«Բա ո՞վ պետք է պաշտպանի մեծամասնության ոտնահարված իրավունքները»
Արխիվ 16-20Ի զորակցություն եւ ի պաշտպանություն Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ դպիր ՍԵԴՐԱԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ գրում է, որ շատ մեծ հիասթափություն ապրեց, երբ իմացավ, որ Ազգային ժողովը չի ընդունել Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությունն ապահովելուն ուղղված օրենքի նախագիծը:
«Ըստ իս, Հայ Առաքելական Եկեղեցու, մասնավորապես Ամենայն Հայոց կաթողիկոսի, Եպիսկոպոսաց Խորհուրդի անդամների անվտանգությունը պետք է երաշխավորված լինի պետական մակարդակով ո՛չ թե սեփական հոտից, այլ «կրոնական» եւ սեռական փոքրամասնություններից, որոնք տարիներ շարունակ՝ ստանալով դրսից համապատասխան նյութական աջակցություն, մեր հոգեւոր, ազգային եւ պետական հիմքերն են ցանկանում նենգաբար ոչնչացնել: Դա է նրանց հիմնական նպատակը, որի համար նրանք գումար եւ ջանք չեն խնայում: ՀՀ պետական մարմինները պարտավոր են քայլեր ձեռնարկել եկեղեցական ինստիտուտը թիրախավորող, բռնության դրսեւորման միտումներ ունեցող գործողությունները կանխելու ուղղությամբ: Իշխանությունները պարտավոր են միջամտել եւ սույն հարցին լուծում տալ՝ հիմք ընդունելով ինչպես Սահմանադրությամբ ամրագրված Հայ Եկեղեցու որպես ազգային եկեղեցու կարգավիճակը եւ քննարկվող խնդրի բարոյական կողմը», - նշում է Ս. Մուրադյանը:
Դպիր Մուրադյանի կարծիքով՝ մեր սիրելի հավատացյալ ժողովուրդը, ցավոք, լրջորեն չի մոտենում այս հարցին եւ գիտակցաբար, թե անգիտակցաբար մարդիկ անտեսում են մի շարք երեւույթներ, որոնք աստիճանաբար քանդում են մի եկեղեցի, որը դարեր շարունակ եղել է մեր ազգային էության բաղադրատարրն ու ինքնության պահպանման միակ գործոնը. «Կուզենայի այս անգամ անդրադարձ կատարել
ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի ոչ հավասարակշռված, անվայել եւ վիրավորական հայտարարությանը, որն ուղղված էր ո՛չ միայն Գարեգին Բ կաթողիկոսի անձին, այլ նաեւ ամբողջ ՀԱԵ հսկայական համալիրին՝ իր միլիոնավոր զավակներին: Պարոն պատգամավոր, մի՞թե դուք շեղվել եք իրականությունից եւ սկսում եք մոռանալ, թե ինչ կարեւոր դերակատարում է ունեցել եւ ունի եկեղեցին հայ ազգի հասարակական, մշակութային եւ գոյատեւման գործընթացներում: Որքան էլ հարգված ազատամարտիկ լինեք, պարոն Միքայելյան, այնուամենայնիվ, Դուք չունեք բարոյական իրավունք նման կերպ արտահայտվել մեր հոգեւոր առաջնորդի մասին: Դուք մեր բոլոր սրբակյաց կաթողիկոսների անունները, ի մասնավորի Վազգեն Վեհափառի, աղավաղում եք: Այս քայլով ձեր վարկանիշը ամենեւին էլ չեք բարձրացնում, այլ ճիշտ հակառակը՝ կկորցնեք ժողովրդի սերն ու վստահությունը:
Եթե անգամ մեր պատգամավորը ակնարկում էր կաթողիկոսի ունեցած բացթողումների մասին, ապա ի պատասխան այդ մեղադրանքի՝ ես կասեմ, որ բոլորս էլ մարդ ենք եւ այս աշխարհում մեկ-մեկ ակամայից անկարող ենք զերծ մնալ սխալներից, այդ թվում եւ վեհափառը, ով նույնպես հասարակ մահկանացու է եւ ապահովագրված չէ փորձանքներից ու գայթակղություններից: Պարոն Միքայելյանն էլ բացառություն չէ»:
Անդրադառնալով խորհրդարանական տխրահռչակ քվեարկությանը՝ Ս. Մուրադյանն ասում է. «Փոխանակ մի մարդու նման կանգնեն եկեղեցու թիկունքին, նրանք՝ դեմ քվեարկողները, կոպիտ ասած, այդ նույն թիկունքից հարվածում են: Առանց անհարմար զգալու հավասարեցնում են 1700 տարվա պատմություն կերտող Մայր Աթոռը աղանդավորական սրբապիղծ կառույցների: Այսպե՞ս եք գնահատում Հայ Եկեղեցու կատարած գործունեությունը: Ինչո՞ւ է կառավարությունը աղանդներին, այլասերվածներին արտոնություններ տալիս, որոնք զբաղվում են հակաազգային եւ հակապետական գործունեությամբ: Ինչո՞ւ, երբ մեկ աղանդավոր բռնության է ենթարկվում, կամ նրա հասցեին թթու խոսք ասվում, բոլոր պետական, հասարակական իրավապաշտպան կառույցները անմիջապես աղմուկ են բարձրացնում ի լուր աշխարհի, բայց երբ մենք՝ քրիստոնյաներս, ի դեմս Գարեգին Բ-ի, հայտնվում ենք նույն իրավիճակում, դուք բոլորդ լռում եք: Բա ո՞վ պետք է պաշտպանի մեծամասնության ոտնահարված իրավունքները»:
Բանախոսի գնահատմամբ՝ սա պարզապես ծրագրված աշխատանք է. «Պարզաբանեմ. գաղտնիք չէ, որ դրսից ֆինանսավորումը հետապնդում է միայն քաղաքական շահ: «Կյանքի Խոսքը», Եհովայի վկաները եւ մնացած աղանդավոր կազմակերպությունները հավատքի անվան տակ խաբում են շարքային քաղաքացիներին, որոնցից շատերը ՀԱԵ հետեւորդներ են, եւ դրանով պառակտում հասարակության բազմաթիվ շերտերը, ինչի հետեւանքով էլ անկանխելի են դառնում զանգվածային բախումները: Մենք փոքր ազգ ենք, եւ թողած արտաքին թշնամուն իրար մի՞ս ենք ուտելու: Եթե այսօր մենք անտարբեր մնանք այս երեւույթներին, ապա վաղը աղետալի խնդիրների առաջ ենք կանգնելու: Իմ խորին համոզմամբ, բավական է կտրել հային իր եկեղեցուց, որպեսզի նրան դատապարտես ուծացման: Եվ դժբախտաբար, այսօր մենք մե՛ր իսկ ձեռքերով, մե՛ր իսկ զինվորականների, քաղաքական գործիչների եւ մտավորականների ձեռքերով իրականացնում ենք սպիտակ ցեղասպանություն մեր սեփական ազգի նկատմամբ: Ինձ համար պարզ դարձավ յուրաքանչյուր քաղաքական ուժի արժեհամակարգն ինչի վրա է հենված: Արդեն ակնհայտ երեւում է այն բացահայտ աջակցությունն ու օժանդակությունը մի շարք քաղաքական գործիչների կողմից աղանդավորական կազմակերպությունների: Նրանք օրեցօր հզորացնում են իրենց դիրքերը երկրում եւ իրագործում են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են ընդդեմ Մայր եկեղեցու եւ առհասարակ ընդդեմ հայի տեսակի»:
Եզրափակելով խոսքը՝ Ս. Մուրադյանը կոչ է անում եւ ընդգծում. «Սիրելի եղբայրներ եւ քույրեր, մենք բոլորս պարտավոր ենք համատեղ ջանքերով պայքարել Հայ Առաքելական եկեղեցու Հայրապետի, այլեւ եկեղեցական ինստիտուտի նկատմամբ բացահայտ ոտնձգության, ինչն ուղղակիորեն հարվածում է հայ ժողովրդի հոգեւոր միասնության համակարգին։ Մենք պետք է ամբողջանանք եւ հարկ եղած դեպքում ճնշում գործադրենք պետական մարմինների վրա, որ մեր խոսքը էլ ավելի հասանելի դարձնենք: Պետությունը պարտավոր է համապատասխան քայլեր ձեռնարկել եկեղեցին թիրախավորող, բռնության դրսեւորման միտումներ ունեցող գործողությունները կանխելու ուղղությամբ։ Եվ գիտցե՛ք, մենք՝ եկեղեցու հավատարիմ զավակներս, կապացուցենք, որ ՀԱԵ եղել է, կա եւ միշտ լինելու է մեր հավատքի եւ պետականության երաշխիքը: Թող Տերը ցույց տա դարձի ճանապարհը բոլոր նրանց, ովքեր հպատակվել են չարին: Աստված մեզ պահապան»:
