«Ազատություն Համբիկ Սասունյանին». արդեն 37-րդ տարեդարձը Սեն Լուիս Օբիսպո բանտում
Արխիվ 16-20Այսօր «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ ՀԱՄԲԻԿ ՍԱՍՈՒՆՅԱՆԸ դարձավ 56 տարեկան: Նա արդեն 37-րդ ծննդյան տարեդարձն է նշում անազատության մեջ: Հ. Սասունյանի ծննդյան առթիվ Հայաստանից եւ Սփյուռքից շնորհավորական մաղթանքներ են գրել սոցցանցերում եւ շեշտել. «Ազատություն Համբիկ Սասունյանին»:
Հիշեցնենք, որ Հ. Սասունյանը դեռ 19 տարեկան էր, երբ 1982 թ. հունվարի 28-ին առավոտյան 9։40-ին Լոս Անջելեսում՝ Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում, համագործակցի հետ գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ: ԱՄՆ նախագահ Ռոմալդ Ռեյգանը դատապարտեց այս արարքը, որակավորելով այն ահաբեկչություն։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտում է ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի:
2013 թ.-ի դրությամբ՝ Համբիկ Սասունյանը կրում է իր պատիժը ԱՄՆ Սեն Լուիս Օբիսպո բանտում։ Չորս անգամ՝ 2006-ին, 2010-ին, 2013-ին, 2017 թվականներին ԱՄՆ դատարանը մերժել է Սասունյանի ներում ստանալու խնդրանքը:
Ի դեպ, դեռեւս 2015 թվականին ՀՀ Ազգային ժողովում ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ հարց բարձրացրեց ՀՀ արդարադատության նախարարության առաջ՝ քննարկելու Համբիկ Սասունյանին Հայաստանին արտահանձնելու մասին խնդրանք ներկայացնելու հնարավոր տարբերակները: Դրան արձագանքեց նաեւ ԱԺ հինգերորդ եւ վեցերորդ գումարման ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ արձագանքը՝ նշելով, որ այս հարցում իրենք էլ ասելիք ունեն: Սակայն, այն ժամանակվա ՀՀ արդարադատության նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ասել էր, որ դժվարությունն այն է, որ չնայած Սասունյանն ազգությամբ հայ է, բայց ԱՄՆ քաղաքացի է:
«Առաջարկում եմ հանդիպել եւ քննարկել այդ հարցերը, որպեսզի Դուք, որպես իրավապաշտպանի փորձ ունեցող իրավաբան, լուծման հնարավոր տարբերակներ առաջարկեք: Զգացմունքային տեսանկյունից ես ձեր կողքին եմ: Իսկ իրավական տեսանկյունից հարկավոր է հասկանալ, թե Հայաստանն ինչ հիմնավորումներ պետք է ներկայացնի՝ այլ պետության քաղաքացուն արտահանձնելու խնդրանք ներկայացնելու համար»,- ասել էր Մանուկյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ