ԿԳԲ-Ի ՆԵՐՔԻՆ ԻՆՏՐԻԳՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԲՐԵԺՆԵՎԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԸ ԳՐԵԹԵ ՍՏԱՑՎԵԼ ԷՐ
Արխիվ 16-20Հունվարի 22-ին լրացավ ԽՍՀՄ Կենտկոմի գլխավոր քարտուղարի դեմ հայտնի մահափորձի 50 տարին
Վերջերս գաղտնազերծված ԿԳԲ-ի փաստաթղթերում այս հին պատմությունը բացահայտվում է անսպասելի կողմից: Պարզվում է, որ Բրեժնեւի օրոք իշխանության համար պայքարում հավակնոտ մարդիկ նույնիսկ պատրաստ էին վտանգի ենթարկել գլխավոր քարտուղարի կյանքը: Տասնամյակներ անց, հակահետախույզ Իգոր ԱՏԱՄԱՆԵՆԿՈՆ ԿԳԲ-ի գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա եզրակացրեց, որ ոչ մի մահափորձ կարող էր եւ չլինել, եթե չլիներ ԿԳԲ նախագահ Անդրոպովի եւ նրա տեղակալ Ցվիգունի միջեւ իշխանության համար պայքարը: Ցվիգունն, ի դեպ, հայտնի է հանրությանը` որպես «Գարնան 17 ակնթարթները» ֆիլմի կուրատորը:
ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես տեղեկացրեց Իգոր Ատամանենկոն, Լեոնիդ Բրեժնեւը հիշում էր, թե ինչ դեր է ունեցել ԽՍՀՄ ԿԳԲ-ի նախագահ Վլադիմիր Սեմիչաստնին` Խրուշչովին տապալելու գործում, եւ ուժեղ քաղաքական գործիչ, նոր նախագահ Անդրոպովին, որպես «վերակացու», կցել էր «ստուգված» մարդ` Սեմյոնն Ցվիգունին, որը կապված էր Բրեժնեւի հետ թիմային աշխատանքով Մոլդովայում եւ ուներ ընտանեկան կապեր. երկուսն էլ ամուսնացած էին հարազատ քույրերի հետ:
– Ցվիգունին հանձնարարվել էր ռազմական հակահետախուզության վերահսկողությունը,- ասում է Ատամանենկոն: - Ի դեպ, ԿԳԲ-ի գաղտնազերծված փաստաթղթերից բխում է, որ Ցվիգունի իրական կենսագրությունը տարբերվում է խորհրդային հանրագիտարանում տպածից (նաեւ Անդրոպովը դա գիտեր): Ցվիգունը ռազմաճակատում չի կռվել, հետ է կանչվել զինվորական հակահետախուզական ծառայությունից թիկունք, որտեղ նա զբաղվում էր կուսակցության նոմենկլատուրայի համար գյուղմթերքի ձեռքբերմամբ: Բայց դա չի խանգարում նրան մի քանի գրքեր եւ պարտիզանների կյանքի մասին ֆիլմերի տասնյակ սցենարներ լույս ընծայել: Տեղակալի եւ պետի թաքնված առճակատումը սկսվեց իրենց համատեղ աշխատանքի առաջին օրերից: Ցվիգունը, որը շատ ավելի երկար էր, քան Անդրոպովը, ԿԳԲ-ի համակարգում ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում եւ հավատում էր, որ Անդրոպովը, որպես ճարպիկ պալատական, չի կարողանում հասկանալ պետական անվտանգության համակարգը եւ հակահետախուզության նրբությունները: Այդ պատճառով Ցվիգունը փորձում էր վարկաբեկել Անդրոպովին, դուրս մղել նրան եւ դառնալ ԽՍՀՄ ԿԳԲ-ի նախագահ:

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԸ
1969 թ. հունվարի 22-ին միլիոնավոր սովետական մարդիկ հեռուստացույցով հետեւում էին «Վնուկովո-2» օդանավակայանում տիեզերքի հերոսների հանդիսավոր դիմավորմանը: Բայց հանկարծ, «մի քանի րոպե անց տիեզերագնաց հերոսները կլինեն Կրեմլում, որտեղ տեղի կունենա հանդիսավոր արարողություն» բառերից հետո ուղիղ հեռարձակումն ընդհատվել էր:
…Երբ մոտոցիկլային շքախումբը մոտեցավ Բորովիցկի դարպասին, ոստիկանական համազգեստով ոմն մեկը նետվեց դեպի կառավարության լիմուզինները եւ, բաց թողնելով առաջին մեքենան, կրակ բացեց երկրորդի վրա` միաժամանակ երկու ձեռքերի ատրճանակներով:
...Արնաշաղախ վարորդի գլուխն ընկավ ղեկին, բայց «Չայկան» շարունակում էր իներցիայով շարժվել: Տիեզերագնաց Նիկոլաեւը, պահպանելով ինքնատիրապետումը, վարորդից վերցրեց ղեկը... Մի փամփուշտ ռիկոշետով վիրավորել էր մոտոցիկլիստի ուսը, սակայն վերջինս, դիմադրելով ցավին, քշեց ահաբեկչի ուղեկցությամբ եւ տապալեց նրան գետնին: Մեծ էր Կրեմլի պահապանների զարմանքը, երբ նրանք ճանաչեցին ոստիկանության «սերժանտին», որը Ադամանդի ֆոնդի մոտ մեկ րոպե առաջ պահակ էր կանգնած: Ահաբեկիչն ապշահար էր` նա վստահ էր, որ Բրեժնեւը, Կոսիգինը եւ Պոդգորնին երկրորդ ավտոմեքենայում էին...
Քննիչները զարմանում էին ահաբեկչի հաջողակության վրա: Միայն այժմ, տասնամյակներ անց, երբ նախկինում գաղտնի արխիվները հասանելի դարձան, հնարավոր դարձավ բացատրություն գտնել այդ խելահեղ հաջողությանը: Հաջողությունն ուղեկցում էր Իլյինին, հիմնականում Լուբյանկայի գաղտնի ինտրիգների պատճառով, Անդրոպովի եւ Ցվիգունի դիմակայության պատճառով: Վերջինս, որպես զինվորական հակահետախուզության կուրատոր, առաջինը ահազանգ էր ստացել հնարավոր ահաբեկչի մասին: Բայց... ոչ էլ շտապում էր կասեցնել այդ չար դիտավորությունը:

Ո՞ՒՄ ԹՈՂՏՎՈՒԹՅԱՄԲ ԷՐ
1969 թ. հունվարի 20-ին Լենինգրադի մարզի Լոմոնոսով քաղաքի մոտակայքի զորամասում կրտսեր լեյտենանտ Վիկտոր Իլյինն ստանձնեց հերթապահությունը: Առավոտյան ժամը 7:45-ին նա անհետացավ: Հունվարի 21-ին, ժամը 11:00-ից սկսել էին երկու Մակարովի ատրճանակները եւ փամփուշտներով լեցուն չորս պահունակները գողացած սպայի որոնումը: Միաժամանակ, միջադեպի մասին տեղեկացվել էր ռազմական հակահետախուզության հատուկ բաժինը: Վիկտորի լուսանկարները, ինչպես նաեւ նրա օրագրերից մի քանիսը բռնագրավվել էին: Որոնողների ուշադրությունը գրավեց վերջին էջի արտահայտությունը. «Վե՛րջ: Վաղը կժամանեն: Պետք է գնալ Մոսկվա»: Պուլկովո օդանավակայանում զինվորական հակահետախուզության աշխատակիցները հայտնաբերել էին տոմսի կտրոն Իլյինի անունով` ժամը 11.40-ին նա ուղեւորվել էր Մոսկվա 92-րդ չվերթով: Ապահովության նկատառումներից ելնելով, Հատուկ բաժինների վարչության պետը ԽՍՀՄ ԿԳԲ-ի նախագահի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Ցվիգունին ուղարկեց գաղտնի հեռագիր, որտեղ հաղորդեց, որ մի խումբ սպաներ մեկնել են Լենինգրադ` սպայի խորթ մոր հետ հարցազրույցի: Նրա տանը գտել էին Իլյինի օրագրերը, որտեղ նա երեք անգամ ցիտել էր ամերիկացի նախագահ Աբրահամ Լինքոլնին սպանող Ջոն Ուիլքս Բութին. «Ես կսպանեմ նախագահին, թեկուզ միայն իմ նվիրական հույսի շնորհիվ, որ նրա փառքի լույսի շողքը կլուսավորի իմ անհայտ գոյությունը...»: Այնուհետեւ Իլյինն ավելացնում է. «Գուցե սա իմ ընտրությունն է: Ի վերջո, երկրում որքան մարդ կա Իլյին ազգանունով: Անհամեմատ ավելի շատ, քան Բրեժնեւ ազգանունով: Նախախնամությունն ինքնին պահանջում է այս երկու ազգանունները համատեղել»:
ԽՍՀՄ ԿԳԲ-ի Հատուկ բաժինների վարչության ղեկավար, գեներալ-մայոր Զագոռույկոն անձամբ կազմել էր Ցվիգունին հղած գաղտնի հեռագիրը. «Ի լրումն 01.21.69-ին տրված թիվ-039-69 գաղտնահեռագրի.
...Խորթ մոր խոսքերով, բացառված չէ փախածի հայտնվելը Մոսկվայում իր հորեղբոր` Պյոտր Վասիլեւիչ Իլյինի բնակության վայրում...»:
«Արյունոտ գործողությունը կարող էր կանխվել նույնիսկ Բորովիցկի դարպասի ուղղությամբ ահաբեկչի առաջխաղացման փուլում: Սակայն գաղտնի հեռագրերի մոսկովյան հասցեատերը նման ցանկություն չուներ: Թող լինեն հնարավորինս շատ արտակարգ դեպքեր, որպեսզի Լեոնիդ Իլիչը վերջապես պարզվի, որ ԿԳԲ-ի ղեկավարը ճիշտ անձ չէ: Ցվիգունին չպետք է մեղադրել ոչ կոմպետենտության համար, նրա շարժառիթներն էին կարիերիզմն ու հաշվարկը», - համոզված է Ատամանենկոն:
...Իլյինը հանգիստ հայտնվեց հորեղբոր բնակարանում, ընթրիքի ժամանակ խնդրեց նրանից համազգեստը` տիեզերագնացների հետ հանդիպելու համար, սակայն մերժվեց: Առավոտյան նա անհետացավ իր հորեղբոր ոստիկանական համազգեստով: Մինչ Իլյինը հասնում էր այնտեղ, Կոմիտեի հերթապահը զեկուցել էր Ցվիգունին, որ ԿԳԲ-ի Կարմիր Պրեսնյայի տարածքային բաժին դիմում տվողը խնդրել է պարզել, թե արդյոք Մոսկվայում երկու ատրճանակով զինված իր զարմիկի անսպասելի հայտնվելը կապված էր Կրեմլի տոնակատարությունների հետ:
«Ակնհայտ է, որ Ցվիգունը հասկացավ, որ Անդրոպովը շուտով կիմանա ամեն ինչի մասին: Եվ ահազանգի ստուգման պատրանք ստեղծելու համար նա հրամայեց Կրեմլի պարետին, պահակակետերի ստուգման փոխարեն, մեքենա նստեցնել դասալիքի հորեղբորը եւ Կրեմլի ու «Վնուկովոյի» միջեւ երթեւեկության ընթացքում տեսնել` միգուցե բազմության մեջ կերեւա զարմիկի դեմքը: Սա անհեթեթ գաղափար էր,- վստահ է Ատամանենկոն: - Փաստ է, որ Ցվիգունը ինչ-ինչ պատճառներով չէր շտապում Իլյինի լուսանկարները բաժանել կորդոնում կանգնած ոստիկանության եւ ԿԳԲ-ի աշխատակիցներին: Բորովիցկի դարպասի մոտ կառավարության շարասյան ժամանումից մի քանի րոպե առաջ միայն լուսանկարները բաժանվեցին (եւ ինչ - որ պատճառներով միայն նրանց, ովքեր կանգնած էին Կրեմլի արտաքին շրջակայքում եւ ոչ թե ներսում), բայց անվտանգության աշխատակիցներին չի զգուշացվել, որ Իլյինը կլինի ոչ թե զինվորական, այլ ոստիկանության համազգեստով... Անդրոպովը հանձնարարեց Հեռուստատեսության եւ ռադիոյի պետական կոմիտեի նախագահին եթերում տեղեկություններ հաղորդել, ընդգծելով, որ Բրեժնեւը, Կոսիգինը, Պոդգորնին իբրեւ թե երկրորդ ավտոմեքենայում են: Իսկ ինքը զանգահարեց Բրեժնեւի մեքենային եւ առաջարկեց անհապաղ վերակազմավորվել, գրավել շարասյան մեջ վերջին, հինգերորդ տեղը, որը փրկեց նրանց»:

ՎԵՐՋԱԲԱՆ
Ահաբեկչի մոտ ախտորոշվել էր «դանդաղ շիզոֆրենիա», եւ 18 տարի նա մնաց հոգեբուժարանում: Իլյինի դուրս գալուց հետո պարզվեց, որ 1969-ին, ընդհանուր խառնաշփոթում, զորամասի հրամանատարությունը չի հանել նրան անձնակազմի ցուցակներից: Խելացի փաստաբանի օգնությամբ Վիկտոր Իլյինը դատի էր տվել Լենինգրադի ռազմական օկրուգին եւ ստացել 20 տարվա աշխատավարձը, նաեւ մեկսենյականոց բնակարան: Մահափորձից մեկ տարի անց Ցվիգունը, տեղակալի պաշտոնը պահպանելով, դարձավ ԿԳԲ-ի տնտեսական ծառայությունը վերահսկողը: Հակահետախուզական գործունեությունը վերահսկելու համար նշանակվեց Բրեժնեւի մեկ այլ հովանավորյալ` Գեորգի Ցինեւը: Եվ Ցվիգունի` ԿԳԲ նախագահ դառնալու երազանքը երբեք չկատարվեց: Նա ինքնասպանություն է գործել` իմանալով, որ ունի քաղցկեղի անհույս տարատեսակ...
ԱՆՆԱ ՎԵԼԻԳԺԱՆԻՆԱ
«Կոմսոմոլսկայա պրավդա»
