Ցեղասպանության տարելիցին հայ կարատեիստը Թուրքիայից վերադարձել է հաղթանակով (Տեսանյութ)
Արխիվ 16-20Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ապրիլի 20-22-ը տեղի է ունեցել կարատեի թվով 9-րդ WSF վարկածով աշխարհի առաջնությունը: Այս առաջնությանը մասնակցում էին 45 պետության մարզիկներ, այդ թվում՝ մեր հայրենակից աշխարհի եւ եվրոպայի չեմպիոն ԿԱՄՈ ՈՒՆԱՆՅԱՆԸ:
Պարզվում է՝ մեր մարզիկը Թուրքիայում ունեցել է չորս մենամարտ: 1/8 մրցելով ռումինացի մարզիկի դեմ՝ դուրս է եկել քարորդ եզրափակիչ, որտեղ իր մրցակիցն է եղել Ադրբեջանը ներկայացնող Արիվ Մամադովը: Ունանյանն այստեղ ունեցել է դժվարություններ, որովհետեւ եղել է որոշակի ճնշում երկրպագուների կողմից ու կողմնակալ մրցավարություն: Բայց, արդյունքում հայ մարզիկին հաջողվել է վերջին 30 վայրկյանում տապալել ադրբեջանցուն եւ անցնել 1/2 կիսաեզրափակիչ:
Այս անգամ Ունանյանի մրցակիցը եղել է հարեւան Իրանի ներկայացուցիչ Առաշ Պիռֆալակը, ում նույնպես հաղթելով՝ դուրս է եկել եզրափակիչ, իսկ եզրափակչում արդեն պայքար է մղել բուլղարացի Իվայլո Պետկովի դեմ եւ վստահ հաղթանակ տանելով՝ դարձել WSF վարկածով կարատեի աշխարհի չեմպիոն:
Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլի սկզբին Գերմանիայում կայացած WKF վարկածով միջազգային մրցաշարում Ունանյանը պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցնելով՝ ստացել էր լուրջ վնասվածք: Բժիշկները բացառել էին նրա հետագա մասնակցությունն այլ մրցաշարերի, սակայն նա բացառիկ կամք դրսեւորելով, փաստորեն, գնաց ռիսկային քայլի ու լուրջ կողոսկրային վնասվածքով իր մասնակցությունն ունեցավ ստամբուլյան առաջնությանը: Իսկ հաղթանակը նվիրեց Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
