«Կոչ ենք անում ձեզնից յուրաքանչյուրին՝ միանալ մեր շարժմանը». «Կամք» (Տեսանյութ)
Արխիվ 16-20Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» hասարակական նախաձեռնությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ դիմելով հայրենիքի համար զոհվածների ընտանիքների անդամներին եւ հարազատներին, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Երկրապահ Կամավորականների Միության առաջնորդներին, անդամներին, ԱՍԱԼԱ-ի նախկին անդամներին, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ հրամանատարներին, սպաներին եւ զինվորներին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հարգելի՛ հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ, մարդկային քաղաքակրթության ակունքներից հայ մարտիկի կերպարը հայտնի է մարդկությանը: Պատմության բոլոր ոլորաններում հայ մարտիկը զարմացրել է իր նվիրումով, քաջությամբ, սկզբունքայնությամբ ու հնարամտությամբ:
Ոչ միայն հայրենիքի, այլ նաեւ հին ու նոր կայսրությունների բանակներում եւ բոլոր արդար ու նվիրական դատերի պաշտպանության մեջ հայ ազատամարտիկի տիպարը հանրահայտ է՝ սկսած նախապատմական, թե դասական պատմության օրերից մինչեւ այսօր:
Սակայն այսօր, Ստամբուլյան կոնվենցիայի միջոցով, դարանակալ մեր թշնամիները արշավ են սկսել՝ արմատից վերացնելու հայի հենց այդ տեսակը:
Հայի տեսակը, նրա մշակույթը, հասարակական կառուցվածքը՝ բնափոխելով, փորձ է արվում ի բնե ստրկացնել մեր ժողովրդին:
Մենք երդվել ենք թույլ չտալ նման բան եւ Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» Հասարակական նախաձեռնության անունից սույնով դիմում ենք Ձեզ, կոչ անելով Ձեզնից յուրաքանչյուրին, միանալ մեր շարժմանը:
Մեր պարտքն է առաջիկա օրերին եւ շաբաթներին համախմբել հայությանը գերագույն մեկ սկզբունքի ներքո, այն է՝ անառիկ դարձնել հայկական ավանդական ընտանիքի հիմքը, որովհետեւ հենց այնտեղ է ծնվում հայ հերոսական մարտիկի կերպարը:
Այս պայքարում չկան նեղ անձնական, կուսակցական, փառքի կամ նյութական շահեր, սա յուրաքանչյուր հայի պայքարն է՝ հանուն հայկական հազարամյա արժեքների եւ հետեւաբար գոյությանը:
Սպասում ենք բոլորիդ՝ լեգենդար առաջնորդներ ՀՀ ՊՆ ու ԼՂՀ ՊԲ շարքային զինվորներ, Բեռլինն ազատագրող վետերաններից մինչեւ ապրիլյան պատերազմի հերոսներ, վետերանների միությունների առաջնորդներ եւ առօրյա կյանքով ապրող անանուն նվիրյալներ, տեր կանգնեք Ձեր պահպանած ավանդությանը, հայ մարտիկի նվիրական կերպարին, հենց այսօր, վաղն արդեն ուշ կլինի»: