Էջմիածնի քաղաքապետը «կրակի վրա բենզին է լցնում» ու հրահրում ցուցարարներին
Արխիվ 16-20«Իրավունքն» արդեն նշել էր, որ դատարանն այսօր 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Ազգային ժողովի նախկին պատգմավոր, գեներալ-լեյտենանտ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ։ Նա դուրս էր եկել Ազգային անվտանգության ծառայության շենքի մուտքից եւ ուղեւորվել տուն: Սակայն, էջմիածինցիները փակել են ճանապարհը ու թույլ չեն տալիս Մ. Գրիգորյանին մոտենալ տանը: Էջմիածնում լարված իրավիճակ է, սակայն այս մասին քար լռություն էին պահպանում իշխանությունները: Միայն քիչ առաջ լռությունը խախտեց Էջմիածնի նորաթուխ քաղաքապետ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ եւ բացեց փակագծերը, թե դատարանի որոշման վերաբերյալ ինչ դիրքորոշում ունեն իշխանությունները եւ ինչպես են վերաբերում Էջմիածնում մեկնարկած բողոքի ակցիաներին: Քաղաքապետը շարքային ակտիվիստի բովանդակությամբ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Հարգելի՛ համաքաղաքացիներ, հասկանում եմ վերջին իրադարձությունների հետ կապված ձեր դժգոհությունը եւ կանգնած եմ ցանկացած որոշման կողքին, որ կընդունի էջմիածնեցին: Կարծում եմ՝ Մանվել Գրիգորյանը դեռ երկար կմնա պատմության մեջ, որպես դասագրքային օրինակ, թե ինչպես կարելի է անգամ հայրենիքին ծառայություն մատուցելուց հետո սեփական վարքագծով ու արարքներով արժանանալ համաքաղաքացիների անթաքույց ցասմանը եւ վաստակել սեփական քաղաք մուտք գործել չկարողանալու «իրավունք»: Սիրելի՛ էջմիածնեցի, դու արդեն հաղթել ես, եւ ոչինչ չի կարող ստվերել քո հաղթանակը»:
Արձագանքելով վերոնշյալ հայտարարությանը՝ ֆեյսբուքյան օգտատերերից ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշել է. «Հարգելի Դիանա, մեր սուրբ քաղաքը վերածվել է փոքրիկ Սիցիլիայի՝ ի դեմս Լենինգրադի Տիկո, Մաչա, Մաշ հանցագործների՝ իրենց հրոսակախմբերով, Մանվելն անցյալ է, փոխանակ հանդարտեցնեք քաղաքացիներին, կրակի վրա բենզին եք լցնում: Արսեն Պետրոսյանն էլ աշխատակիցների հետ անկարգությունների են հրահրում էջմիածինցիներին: Մանվելը մեռած մարդ է, զբաղվեք քաղաքի կարգ ու կանոնով»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
