Գյումրու Ս. Ամենափրկիչ եկեղեցին պետք է մինչեւ դեկտեմբեր ամբողջովին վերանորոգված լինի
Արխիվ 16-201860-1873թթ Գյումրի քաղաքի կենտրոնում կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բարեկարգման աշխատանքները մոտենում են ավարտին: Օրերս ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը փոխնախարար Արև Սամուելյանի հետ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի ուղեկցությամբ տեղում ծանոթացել ու գնահատել են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման ավարտական փուլի ծրագրին։
Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով, Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին՝ 2018թ. դեկտեմբերին, Գյումրու Ս. Ամենափրկիչ եկեղեցու ներսը, դուրսը և հարակից տարածքը պետք է ամբողջովին վերանորոգ ավարտուն տեսքի բերված լինեն։
Եկեղեցին, որը գտնվում է Գյումրի քաղաքի կենտրոնում, կառուցվել է 1860-1873թթ.: Շինության ճարտարապետն է Թադևոս Անդիկյանը:
Ամենափրկիչ եկեղեցին ոչ միայն Գյումրիի, այլ Հայաստանի նշանակալի ճարտարապետական կառույցներից է: Եկեղեցու հատակագիծը շատ նման է Անիի Մայր Տաճարին, սակայն նրա բացարձակ կրկնօրինակը չէ: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ավելի ընդարձակ է, ունի մեծ օղակաձև պատուհաններ: Նրա արևմտյան մասում է գտնվում զանգակատունը:
Եկեղեցու բավական հարուստ հարդարանքն առանձնանում է զարդաքանդակներով: Խորհրդային իշխանությունը 1930թ.եկեղեցին առգրավել էր և փակել: Ժամանակի ընթացքում եկեղեցու գմբեթը քանդվեց, իսկ 1937-ին զանգակատունը պայթեցվեց:
1964թ. քաղաքի գլխավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանը վերականգնեց զանգակատունն իր նախկին տեսքով: Խորհրդային ժամանակաշրջանում տաճարը վերափոխվել էր համերգային դահլիճի, որտեղ հնչում էին Բախի, Մոցարտի և Կոմիտասի գործերը: Եկեղեցու շենքը, որը դիմակայել էր 1926թ. երկրաշարժին, անզոր գտնվեց 1988թ. աղետի դեմ:
90-ական թվականների սկզբին հիմնվեց «Ամենափրկիչ» հիմնադրամը` տաճարի, ինչպես նաև մի շարք այլ պատմական հուշարձանների վերականգման նպատակով: Եկեղեցին վերականգնվեց ՀՀ կառավարության հատկացրած և մի շարք բարերարների նվիրաբերած միջոցների հաշվին: Վերականգնման աշխատանքները տևեցին 20 տարուց ավելի: 2002 թ.-ից եկեղեցու վերականգման աշխատանքների ծախսն իր վրա վերցրեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
2014 թ.-ին եկեղեցու արտաքին տեսքը վերականգնվել է։ Նույն տարում օծվել են եկեղեցու խաչերը և տեղադրվել։
Նախկին կառույցից պահպանված ամեն մի քար օգտագործվել է նոր շենքը կառուցելիս: Սակայն եկեղեցու գմբեթը, որը երկրաշարժի ժամանակ ճաքել և ցած էր ընկել` ամբողջությամբ պահպանված, վերականգնման ենթակա չէր: Այնուամենայնիվ այն պահվում է եկեղեցու բակում: Եկեղեցու պատերն ամրապնդվել են երկաթբետոնե կառուցվածքներով: Ինչպես հավաստիացնում են մասնագետները, այս մոնոլիտ կառույցը դեռ կանգուն կմնա մի քանի հարյուրամյակներ: