Գավառի թատրոնի գլխավոր ռեժիսորն արժանացավ խրախուսական մրցանակի
Արխիվ 16-20Այսօր կայացած «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը դատարկաձեռն չթողեց նաեւ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Լեւոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնին: Թատրոնի դերասանուհի ԼԱՈՒՐԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ արժանացավ «Արտավազդ» դեբյուտ դիպլոմի՝ «Սալոմե» ներկայացման մեջ իր դերակատարման համար: Իսկ թատրոնի գլխավոր ռեժիսոր ԱՐՄԵՆ ՍԱՖԱՐՅԱՆՆ արժանացավ «Արտավազդի» խրախուսական մրցանակի` նույն ներկայացման բեմադրության համար: Հանձնելով մրցանակը Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ շեշտեց, որ Ա. Սաֆարյանից ակնկալում է լուրջ ստեղծագործական հեռանկարներ:
Ի դեպ, Թատրոնի միջազգային օրվա նախօրեին Ա. Սաֆարյանը «Ազդակ» լրագրողական ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ 2008 թվականից իրենց թատրոնի պայմանները թույլ չեն տվել նորմալ ստեղծագործելու. «Շենքը վթարային էր, բայց դա չէր խանգարում, որ մարդիկ աշխատեին` նրանք աշխատում էին մշակույթի տան մի փոքրիկ սենյակում, թեպետ մշակույթի տունն էլ մի լավ պայմաններում չէր: 2015 թվականին, երբ նշանակվեցի թատրոնի ռեժիսոր, չգիտեի, որ աշխատելու եմ վառված դպրոցում, քանի որ թատրոնի շենքն ամբողջությամբ փլվել էր, եւ մարդիկ տեղափոխվել էին վառված դպրոց: Երեւանից եկած դերասանները զարմանում էին, թե ինչպես ենք այդ պայմաններում աշխատում` իսկ այդ պայմաններում աշխատեցինք երեք տարի, ավելին` մասնակցեցինք փառատոների: Իսկ այսօր ունենք թատրոնի շենք, շուտով տեղի կունենա բացումը»:
Ա. Սաֆարյանն անկեղծանալով նաեւ հավելել էր, որ երբ ասում ենք մարզային թատրոն, հետեւից գալիս են մի շարք խնդիրներ` սկսած կադրային հարցերից մինչեւ ներկայացումներ բեմադրելը. «Թատերական ինստիտուտն ավարտելիս` ես ներսից ծանոթ էի Հ. Պարոնյանի անվան թատրոնի մեծ կոլեկտիվի աշխատանքներին եւ դրանից հետո միանգամից հայտնվեցի Գավառի թատրոնում, որտեղ շենք չկար... Բացի շենքի խնդիրներից, ներկայացումներ բեմադրելու համար չկան համապատասխան հնարավորություններ, բայց այդ ամենն արդեն անցյալում է` հիմա ունենք նոր շենք»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

