդ ունենք». Գագիկ Թադեւոսյան (Տեսանյութ)
Արխիվ 16-20
Կրկին հայրենիքում էր ՀՀ վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի մենակատար, գրեթե մեկ տարի արդեն Միացյալ նահանգներում բնակվող ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ: Նա ձեռնունայն չէր վերադարձել Հայաստան, այլ եկել էր ստեղծագործական նորություններով: Վերջերս Գ. Թադեւոսյանը մասնակցել է Ֆրանսիայում տեղի ունեցած միջազգային պարի մրցույթի եւ արժանացել Գրան պրի մրցանակի: Իսկ արդեն Երեւանում Գ. Թադեւոսյանը, որպես լոսանջելեսյան Heritage Dance & Cultural կենտրոնի գլխավոր պարուսույց, նույն կենտրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Նարինե Պետրոսյանի հետ կազմակերպեց Heritage Dance & Cultural պարի անդրանիկ փառատոնը, որին մասնակցեցին տարբեր մարզերից եզրափակիչ փուլ անցած լավագույն 8 պարային խմբերը: Փառատոնի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը նրա հետ:
- Գագիկ, փառատոնի կազմակերպչական հարցերում բավականին ծանր բեռ էր ձեզ վրա: Այսօր, երբ արդեն փառատոնը կայացած փաստ է, որքանո՞վ են արդարացվել սպասումները:
- Սպասումներն արդարացվեցին, նույնիսկ իմ պատկերացրածից էլ առավել էր: Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին, իմ ընկերներին, ովքեր օգնեցին կազմակերպել այսպիսի հրաշք փառատոն: Ուզում եմ նաեւ ողջունել բոլոր մասնակիցներին, որոնք կյանքի կոչեցին այս փառատոնն իրենց հրաշք պարերով եւ, իհարկե, շնորհակալություն հայտնել Նարինե Պետրոսյանին եւ Heritage կենտրոնի Լոս Անջելեսի սաներին:
- Որպես պարուսույց՝ ինչպե՞ս կգնահատեք մասնակից պարային խմբերի կատարած աշխատանքը:
- Բոլորի աշխատանքները փայլուն էին, եւ ես ինքս հրաժարվել էի ժյուրիի կարգավիճակում լինելուց, քանի որ բոլորն էլ հավասար են ինձ համար: Ուրախ եմ, որ մեր երկրում չկան շրջանի պարողներ եւ Երեւանի պարողներ տարանջատումը, քանի որ բոլորն էլ նույն մակարդակի վրա են: Պարային հրաշք սերունդ ունենք: Այնպես որ, շնորհավորում եմ բոլորիս այս հաղթանակի համար եւ կապ չունի, թե ովքեր մրցանակի արժանացան, ովքեր՝ ոչ: Շնորհակալ եմ նաեւ բոլոր ծնողներին, ովքեր շրջաններում իրենց երեխաներին պարի են տանում, պահում են մեր ազգային, ժողովրդական, ինչու ոչ, նաեւ այլ ազգերի պարարվեստը:
- Կարո՞ղ ենք ասել, որ հաջորդ տարի փառատոնն ավելի մասշտաբային է լինելու:
- Անշուշտ, ավելի շատ մեծ են շանսերը, որ մյուս տարի մեր շրջանների երեխաները կմրցեն նաեւ աշխարհի տարբեր օտարերկրյա պարախմբերի հետ, եւ փառատոնը կլինի միջազգային չափանիշներին համապատասխան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.