«Ուշքի՛ եկեք, դեռեւս մի փոքր ժամանակ կա». Վահան սարկավագ Սահակյան
Արխիվ 16-20Մայր Աթոռի հոգեւոր-կրթական, բարձրագույն հաստատությունների վերատեսչության գրասենեակի աշխատակից Բարեշնորհ ՎԱՀԱՆ սարկավագ ՍԱՀԱԿՅԱՆԸ կոչ է ուղղել բոլոր նրանց, ովքեր ոչ թե անձնական շահերի, այլ Եկեղեցում առկա խնդիրների լուծման փափագով են միացել «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժմանը:
«Այս խմբի կազմակերպիչներն օր օրի ավելի ու ավելի են խորացնում իրենց պառակտումը Հայ Եկեղեցու ամբողջականությունից։ Քանի դեռ վերջնականապես եւ պաշտոնապես չի հաստատվել այդ հերձումը, քանի դեռ նրանց հանդեպ մի շարք եպիսկոպոսների եւ վարդապետների բանադրանքը չի վերածվել Հայ Եկեղեցու ամբողջականության կողմից բանադրանքի, քանի դեռ վերջնականապես Քրիստոսի Սուրբ Մարմնի ու Արյան հաղորդությունից չեն զրկվել, իմաստությամբ վարվեք, դարձեք եւ ապաշխարությամբ վերստին առողջացրեք այն ճեղքվածքը, որը սպառնում է վերջնական հերձված դառնալու», - ասել է Վահան սարկավագը։
Եզրափակելով խոսքը` Մայր Աթոռի աշխատակիցը շեշտել է. «Ուշքի՛ եկեք, դեռեւս մի փոքր ժամանակ կա, դեռեւս ուշ չէ, վերջնական պառակտումից հետո ցավալիորեն շատ դժվար կլինի ձեր ապաշխարությունը։ Ձեր սրտերը մի՛ կարծրացրեք, ձեր՝ Կյանքի հետ, այսինքն՝ Քրիստոս Հիսուսի հետ ունեցած կապը վտանգված է մի խումբ անհանդուրժող մարդկանց պատճառով։ Աղոթում եմ ձեզ համար, աղոթում եմ մեր Մարմնի ամբողջականության համար, աղոթում եմ, որ Աստծո սերը փափկեցնի ձեր սրտերը: Ամեն»։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հայտնի նախաձեռնության անդամները կրկին փորձել են խաթարել համայն հայության հոգեւոր կենտրոնի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անդորրն ու աղոթական միջավայրը` իմաստավորելով իրենց ներկայությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ եկեղեցականների հասցեին վիրավորական արտահայտություններով ու սադրիչ գործողություններով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ