Բացվեց Արամ Մանուկյանի հուշակոթողը՝ Սարդարապատի հուշահամալիրում
Արխիվ 16-20
Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում բացվեց Հայաստանի առաջին հանրապետության պետական-քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի 140-ամյակին նվիրված հուշակոթող: Այն վեց մետր բարձրությամբ կարմիր տուֆից կերտված կոթող է, որը կառուցվել է Տորոնտոյում Հայաստանի պատվո հյուպատոս Վան Լապոյանի հովանավորությամբ: Հեղինակներն են՝ ճարտարապետ Հայկ Ասատրյանը և քանդակագործ Արտակ Համբարձումյանը:
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի կենտրոնական ցուցասրահում այս օրերին ներկայացվում է «1918թ․ Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին հանրապետությունը» խորագրով հիմնական ցուցադրությունը։
Ի դեպ, հիշեցնենք , որ օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նախագահ Արմեն Սարգսյանի, հանրապետության բարձրագույն ղեկավարության և Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը, ծաղկեպսակ դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Այնուհետև մասնակցել Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր, պետական քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակին նվիրված հուշակոթողի բացմանը:
Այնուհետև վարչապետը միջոցառման մասնակիցների հետ Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում դիտել է «Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորումը և մայիսյան հերոսամարտերի պատմությունը» խորագրով ցուցահանդեսը: