ԷՐԴՈՂԱՆԻ ՀԻՍՏԵՐԻԱՆ ԱՐԴԵՆ ՀՈԳԵՎԱՐՔԻ Է ՆՄԱՆՎՈՒՄ
Արխիվ 16-20
Եվ այսպես՝ փետրվարի 27-ից Սիրիայում զինադադար է: Ու չնայած այն չի վերաբերում առանցքային ահաբեկչական կառույցներին՝ «Իսլամական պետությանը», «Ջաբհաթ ան-Նուսրային» եւ ՄԱԿ-ում որպես ահաբեկչական գրանցված մյուս բոլոր մեծ ու փոքր կազմակերպություններին, սակայն վերջին երկու-երեք օրերին սիրիական բոլոր ճակատներում էլ ռազմական ակտիվությունը նվազագույնի է հասել:ԱՆԿԱՐԱՆ՝ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐ ԾՆՈՂ
Հասկանալի է այս հարաբերական լռության իմաստը: Ռուսներն ու ամերիկացիներն այս օրերին կազմում են այսպես ասած՝ սիրիական չափավոր ընդդիմադիրների եւ ահաբեկիչների զբաղեցրած տարածքների փոխընդունելի քարտեզը: Դրանից հետո արդեն սիրիական բանակն ու նրա դաշնակից ուժերը ձեռքերի ազատություն կստանան այն տարածքների նկատմամբ, որոնք այդ համատեղ քարտեզում կմատնանշվեն որպես ահաբեկիչների գոտի: Ընդ որում, եթե արտառոց կամ չսպասված իրավիճակային փոփոխություն չլինի, այդ գոտիները զբաղեցրած խմբավորումներին ցուցաբերված արտաքին օգնությունը եւս ծայրահեղորեն կդժվարանա, քանի որ դա արդեն միաժամանակ Մոսկվայի եւ Վաշինգտոնի կողմից կընկալվի` որպես ահաբեկիչներին ցուցաբերված աջակցություն: Իսկ ավելի կոնկրետ՝ Վաշինգտոնն արդեն առնվազն կդժվարանա աչք փակել սիրիական չափավոր ընդդիմությանը ցուցաբերված հումանիտար օգնության տակ ահաբեկչական խմբավորումներին Թուրքիայից ցուցաբերվող օժանդակության վրա: Եվ միայն այդ նյուանսն արդեն բացատրում է այն հիստերիայի իմաստը, որում այս օրերին հայտնվել է նախագահ Էրդողանը:
Ավելի ամբողջական պատկերացնելու համար, թե Էրդողանն ինչ է կորցնում, թերեւս մի փոքրիկ պատմական շրջայց կատարենք: Այն, որ մոտ 5-6 տարի առաջ «Արաբական գարուն» կոչված «հեղափոխությունների» գլխավոր գաղափարախոսը Վաշինգտոնն էր: Թե ինչ նպատակով, ժամանակին տասնյակ վարկածներ հնչել են եւ կրկնելն իմաստ չունի: Սակայն մեկ փաստ ընդգծենք. բոլոր այն երկրները, որոնց հարվածեց «Արաբական գարունը», զրկվեցին բռնապետ պիտակավորված ուժեղ առաջնորդներից՝ հայտնվելով տարիներով շարունակվող տնտեսաքաղաքական ծանր ճգնաժամի մեջ: Ու «տարօրինակն» այն էր, որ ոչնչացվեցին նաեւ այնպիսի առաջնորդներ, որոնք մի կողմից՝ ԱՄՆ-ի հետ առանձնապես վատ հարաբերություններ չունեին: Սակայն ԱՄՆ-ի հետ նույն կարգի հարաբերություններ ունեցող Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Քաթարի ¥եւ այլն¤ միապետներ մնացին, թեեւ դեմոկրատ-բռնապետ հարթությունում որակապես զիջում էին Քադաֆիին, Մուբարաքին եւ այլն: Ուրեմն` ինչո՞վ Քադաֆին կամ Ասադը Վաշինգտոնի դուրը չեկան, իսկ ահա սեփական քուրդ քաղաքացիներին տասնյակներով վառող Էրդողանը կամ հարյուրներով ձեռք ու գլուխ կտրող արաբական միապետներն այդպես էլ բռնապետ չհռչակվեցին... Ու այստեղ մեկ նյուանս էլ նկատենք. Քադաֆին, Մուբարաքը, մինչ կախելը նաեւ՝ Սադամն իսլամական աշխարհում ընդգծված հեղինակավոր լիդերներ էին, եւ նրանցից հետո եւ ոչ մի միապետ նման ֆունկցիա չի կարողանում ստանձնել...
Այսպիսով՝ «Արաբական գարունը» մեկ ընդգծված էֆեկտ ունեցավ. հեղինակությունների փոխարեն սուննի իսլամական աշխարհում առաջին պլան մղվեցին Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան:Պե՞տք էր այդ ներսուննիական հեղաշրջումը Վաշինգտոնին. իրավիճակը, որում այսօր Մերձավոր Արեւելքում հայտնվել է ԱՄՆ-ը, հուշում է, որ եթե անգամ ինչ-որ հաշվարկներ ունեին, դրանք սխալ հիմքի վրա էին: Այլ բան, որ այդ հեղաշրջումը միանգամայն սաուդների եւ թուրքերի օգտին էին աշխատում, ինչը հատկապես ընդգծված դարձավ 2011-12թթ.-ին, երբ Թուրքիային հաջողվեց իր վերահսկողության տակ առնել Եգիպտոսը: Հիշեցնենք. այն ժամանակներում առաջին պլանում էին Անկարային ենթակա «Մուսուլման եղբայրներ» ծայրահեղ իսլամիստական ցանցը, որի եգիպտացի լիդեր Մուհամեդ Մորսին դարձավ նախագահ: Միայն թե եգիպտական զինվորականությունը ժամանակին հասկացավ, որ դառնում են Անկարայի կցորդը եւ կարողացավ 2013թ.-ին հեռացնել եւ դատել Մորսիին:
Եվ ահա դրանից մեկ տարի անց էր, որ մեյդան եկավ մեկ այլ խմբավորում՝ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետությունը»: Որպես «Ալ Քայիդայից» պոկված բեկոր՝ «Իսլամական պետություն» վերանվանված այդ կառույցը սիրիական պատերազմի սկզբնական փուլում իրենից բան չէր ներկայացնում: Բայց փաստը, որ այն եգիպտական դեպքերից հազիվ մեկ տարի անց արդեն ամբողջական տարածաշրջանների էր գրավում, իսկ երբեմնի հզոր, սակայն՝ Եգիպտոսի հաշվին ծանր պարտություն կրած «Մուսուլման եղբայրները» գործնականում անհետացան, արդեն իսկ հուշում է, որ Անկարան ¥չմոռանանք Սաուդյան Արաբիայի ավելի շատ՝ ստվերային ֆինանսական աջակցության մասին¤ այս վերջին կառույցի ողջ պոտենցիալը շրջեց դեպի ԻՊ: Փոխվեց նաեւ ռազմավարությունը. «հեղափոխական» խաղերի միջոցով երկրներ գրավելու տարբերակը ձախողվեց Սիրիայում, եւ նաեւ դա էր ավելի քաղաքականացված «Մուսուլման եղբայրներին» ծայրահեղ ռազմականացված ԻՊ-ով փոխարինելու պատճառը:
ԽԱԼԻՖԱԹԸ ՄԵՌԱՎ ԴԵՌ ՉԾՆՎԱԾ
Սակայն բուն նպատակը՝ Թուրքիա-Սաուդյան Արաբիա սուննիական խալիֆաթի ստեղծումն ու ընդլայնումը մնաց նույնը: Ընդ որում, աշխարհաքաղաքական այն փակուղին, որում Թուրքիան հայտնվել էր, նրան պարզապես այլընտրանք չէր թողնում: Եվրոպական ուղղությամբ զարգացումը դատապարտվեց այն պահին, երբ Ֆրանսիան եւ Գերմանիան զգացին այն դեմոգրաֆիկ հետեւանքները, որոնք անխուսափելիորեն կունենան՝ դեպի Եվրոպա Թուրքիային անարգել ճանապարհ տալու դեպքում: Պանթյուրքիստական ուղղությունը, որը նույնպես կար Անկարայի ծրագրերում, իր հերթին ձախողվեց, խոշոր հաշվով, ՌԴ հայաստանյան ռազմաբազայի արգելքի պատճառով: Ճիշտ է, պանթյուրքիզմը կարելի էր զարգացնել նաեւ Իրանին տապալելով, սակայն այդ երկիրը Թուրքիայի ատամի բանը չէր: Հենց դա էր պարտադրում Սաուդյան Արաբիայի հետ դաշինքը, ընդ որում, նաեւ Վաշինգտոնի աջակցությունն ապահովելու պայմանով: Հարց է, Վաշինգտոնը գիտակցո՞ւմ էր, որ Թուրքիա-Սաուդյան Արաբիա դաշինքը միանգամից առաջ էր քաշելու 200-250 միլիոն բնակչությամբ տարածաշրջանում նոր խալիֆաթի գաղափարը, որը ստեղծվելու դեպքում հաստատ ամերիկյան մանկլավիկի դերում չէր մնալու. միգուցե միայն վերջին փուլում գիտակցեց, եւ Իրանի միջուկային ծրագրի լուծումը հուշում էր, որ այդ նոր խալիֆաթը մեղմ ասած, ԱՄՆ-ի սրտովն էլ չէր: Էլ չասած, որ սիրիական այս զինադադարը, որտեղ ԱՄՆ-ը պարզապես «մոռացել» է Ասադի հեռանալու մասին իր բոլոր պահանջները, սպառնում է վերջնականապես այն օրակարգից հանել խալիֆաթական ծրագրերը:
Բայց այդ դեպքում, եթե Սաուդյան Արաբիան իր հետագա աշխարհաքաղաքականության առնչությամբ առանձնապես մտահոգվելու խնդիր չունի, ապա Թուրքիան հայտնվում է վերջնական փակուղում: Թշնամական հարաբերություններ բոլոր հարեւանների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի: Երկրորդը. Եվրոպայի հետ հարաբերությունները, եթե թշնամական չեն, ապա դրան շատ մոտ են՝ Անկարայի ակտիվ ջանքերով թեժացված փախստականների ճգնաժամի պատճառով: ԱՄՆ-ի վերաբերմունքը նույնպես ակնհայտորեն սառել է եթե ոչ Թուրքիայի, ապա՝ առնվազն Էրդողանի ստեղծած համակարգի հանդեպ: Գումարենք նաեւ քրդական սուր խնդիրը: Այնուհետեւ՝ Իրանի հետ տանուլ տրված մրցակցությունը...
Կարճ ասած, թեեւ Էրդողանը շարունակում է հիստերիան, սակայն այն արդեն ավելի շատ սկսել է հոգեվարք հիշեցնել: Փրկության միակ տարբերակն այս վերջին պահին ռուսների եւ ամերիկացիների մեջ բախում առաջացնելն է: Բայց դա էլ գործնականում հնարավոր կարող էր լինել, եթե Էրդողանը թվարկված բոլոր նրբերանգները մի կողմ թողած, զորք մտցնի Սիրիա: Եվ նույնիսկ այդ դեպքում է մեծ հարց է որ եթե բանը հասնի ռուս-թուրքական բախման, ԱՄՆ-ը կմիջամտի՞: Այն ռազմական տեխնիկան, որը ՌԴ-ն ի ցույց դրեց Սիրիայում, նույնիսկ Օբամային պարտադրեց ռուսական բանակը համարել գրեթե ամերիկյանին հավասար: Ընդ որում, բոլորն էլ հասկանում են, որ Սիրիայում ռուսներն ամենաարդիական տեխնիկան չէ, որ հասցրել էին: Օրինակ՝ արեւմտյան ռազմական փորձագետներն այս օրերին մի գլուխ մատնանշում էին, թե ինչպես ռուսական T-90-ը որեւէ լուրջ վնասվածք չստացավ TOW-2 կառավարելի հակատանկային հրթիռի ուղիղ հարվածից: Մեկ այլ դեպքում՝ հրթիռը կորցրեց կառավարելիությունը տանկին մոտենալուն պես: Բայց չէ՞ որ T-90-ը ռուսական բանակի համար համարվում է անցած էտապ՝ տեղը զիջելով «Արմատային»: Գործնականում նույն պատկերն է սպառազինության մյուս տեսակների համար, այդ թվում՝ հրթիռային: Մեկ այլ օրինակ. ռուսների կողմից զինված եւ վարժեցված սիրիական բանակը սկսել է միայն հաղթանակներ տանել, մինչդեռ հիշեցնենք, որ ԻՊ-ին իր հաղթարշավը սկսեց իրաքյան Մոսուլ քաղաքից. քաղաքը գրավեցին մի քանի հարյուր գրոհային, երբ այնտեղ էր ԱՄՆ-ի զինած եւ վարժեցրած իրաքյան մի քանի հազարանոց խմբավորումը...
Ընդ որում, հենց ռազմական այս բաղադրիչն է, որ Սիրիայում հնարավոր դարձրեց նաեւ քաղաքական պայմանավորվածությունը: Իսկ դա հուշում է, որ այս պարագայում հանուն Թուրքիայի՝ Օբաման հազիվ թե պատերազմի Պուտինի հետ:
Իսկ թե Թուրքիայի այս թույլ վիճակն ինչ է նշանակում Հայաստանի համար, թերեւս ասելու կարիք էլ չկա:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ