Հենրիխ Մխիթարյանն օրինակ է հետխորհրդային տարածաշրջանի բոլոր ֆուտբոլիստների համար.Խորեն Բայրամյան
Արխիվ 16-20
Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը նշել է, թե որ ֆուտբոլիստներն են իր համար օրինակ ծառայում և խոսել է Հայաստանի ազգային հավաքականում խաղալու մասին:
«Կարծում եմ` Հենրիխ Մխիթարյանն օրինակ է հետխորհրդային տարածաշրջանի բոլոր ֆուտբոլիստների համար: Նա և Անդրեյ Արշավինը: Այլևս ոչ ոք Եվրոպայում նման բարձունքների չի հասել:Դրա համար ես, իհարկե, հետևում եմ Հենրիխի կարիերային և ուրախանում եմ նրա հաղթանակներով: Հենրիխը թոփ-մակարդակով է հանդես գալիս, որին կցանկանայի երբևէ մոտ լինել»,- Բայրամյանի խոսքը մեջբերել է Sportbox.ru-ն:
Խոսելով Հայաստանի հավաքականում հանդես գալու մասին` Բայրամյանը նշել է, որ չի ցանկանում հապճեպ որոշումներ կայացնել.
«Ես խաղացել եմ Ռուսաստանի ցածր տարիքային խմբերի հավաքականներում, սակայն իրավունք ունեմ հանդես գալու Հայաստանի հավաքականում: Այնտեղ, իհարկե, հրավիրել են, սակայն չեմ շտապում: Քանի որ նախ՝ մեծացել եմ Ռուսաստանում և կապացուցեմ, որ արժանի եմ հրավիրել երկրի գլխավոր հավաքական և երկրորդ` չեմ ցանկանում Պրեմիեր-լիգայում համարվել լեգիոներ»:
Հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանի հավաքականն ավելի նախընտրելի տարբերակ է, ֆուտբոլիստը տվել է հետևյալ պատասխանը.
«Սա պրովոկացիոն հարց է: Ես չեմ խոսել իմ նախընտրությունների մասին: Պարզապես այս պահին ինձ կարելի է հրավիրել և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի հավաքական, իսկ Ռուսաստանի Պրեմիեր-լիգայում հանդես եմ գալիս Ռուսաստանի քաղաքացու իրավունքով»:
Հավելենք, որ ՌՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում Խորեն Բայրամյանը մասնակցել է 15 հանդիպման, խփել է 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում: