Տիգրան Բարսեղյանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ) ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԵԼ ԵՆ ԵԱ-ՈՒՄ «Սիրելի Միկի, շնորհակալ եմ».Անդրեա Բոչելին` Մխիթարյանին Զելենսկու գլխին ոչ թե պարզապես մութ, այլ կարկտաբեր ամպեր կախվեցին Ֆրանսիայի երկնքում նկատվել են վառ կարմիր կայծակներ (Տեսանյութ) Ֆրանսիական բումերանգի էֆեկտը... Եվրոպան եւս «գցեց» Կիեւին Պատերազմից ժամանակ առաջին անգամ ռուսական հրթիռային անօդաչուն հասել Լվով ԱԺ-ում կա ուղղակի քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակ. Բադալյան Դեպքը, որը վերագրվում է «մանախին», աբսուրդ է․ փաստաբան

«Անհրաժեշտ է ժամ առաջ ընտրել նոր պատրիարք». Ի՞նչ է առաջարկում Թուրքիայի հայ համայնքը

Արխիվ 16-20

Հունիսի 21-ին Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանի առջեւ տեղի է ունեցել բողոքի ցույց` ընդդեմ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Տ. Արամ արք. Աթեշյանի, ով վերջերս Թուրքիայի նախագահ Էրդողանին ուղղված նամակով առաջացրել է ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքյան հայության զայրույթը: Ի՞նչ է պահանջում Թուրքիայի հայ համայնքն այսօր, որո՞նք են ստեղծված իրավիճակում հնարավոր լուծումները, եւ որտեղի՞ց են ծագել այսօրվա խնդիրները, «Իրավունքին» հաջողվեց կապ հաստատել եւ պարզել Թուրքիայում մարդու իրավունքների միության անդամ, պոլսահայ (ստամբուլահայ) լրագրող ՀՐԱՆՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՑ, ով նախ պատմական էքսկուրս կատարեց.

– 2008 թվականի սկզբին արդեն բացահայտորեն հայտարարվեց Կ.Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանի հիվանդության մասին, որի պատճառով մեր սրբազան պատրիարքը ութ տարիե ի վեր հեռու է նվիրական Աթոռից:

Հիվանդության բացահայտումից հետո անորոշ եւ խառնաշփոթ իրավիճակը 2010 թվականին հանգեցրեց նրան, որ պատրիարքի ընտրություն կատարելու համար ստամբուլահայերը դիմում ներկայացրին երկրի Ներքին գործերի նախարարությանը, քանի որ պետք էր օրինական արտոնություն` ընտրություն անցկացնելու համար:

Նախարարությունը Ստամբուլի կուսակալության միջոցով պատասխանեց դիմումին, սակայն մերժեց` պատճառաբանելով, որ Մեսրոպ պատրիարքը դեռ չի վախճանվել, իսկ  պատրիարքներն ընտրվում են ցմահ: Եվ Ստամբուլի կուսակալության միջոցով հասած թուրքական պետական պատասխանի մեջ հորդորվում էր` ընտրել «պատրիարքի փոխանորդ»: Արդյունքում պատրիարքարանի Կրոնական ժողովը, առանց ստամբուլահայության կարծիքը հաշվի առնելու 48 ժամվա մեջ Արամ արք. Աթեշյանին նշանակեց «պատրիարքի ընդհանուր փոխանորդ»: Այսինքն` պետության թելադրանքով, ավելին` նույնիսկ կասեի` պարտադրանքով միանգամից նա ընտրվեց Պատրիարքարանի Կրոնական ժողովի անդամների` պարզապես, մեկ տասնյակ հոգեւորականների կողմից` առանց որեւէ առարկության: Այսօրվա հարցերն ու խնդիրները սկսվեցին հենց այստեղից, որովհետեւ Պոլսո Հայոց Պատրիարքության 550-ամյա պատմության ընթացքում չտեսնված բան է, որ լինի «պատրիարքի ընդհանուր փոխանորդ» կոչված պաշտոն:

– Իսկ ի՞նչն էր պատճառը, որ հենց 2010-ին Թուրքիայի կողմից դրվեց այդպիսի պետական պարտադրանք:

– Կարծում եմ, որ հիմնականում որոշ քաղաքական մտավախություններ կային: Մոտենում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, իսկ Թուրքիան մեծ բարդույթներ եւ վախեր ուներ Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված: Այս ի՞նչ զուգադիպություն էր, որ հիվանդացավ պատրիարքարանի գահակալը եւ, կարծես, հատուկ միաձայն համաձայնությամբ` գործի դրվեց նվիրյալ Աթոռը թափուր թողնելու ռազմավարությանը: Այո՛, Մեսրոպ արք. Մութաֆյանը մեր սիրելի պատրիարքն է, եւ ես էլ եմ իմ հնարավարությունների սահմանում 1998-ին սատարել իր ընտրության քարոզարշավին, բայց գործնական առումով պատրիարքի Աթոռը թափուր է ահավասիկ 8 տարիը ի վեր: Այս խնդիրը նախեւառաջ հոգեւորականները իրենց մեջ պետք է լուծեն, եւ այլեւս ժամանակն է, որ լուծեն: Քանի որ պնդում են, որ Պատրիարքարանը Թուրքիայում հայության հոգեւոր կենտրոնն է, ուրեմն` իրոք, թող լինի հայության կողմից ընտրված հոգեւոր առաջնորդ` պատրիարք:

– Ի վերջո, ի՞նչն է պատճառը, որ պատրիարքի ընտրություններն այսքան տարի ձգձգվում է, եւ ի՞նչ կարող է փոխել նոր պատրիարքը:

– Խնդիրն ունի իրավական բնույթ, որն առավել կարեւոր է: Թեպետ, Անկարայի իշխանությունները Պատրիարքարանը դե ֆակտո Պոլսահայ համայնքի գլխավոր ներկայացուցչությունն են համարում, հրավիրում են Անկարայի որոշ մակարդակի պաշտոնական արարողություններին, սակայն մյուս կողմից Պատրիարքարանի կարգավիճակը պաշտոնապես ճանաչված չէ Թուրքիայի Հանրապետության որեւէ կառավարության կողմից: Սա է հիմնական հարցը, որ յուրաքանչյուր պատրիարքի վախճանից հետո անցումային կարգադրությամբ եւ հատուկ թույլտվությամբ է կատարվում պատրիարքի ընտրությունը: Եվ սա նույնիսկ վտանգավոր է, որովհետեւ ողջ ստամբուլահայության ընտրության փոխարեն, այն կարող է մատնվել մի քանի հոգեւորականի քմահաճույքին: Հետեւաբար, անհրաժեշտ է ժամ առաջ ընտրել նոր պատրիարք, ում առաջնահերթ եւ հիմնական գործը պետք է լինի Պատրիարքարանի կարգավիճակի ճանաչման հիմնահարցը լուծել: Սրա համար, եթե կարիք լինի, նաեւ միջազգային հանրության աջակցությանը կդիմենք, եւ, կարծում եմ, մեր ժողովրդի կողմից ընտրված պատրիարքը կստանա այդ աջակցությունը:

– Այդուհանդերձ, Դուք ինչպե՞ս եք տեսնում ելքն այս իրավիճակից:

– Ինչպես վերը նշեցի, այս խնդիրը նախեւառաջ հոգեւորականներն իրենց մեջ պետք է լուծեն, եւ սա վերաբերում է նաեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնին, քանի որ Մայր Աթոռն ունի Գերագույն Կրոնական ժողով գումարելու իրավասություն: Չէ որ հենց Մայր Աթոռն է տնօրինում աշխարհացրիվ ողջ հայությանը` Կաթողիկոսի կողմից: Սակայն ես շատ լավ հասկանում եմ Մայր Աթոռի հոգեւորականներին, որոնք որոշ քաղաքական պատճառներով չեն շտապում արձագանքել Արամ արք. Աթեշյանի հասցեին ուղղված ծանր քննադատություններին: Բայց, որպես այս եկեղեցու ամենահամեստ զավակ, ակնկալում եմ, որ ստեղծված այս դժբախտ մթնոլորտը առիթ դառնա, որպեսզի Հռոմի պապի այցելությունից հետո կայանալիք Գերագույն ժողովի ընթացքում ստեղծվի հատուկ  հանձնախումբ, որը կզբաղվի Պոլսո Հայոց Պատրիարքարանի կարգավիճակի ճանաչման հիմնահարցը լուծելով: Այս առթիվ, ինչո՞ւ ոչ, թող վերանայվի նաեւ պատրիարքի ընտրություն անցկացնելու հանգամանքները, մասնավորապես` վերանայվի «ցմահ» պատրիարք ընտրելու կետը: Եթե պետք է, հանուն այս իրավիճակից դուրս գալու` թող ժամանակակից բարելավումներ քննարկվեն` դարեր առաջվա կարգադրությունները վերանայելով: Թող քննարկեն նաեւ, թե Թուրքիայում մյուս հոգեւոր առաջնորդները ինչպես են ընտրվում եւ ինչ հանգամանքներով: Այստեղ, օրինակ, Թուրքիայի հրեա համայնքը իր րաբունապետին` խախամին, ընտրում է 7 տարին մեկ` առանց նրա վախճանին սպասելու: Ի դեպ, սրանից 68 տարի առաջ ստամբուալահայությունը նույն անորոշ եւ խառնաշփոթ իրավիճակում էր հայտնվել, երբ 1944-ին վախճանվեց Պոլսո Հայոց Պատրիարք Մեսրոպ արք. Նարոյանը: Այն ժամանակ նույնպես նշանակվեց պատրիարքի տեղապահ, որի գործունեության պատճառով երկար տարիներ ձգձգվեց պատրիարքի ընտրությունը: Եվ միայն չորս տարի հետո` 1948-ին, Պատրիարքարանի հոգեւորականները խռովություն ստեղծեցին պատրիարքի տեղապահ Գեւորգ արք. Արսլանյանի դեմ` նրան մեղադրելով պատրիարքի ընտրությունը ձգձգելու հանցանքի մեջ: Փաստորեն, շուրջ 70 տարի հետո պատմությունն այսօր նորից պիտի կրկնվի՞: Եթե ոչ, ապա մենք` որպես ազգ, մի կողմ դնելով դասակարգերը, միասնական, մնայուն լուծում պիտի կարողանանք գտնել այս հարցի ուղղությամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ