«Մեր երազանքի ճանապարհ»`7 նովել մեկ գեղարվեստական ֆիլմում
Արխիվ 16-20«Շարմ Հոլդինգը»-, Հայաստանի հանրային հեռուստաընկերութունը եւ DMH studio-ն համատեղ նախաձեռնել են մի նախագիծ, որն իրենից ներկայացնում է 7 նովելից բաղկացած «Մեր երազանքի ճանապարհ» գեղարվեստական ֆիլմ: Յուրաքանչյուր նովելի հիմքում ընկած է մի պատմություն, սակայն բոլորն էլ առնչվում են Հայաստանի անցած ճանապարհի հետ ու հիմնված են Հայաստանի հանդեպ սիրո վրա: Ռեժիսորներն են՝ Արամ Շահբազյանը, Արկա Մանուկյանը, Արեն Մալաքյանը, Էդգար Բաղդասարյանը, Հրաշ Քեշիշյանը, Արշալույս Հարությունյանը և Մհեր Մկրտչյանը:
Յոթ նովելից բաղկացած ֆիլմի հերոսները մեր կողքին ապրող մարդիկ են, մեր անկախության 25-ամյա ճանապարհն անցած տարբեր ճակատագրեր: Յոթ պատմություն, որոնցում կա պայքար, սեր, նվիրվածություն, հիասթափություն, կորստի ցավ, սեր ու երազանքներ… Ֆիլմը հանդիսատեսին պատմում է ամենապարզ ճշմարտությունների, մարդկային կարեւորագույն արժեքների՝ նվիրվածության ու միմյանց աջակից լինելու, արյան կանչի, սիրո ու ջերմության, նոր ընտանիքի ստեղծման և պայծառ երազանքների մասին …
7 նովելներն են՝
«Բարև, սիրելիս» սցենարը՝ Հարություն Հարությունյանի, ռեժիսոր՝ Արամ Շահբազյան, օպերատոր՝ Արմեն Ահարոնյան. «1992 թվական: Նա, ով անցել է պատերազմի ճանապարհով, երբե՛ք չի մոռանա այն: Բայց գուցե չմոռանա, որովհետեւ առաջնագծում՝ վտանգի, փոշու ու կարոտի մեջ գրված երազանքի մի նամակ է հիշում, որը նույնիսկ օտարների ձեռքում հնչում է ինչպես մայրենի ու դառնում անձնական: 12 մարտիկներ առաջնագծում ձեռքից ձեռք են փոխանցում ու արտագրում մի նամակ, որ գրել է իրենցից մեկը: Ճակատագրով՝ պատերազմը վերապրում է միայն նամակը»:
«Ֆա»`սցենարը՝ Էդուարդ Այանյանի, ռեժիսոր՝ Արկա Մանուկյան, օպերատոր՝ Վարդգես Մանուկյան.«1993 թվական: «Կորած» նոտա, որը կարող է ճակատագրական դառնալ մի ամբողջ հանրապետության համար, բայց թաքնված է երկրի խորքերում: Ընդամենը նոտայի ձայն՝ բարձրացող երկինք, որ այնուհետ տարածվո՜ւմ է ու դառնում հանրապետության գլխավոր ժամացույցի մեղեդին: Մի՞թե այն հնչեցնելը մնալու է իբրեւ երազանք… Նոտա, որը գտնելու ճանապարհին խենթերը կզանգեն հազար ու մի եկեղեցիների զանգերը»:
«Ձյուն »` սցենարի հեղինակ եւ ռեժիսոր՝ Արեն Մալաքյան, օպերատոր՝ Ֆելիքս Շախտոյան. «2005 թվական: Կարծում եք հազվադե՞պ է ապրիլին ձյուն տեղում: Ձյունը կգա՛, եթե ուժգին ցանկանաս ու հավատաս: Հատկապես, եթե այն իր ճերմակ սավանով Ցեղասպանության ճանապարհին թաքցրել ու փրկել է հորդ պապին, ֆաշիստներից՝ քո պապին, արցախյան պատերազմում՝ հորդ…Դա երազանք չէ, այլ՝ իրական, հույսով լցված պատկեր, որ փաթիլ-փաթիլ թափվում է երկնքից»:
«Սիմոնի ճամփան»` Բորիս Հայրապետյանի «Պարզ պատմություն» պատմվածքի մոտիվներով`եժիսոր՝ Էդգար Բաղդասարյան, օպերատոր՝ Մկրտիչ Բարոյան.«2010 թվական: Ընդամենը մի կարճ տարածություն, որ բաժանում է ոչ միայն երբեւէ իրար կորցրած մարդկանց ու նրանց երազանքները, այլեւ ազգերի կենսագրություն, պատմություն: Եղածը մի փոքր ձորակ է, սակայն շրջանցելու համար անցնում ես հազարավոր կիլոմետրեր ու այդ ճանապարհին ինքդ քեզ հարց տալիս՝ թե ո՞վ ես ու ի՞նչ ես ցանկանում իրականում»:
«Հայրը»` սցենարը՝ Հարություն Կբեյանի, ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյան, օպերատոր՝ Սուրեն Թադեւոսյան.« 2013 թվական: Հմայիչ, հաջողակ գործարար, երազանքներ իրականացնող տղամարդ, ով իր կյանքում հասել է բարձունքների եւ վստահ է, որ ամեն ճանապարհ բաց է իր առաջ: Բայց…կան իրողություններ, որոնք վեր են ամեն ինչից եւ պարուրված են մի սիրով, որի անունն է ԾՆՈՂ: Չես կարող լինել լիարժեք, եթե չես գրկում (թեկուզ մտքով) նրան, ով բոլորից շատ է սիրում քեզ»:
«Մեղրամիս»` սցենարը՝ Նարեկ Մարգարյանի, ռեժիսոր՝ Արշալույս Հարությունյան, օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան.«2015 թվական: Հանուն սիրո՜. այս արտահայտությամբ են կատարվում ամենաանհավանական խենթությունները եւ միայն սիրո բուրմունքից արբելով է հնարավոր Էյֆելյան աշտարակը բերել Երեւան կամ ընտրությունների մասնակցել՝ հենց հարսանիքիդ օրը: Նորաստեղծ ընտանիք, որ կհասնի գիշերային կտուր՝ շամպայնի բաժակներ բարձրացնելու համար: Գլխապտույտ երազանքներ եւ ամեն ինչ՝ սիրո ճանապարհին»:
«Սեր, երազանքներ»` սցենարի հեղինակ եւ ռեժիսոր՝ Մհեր Մկրտչյան, օպերատոր՝ Ռուբեն Գասպարյան.« 2016 թվական: Կյանքը մի հիանալի արկած է նրանց համար, ովքեր ցանկանում են վերապրել խենթ հիշողություններ կամ վերագտնել կորցրած նոտաներ, թեկուզ արդեն ճերմակած ու հազարավոր կիլոմետրեր իրարից հեռու…Բայց անհրաժեշտ է հանդիպե՛լ, կրկի՛ն ու ջերմորեն գրկել միմյանց… եւ գուցե հենց Ամանորի՞ն, երբ երազանքների ճանապարհները կարո՛ղ են խաչվել»:
