Ինչու է «Դինգա» եւ «Մեդֆորմին» դեղերի բացթողումը ուշացրել Առողջապահության նախարարությունը
Արխիվ 16-20Տեւական ժամանակ է, ինչ խմբագրությունը ահազանգեր է ստանում տարբեր քաղաքացիներից, որ պոլիկլինկաներում բացակայում են որոշ դեղամիջոցներ, որոնք քաղաքացիներին տրմադրվում է պետպատվերի շրջանակում: Մասնավորապես, շատ են շաքարային դիաբետով հիվանդների դժգոհությունը, որոնց դեղորայքը իր միջոցներով պետք է ձեռք բերի եւ տրամադրի պետությունը:
Թե ինչ կարեւորություն ունեն այդ դեղամիջոցները դիաբետիկների համար, թերեւս իմաստ չունի ընդգծել: Մինչդեռ մարդիկ չեն ստանում, ու նրանցից շատերն էլ միջոցներ չունենալով, պարզապես ի զորու չեն «հոր գնով» դեղատներից այդ դեղերը գնել: Ուրեմն, ո՞րն է խնդիրը, որ գնալով պոլիկլինիկաներ, ժամերով սպասելուց հետո, նրանց տեղեկացնում են, որ դեղերը չկան, եւ որ չգիտեն, թե երբ կլինի: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից` հաշվի առնելով, որ պոլիկլինիկաները վերահսկվում են քաղաքապետարանի կողմից: Այստեղից մեզ ասացին, որ պոլիկլինիկաները ապահովված են բոլոր դեղամիջոցներով, եւ որ այս պահի դրությամբ խնդիր կա միայն երկու դեղամիջոցի հետ կապված` «Դինգա» եւ «Մեդֆորմին», որոնց բացթողումը այս ամիս չգիտես ինչու ուշացրել է Առողջապահության նախարարությունը:
Առողջապահության նախարարությունից, սակայն, հավաստիացրին, որ յուրաքանչյուր դիաբետիկ հիվանդ ստանում է իրեն հասանելիք անվճար ինսուլինի չափաբաժինը, եւ վերը նշված դեղերն էլ ժամանակին բաց են թողնվել:
Մի խոսքով, մինչ քաղաքապետարանն ու նախարարությունը մեղքն իրար վրա կբարդեն, քաղաքացիները շարունակում են դժգոհել: Թեեւ, դժգոհելու ի՞նչ իրավունք ունեն, առանց դեղի էլ «հպարտ» են ու «երջանիկ»:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

