Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Համբարձման տոնը
Արխիվ 16-20
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր մեծ շուքով տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը, որը, տնօրինությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հռչակվել է որպես Սուրբ Էջմիածնի ուխտի օր:
Տերունի տոնին, երբ հիշատակվում է նաեւ 1441 թվականին Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի՝ Սսից Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական իրադարձությունը, Հայոց Հովվապետի շուրջն էին համախմբվել հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, թեմերում սպասավորող քահանաներ եւ բազմաթիվ ուխտավորներ:
Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. ԳԱՐԵԳԻՆ վարդապետ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ:
Իր քարոզում Հայր Գարեգինն անդրադարձավ Համբարձման տոնի խորհրդին. «…Համբարձման խորհուրդն այսօր առաքելագործության պատգամ է, որ ամենքիս ուղղում է Քրիստոս: Քրիստոսի համբարձումը նաեւ Իր երկրավոր առաքելության ամբողջացումն ու կատարելությունն է: Քրիստոս երկինք մտնելով ամենքիս ցույց տվեց, որ մենք եւս այնտեղ պետք է գնանք: Եթե համբարձման պատմությունը չլիներ, մենք երբեք չէինք իմանա, թե Ս. Հարությունից հետո Քրիստոսի հետ ի՛նչ տեղի ունեցավ, ինչպե՛ս վերամիավորվեց Հայր Աստծո հետ եւ այդ կատարյալ վերամիավորության պատկերը մեզ համար ի՛նչ է, եթե ոչ կատարյալ հույս մեր իսկ` Աստծո հետ միավորության»:
Պատարագիչը խոսեց նաեւ ազգային-եկեղեցական կյանքում առաքելագործության կարեւորության մասին:
«…Առաքելագործության տեսիլքով է, որ Քրիստոսի երկու առաքյալները՝ Ս. Թադեոսն ու Ս. Բարդուղիմեոսը, եկան Հայաստան եւ Քրիստոսի` «գնացե՛ք, աշակերտեցե՛ք, մկրտեցե՛ք» ավետիսն ու պատգամը բերեցին նաեւ Հայոց աշխարհ: Այդ նույն տեսիլքով է, որ այստեղ 301 թվականին Ս. Գրիգոր Լուսավորիչը հիմնեց այս Աթոռը՝ առաջին գահակալը դառնալով Սուրբ Էջմիածնի Արարատյան նախամեծար Աթոռի:
Դարեր շարունակ այս Աթոռը դեգերեց, դարեր շարունակ շրջեց, գնաց ուր որ թագավորն էր, ուր որ ժողովուրդն էր, եւ վերջիվերջո՝ 15-րդ դարում՝ սրանից 577 տարիներ առաջ, Աթոռը վերահաստատվեց Սուրբ Էջմիածնում:
Ինչպես Թովմա Մեծոփեցի պատմիչն է ասում՝ այն պահին, երբ Արեւելյան վարդապետներն ու հավատացյալները հավաքվել էին այստեղ՝ այս Սուրբ Տաճարում, սավառնաթեւ մի արծիվ գալիս եւ բազմում է Տաճարի սուրբ խաչի վրա, եւ դա նշան էր, որ վարդապետները գնան եւ առաքելագործեն, որովհետեւ, ինչպես այդ պահին Թովմա Մեծոփեցին է նորից վկայում՝ բացում են Ավետարանը եւ ընթերցում այն հատվածը, որտեղ Քրիստոս ասում է՝ «այս աշխարհում նեղություններ կտեսնեք, բայց քաջալերվեցե՛ք. Ես հաղթեցի աշխարհին»:
Այս պատգամով է, որ Առաքելական այս Աթոռը 1441 թվականին՝ հենց այս օրը՝ Համբարձման տոնին, վերահաստատվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Եվ այդ դարից ի վեր, այդ պահից ի վեր հայոց վարդապետները, եպիսկոպոսաց դասը, ամբողջ ժողովուրդը ձեռնամուխ եղան այս Տաճարի վերաշինությանը:
Եվ մինչեւ այսօր հայ ազգը հոգեւորապես սնվում է հենց այս նախամեծար Արարատյան Ս. Էջմիածնի Աթոռից՝ ստանալով իր մխիթարությունը, իր հոգեւոր զարթոնքի սնունդը: Այս Աթոռը դարձավ ներման, արդարացման եւ հաշտության Աթոռ», - ասաց Հայր Գարեգինը` հավելելով, որ այսօր այն եւս իր գահակալով շարունակում է առաջնորդել Հայոց Եկեղեցին՝ մարդկանց կյանքի մեջ բերելով ներում, արդարացում եւ կատարյալ հաշտություն Աստծո հետ:
Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք:
Արարողության ընթացքում հոգեւոր դասը եւ ներկա հավատավոր ժողովուրդն առ Աստված աղոթք բարձրացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության, պայծառության ու շենացման համար: