«Իդլիբում նոր հումանիտար աղետը կարող է մի քանի անգամ գերազանցել 2015 թվականի ճգնաժամը». Չավուշօղլու
Արխիվ 16-20
Սիրիայի Իդլիբ նահանգում նոր հնարավոր հումանիտար աղետը ռազմական գործողությունների շարունակման դեպքում կարող է գերազանցել այս տարածաշրջանում 2015 թվականին տեղի ունեցած ճգնաժամը, գրում է ria.ru-ն՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը հղումով:
«Աստանայում և Սոչիում մենք Ռուսաստանի և Իրանի հետ գործադրում ենք ջանքեր՝ Սիրիայի խնդրի կարգավորման հարցով: Վերջին շրջանում (սիրիական) ռեժիմը խախտում է Իդլիբում հրադադարը, և մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի կանխենք դա: Ես կոչ եմ անում բոլորին աջակցել Իդլիբում մեր ջանքերին, այլապես նոր հումանիտար աղետը կարող է մի քանի անգամ գերազանցել 2015 թվականի ճգնաժամը»,- հայտարարել է Չավուշօղլուն Անկարայում Թուրքիայի դեսպանների 11-րդ խորհրդաժողովում ելույթի ընթացքում:
Հինգշաբթի երեկոյան Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում Սիրիայի խնդրի շուրջ բանակցությունների ֆոնին Դամասկոսը հայտարարել էր Իդլիբի դեէսկալացիայի գոտում հրադադարի ռեժիմի մեկնարկի մասին՝ պայմանով, որ զինված խմբավորումները հետևեն Սոչիի պայմանավորվածություններին: