Չեն լինի նախածննդյան տոներ, որպեսզի արձակուրդային էլ չվճարեն
Արխիվ 16-20Այս շաբաթ կառավարության նիստի օրակարգում է «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս նախագծով կառավարությունն առաջարկում է ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքից հանել «հունվարի 3-ին, 4-ին եւ 5-ին (նախածննդյան տոներ)» բառերը: Իսկ այն հիմնավորելու համար՝ ցիտում են մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանին, թե «տոնը» բնիկ հայերեն բառ է եւ նշանակում է հասարակական հանդես, հանդիսավոր օր, ապա պատմական էքսկուրս կատարելով՝ գործադիրը գալիս է հետեւյալ եզրահանգման. «Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) եւ Ծննդյան տոներ նախատեսելով: Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաեւ սոցիալ-տնտեսական տեսանկյունից:
Իսկ թե ինչու նպատակահարմար չէ, կառավարությունը բացում է փակագծերը՝ շեշտելով, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն, ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը 28 օրացույցային օր է` այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը եւ վճարվում միջին աշխատավարձը: Եվ եթե սրան գումարենք 15 ոչ աշխատանքային օր` ազգային տոներ եւ հիշատակի օրեր, ստացվում է նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր տարեկան: Ուստի՝ կառավարության կարծիքով՝ ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը արդեն իսկ գերազանցում է շատ զարգացած ե զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
