Պատմամշակութային հուշարձանները վտանգված են` կառավարության բարձր հովանու ներքո
Արխիվ 16-20Հունիսի սկզբից ձեւավորված հակաեկեղեցական եւ ապազգային «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» կասկածելի կարգախոսով հանդես եկող նախաձեռնության մասնակիցները շուրջ երկու ամիս պահանջում են Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը: Որքան պահանջում, այնքան ինքնավարկաբեկվում են ու նոսրացնում առանց այդ էլ նոսր շարքերը: Ինչեւէ, վերջիններս այդ ընթացքում կազմակերպել են մի շարք հավաքներ, երթեր, ու ընթացքում կոպտորեն խախտվել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ եւ կետեր:
Կոպտորեն խախտված են օրենքի «Իրազեկմամբ անցկացվող հավաքներ» 2-րդ գլխի հոդվածները եւ կետերը, սակայն ՀՀ ոստիկանությունը կրկին համառ լռություն է պահպանում եւ աչք փակում: Սակայն այս դեպքում ոստիկանությանը «հանցակից» է նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունը, քանի որ 17-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, եթե հավաքը նախատեսվում է անցկացնել պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տարածքում կամ դրանց անմիջական հարեւանությամբ, ապա հանրահավաքի անցկացման մասին հաղորդումը մուտքագրվելուց հետո իրազեկումն անհապաղ ուղարկվում է նաեւ Մշակույթի նախարարություն` հավաքի անցկացման վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով:
ՀՀ մշակույթի նախարար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԸ դեռեւս շաբաթներ առաջ «Իրավունքին» հավատացրել էր, որ մտահոգված է խնդրով եւ խոստացել զբաղվել հարցով. «Մեզ նման իրազեկում չի ներկայացվել, նման տեղեկատվություն չունեմ: Հարցը կքննարկեմ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանի հետ եւ լրացուցիչ կճշտեմ: Ընդհանրապես, բոլոր այն ակցիաների, որոշումների ժամանակ, որտեղ անհրաժեշտ է Մշակույթի նախարարության դիրքորոշումը, մենք բազմիցս կոչ ենք արել եւ եւս մեկ անգամ կոչ ենք անում, որ անպայման մեր օղակը չշրջանցեն` հետագա խնդիրներից խուսափելու համար: Կպարզենք ինչն է հարցը եւ անպայման կանդրադառնանք»,- մեզ հետ զրույցում շեշտել էր նախարարը, որից հետո նախաձեռնության անդամները հասցրել են արդեն երկու հանրահավաք էլ իրականացնել եկեղեցու տարածքում, սակայն, մշակույթի նախարարից եւ պատմամշակութային հուշարձանների պահպանման խնդիրներով զբաղվող մշակույթի փոխնախարար ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՑ այդպես էլ որեւէ հայտարարություն, որեւէ արձագանք չեղավ:
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ Ո՛Չ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ, ՈՉ ԷԼ` ՀԵՏԱՔՐՔՐՎԵԼ
Դիմեցինք նաեւ Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցի պարզելու, թե ՀՀ մշակույթի նախարարության մասնագետները կամ պատմամշակութային հուշարձանների պահպանման խնդիրներով զբաղվող մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը հավաքներից հետո երբեւէ եղե՞լ են եկեղեցու տարածքում եւ մտահոգվե՞լ հուշարձան համարվող եկեղեցու պահպանությամբ, սակայն ստացանք բացասական պատասխան` եկեղեցուց տեղեկացրին, որ նմանօրինակ ճշտումներ եւ կամ այցեր չի եղել նախարարության որեւէ աշխատակցի, առավել եւս` նախարարի տեղակալի կողմից:
ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՄԵՐԺՈՂ ՀԱՎԱՔՆԵՐԻՆ ԵՐԲԵՎԷ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԵՂԵԼ
Փաստորեն, ըստ նախարարի տեղակալ Տ. Գալստայնի, հակաեկեղեցական ու ապազգային նախաձեռնության կողմից իրականացվող հանրահավաքները օրենքի շրջանակներում են, մինչդեռ պատմամշակութային հուշարձան համարվող եկեղեցու բակում շուրջ երկու ամիս իրականացվող հակաեկեղեցական հանրահավաքները որեւէ անգամ իրազեկում կամ թույլտվություն չեն ունեցել լիազոր մարմնից` Երեւանի քաղաքապետարանից: Ավելին պարզվում է` եկեղեցաքանդ նախաձեռնությունը կրկին` օգոստոսի 25-ի պատրաստվում է անօրինական հավաքի, որի մասին Երեւանի քաղաքապետարանի կայքում` հանրային հավաքների մասին իրազեկում չկա ու, ըստ էության, այս հավաքն էլ է անօրինական:
ԽԱԽՏՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
Կոպտորեն խախտված են օրենքի «Իրազեկմամբ անցկացվող հավաքներ» 2-րդ գլխի հոդվածները եւ կետերը: Օրինակ, ըստ 12-րդ հոդվածի, իրազեկումը կարող է ներկայացվել հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, եւ ոչ շուտ, քան 30 օր առաջ: Այնինչ նախաձեռնության անդամները սահմանափակվել են հավաքի մասին տեղեկատվությունը տարածել իրենց սոցցանցային էջով ոչ թե, ինչպես նշված է հոդված 9-ում` Հանրային հավաք անցկացնելու համար կազմակերպիչը գրավոր իրազեկում է լիազոր մարմնին` համայնքի ղեկավարին, բացառությամբ մինչեւ 100 մասնակից ունեցող, շտապ եւ ինքնաբուխ հավաքների: Փաստ է, որ ոչ նախորդ անգամներին, այնպես էլ օգոստոսի 25-ի հանրահավաքի մասին լիազոր մարմնին իրազեկում չի եղել:
Ըստ հոդված 13-րդի, իրազեկումը ներկայացվում է գրավոր` անձամբ կամ փոստով, ինչը նույնպես վստահաբար տեղի չի ունեցել:
Ըստ 14-րդ հոդվածի 1-ին կետի, այդ նախաձեռնության պաշտոնական իրազեկման մեջ նշված չէ հավաքի ավարտի մոտավոր ժամանակը, մասնակիցների սպասվող թիվը, հավաքի անցկացման ժամանակ օգտագործվելիք առարկաները կամ տեխնիկական միջոցները (պաստառներ, ջահեր, բարձրախոսներ եւ այլն), կարգադրիչների նախատեսվող թիվը, երթի դեպքում` երթի ուղին եւ ժամանակացույցը:
Ըստ 17-րդ հոդվածի 3-րդ կետի, եթե հավաքը նախատեսվում է անցկացնել պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տարածքում կամ դրանց անմիջական հարեւանությամբ, ապա մուտքագրվելուց հետո իրազեկումն անհապաղ ուղարկվում է նաեւ Մշակույթի նախարարություն` հավաքի անցկացման վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով, ինչը վստահաբար տեղի չի ունեցել: Նաեւ կարեւոր է օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ կետը: Հավաքի վայրում գտնվող Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցին (13-րդ դար) համարվում է ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան:
Հոդված 19-ի 1-ին կետն արգելում է հավաքը, եթե դրա նպատակը սահմանադրական կարգի բռնի տապալումը, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելը, բռնություն կամ պատերազմ քարոզելն է: Իսկ այս նախաձեռնությանը կրոնական ատելություն քարոզելու եւ հրահրելու ու բորբոքելու դեպքերն ու դրսեւորումներն ակնհայտ եւ անհերքելի փաստ են:
Ամենակարեւորը` ըստ 14-րդ հոդվածի 3-րդ կետի, եթե հավաքի վայրը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք է, որը հանձնված է վարձակալության, կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք կամ շինություն է, ապա իրազեկման հետ ներկայացվում է նաեւ վարձակալի կամ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը հավաքի անցկացման վերաբերյալ: Վարձակալի կամ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը հավաքի անցկացման վերաբերյալ չի պահանջվում, եթե յուրաքանչյուր ոք ունի այդ տարածք անարգել մուտք գործելու իրավունք: Այս օրենքը բոլոր հավաքների ժամանակ կոպտորեն խախտվել է. Երեւանի Կաթողիկե (Ս. Աստվածածին) եկեղեցին ներառված է Արարատյան Հայրապետական թեմում, որի առաջնորդը Ամենայն Հայոց կաթողիկոսն է, բացի դրանից նշյալ եկեղեցին ունի անմիջական պատասխանատու` տեղի Հոգեւոր հովիվը: Նշված անձանցից որեւէ մեկի թե՛ գրավոր եւ թե՛ բանավոր թույլտվությունը չեն ունեցել ոչ մի հավաքի ժամանակ, այդ պարագայում անհասկանալի է դառնում, թե ինչպես են իրավապահ մարմինները թույլատրել եկեղեցու բակում` եկեղեցու դեմ ցույց իրականացնելը:
ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ ԱՅԼԵՎՍ ԿԱՐԵԼԻ՞ Է ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Ի դեպ, բավական ուշագրավ էր ՀՀ մշակույթի փոխնախարարի պատասխանը կապված նրա հետ, թե այդ հավաքների ժամանակ եկեղեցուն որեւէ վնաս չի պատճառվել: Հետաքրքիր է` ի՞նչ պետք է լիներ, ասենք, հակաեկեղեցական շարժման մասնակիցները եկեղեցին վարկաբեկելուց զատ, մի հատ էլ պետք է վանդալիզմ իրականացնեի՞ն, որ Մշակույթի նախարարությունը մտահոգվեր: Այսինքն` սա նախադեպ է ստեղծում, որ առաջիկայում անգամ պատմամշակութային հուշարձանի տարածքում ինչ-որ մարդիկ սրբապղծությամբ զբաղվեն կամ եկեղեցու բակերում ԼԳԲՏ շքերթ իրականացնեն` միայն թե տարածքն ու պատերը չվնասելով` արժանանալով մշակույթի նախարարության դրական արձագանքին: Փաստացի` ՀՀ մշակույթի նախարարությունն ու ոստիկանությունն իրենց լռությամբ սատարում են ցուցարարներին` թքած ունենալով հուշարձանների պահպանության, հայ քրիստոնյաների հոգեւոր զգացմունքների եւ ի պաշտոնե իրենց պարտավորության վրա: Ստացվում է, որ հետայսու յուրաքանչյուր պատմամշակութային հուշարձանի տարածքում կարելի է անել այն, ինչ այդ պահին ինչ-որ մի խմբի խելքին կփչի, եւ դրան կաջակցեն ոչ միայն իրավապահ մարմիններն, ուղղակի, հեռվից թամաշա անելով, այլեւ հենց ինքը` 1700-ամյա հայկական մշակութային ժառանգության առաջին պաշտպան ՀՀ մշակույթի նախարարությունն` իր դավադիր լռությամբ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
