Երևանում բացվեց ակադեմիկոս Սեն Արևշատյանի հիշատակը հավերժացնող հուշաքար
Արխիվ 16-20Երևանի Ավագ Պետրոսյան 2 հասցեում այսօր բացվեց Մատենադարանի երջանկահիշատակ տնօրեն, ակադեմիկոս, ականավոր հայագետ, հայ միջնադարյան փիլիսոփայության խոշոր գիտակ Սեն Արևշատյանի հիշատակը հավերժացնող հուշաքարը: Սեն Արևշատյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման առաջարկը ներկայացրել էր Մատենադարանի տնօրինությունը:
Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Խոսքով հանդես եկան Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Սեն Արևշատյանի դուստրը՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Արևշատյանը, ՀՀ ԳԱԱ
փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանը, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կառլեն Միրումյանը:
Օրհնության խոսք հղեց Տ. Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Միջոցառմանը ներկա են եղել Սեն Արևշատյանի հարազատները, Մատենադարանի աշխատակիցները, վաստակաշատ գիտնականներ, հոգևոր հայրեր, մշակույթի գործիչներ: