«Ազնվությունը միշտ հաղթում է». «Եվրատեսիլ» կգնա Սեւակ Խանաղյանը (Տեսանյութ)
Արխիվ 16-20Առաջին անգամ եվրատեսիլյան բեմում կհնչի հայերեն երգ: Քիչ առաջ հայտնի դարձավ «Դեպի Եվրատեսիլի» հաղթողը, այս դեպքում` բացարձակ հաղթողը ՍԵՎԱԿ ԽԱՆԱՂՅԱՆՆ էր: Եվ 9 եվրոպական երկրից կազմված միջազգային ժյուրին, եւ հեռուստադիտողներն իրենց ամենաբարձր 12 միավորը տվեցին հենց նրան: Ըստ էության, սրանով նրանք փաստեցին, որ ինչպես Ս. Խանաղյանն ասաց. «Ազնվությունը միշտ հաղթում է»: Հիշեցնենք, որ Ս. Խանաղյանը Լիսաբոնում մայիսին կայանալիք «Եվրատեսիլ 2018»-ին կներկայանա իր հայերեն «Քամի» երգով:
Ի դեպ, բավական ուշագրավ էր, թե ինչպես բաշխվեցին մյուս մասնակիցներին տրված միավորները: Մհեր Արմենիան, ում անունն անընդհատ շրջանառվում էր, որ ինքն է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլում», միջազգային ժյուրիի կողմից ստացավ ընդամենը 1 միավոր: Իսկ Կամիլ շոուին ժյուրին տվեց 2 գնահատականը, թեպետ եզրափակիչ փուլին եկել էր ճամպրուկներով, որ միանգամից Պորտուգալիա մեկնի: 3 միավոր ստացավ իր պարային համարով Գեւորգ Հարությունյանը, լուսանկարիչ Ռոբերտ Քլոյանի կատարումն էլ արժանացավ 4 միավորի: Մարիամը դարձավ բաժանարարը գերազանցիկների ու հարվածայինների՝ ստանալով ընդամենը 5 միավոր, Հասմիկ Շիրոյանը, որը խոստանում էր «Եվրատեսիլը» բերել Հայաստան, ստացավ 6 միավոր: Լուսինե Մարդանյանը, ինչպես կիսաեզրափակիչ փուլում, այնպես էլ այս անգամ ակամայից հայտնվեց լավագույնների շարքում՝ արժանանալով 7 միավորի: Lավագույն եռյակում էին բացի Սեւակ Խանաղյանից նաեւ Ամալյա Մարգարյանը՝ 8 միավորով, եւ «Նեմրա» խումբը՝ 10 միավորով:
Հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքներն էլ բաշխվեցին հետեւյալ կերպ՝ 1 միավոր ստացավ Լուսինե Մարդանյանը, 2 միավոր՝ Ռոբերտ Քլոյանը, 3 միավոր՝ Հասմիկ Շիրոյանը, 4 միավոր՝ Մարիամը, 5 միավոր՝ Գեւորգ Հարությունյանը, 6 միավոր՝ Մհեր Արմենիան, 7 միավոր՝ Ամալյա Մարգարյանը, 8 միավոր՝ «Նեմրա» խումբը, 10 միավոր՝ Կամիլ շոուն, դե իսկ 12 միավորը Սեւակ Խանաղյանինն էր:
Փաստորեն, այս քվեարկությամբ հեռուստադիտողները կարողացան փարատել բոլոր մտահոգությունները՝ լուսանցքում թողնելով ամենաշատ քննարկված Կամիլի անհասկանալի կերպարը: Ավելին՝ նա ոչ միայն չընդունվեց հանրության կողմից, այլեւ «Նեմրա» խմբի, որոնք իրենց վերաբերմունքը արտահայտեցին հենց հեռուստաեթերից, երբ Կամիլն իրենց ֆոնին «մայմունությամբ» էր զբաղված: «Էս Կամիլը ուզում ա մտնի մեր խումբ, բայց թողող չկա», - անկեղծորեն կատակեց «Նեմրա» խմբի ոկալիստը:
Նշենք նաեւ, որ եվրատեսիլյան թոհուբոհն այսքանով չի ավարտվում, քանի որ այսուհետ մանկական «Եվրատեսիլի» մասնակիցը եւս ընտրվելու է «Դեպի Եվրատեսիլ» մրցույթով, որին կարող են մասնակցել 9-14 տարեկան երեխաները՝ իրենց մասնակցության հայտերը ներկայացնելով սկսած մարտի 15-ից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
