«Նաիրիտի» աշխատակիցները կառավարության շենքի դիմաց հայտարարեցին սգո օր
Արխիվ 16-20Արդեն երկար ժամանակ է, ինչ Երեւանի «Նաիրիտի» գործարանի աշխատակիցները պահաջում են գործարանի վերագործարկում: Այսօր հերթական անգամ նրանք նույն պահանջով հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի դիմաց: Այս անգամ նաիրիտցիները սգո օր էին հայտարարել եւ ցուցապաստառների վրա կպցրել սեւ ժամպավեն, ինչը «Իրավունքի» հետ զրույցում այսպես մեկնաբանեցին. «Արդեն երեք տարի է կառավարությունը մեզ անտեր շան նման գցել է դրսերը եւ տեր չի կանգնում»:
Այս անգամ նաեւ նաիրիտցիները քիչ էին, մեր այն հարցին, թե ինչով է սա պայմանավորված , գործարանի նախկին աշխատակից Նորիկ Ղարհամանյանը, պատասխանեց, թե մարդիկ փող չունեն, որ տան երթուղայինին եւ հասնեն կառավարության շենք: Նրա խոսքով` այսքան ժամանակ կառավարությունից որեւէ մեկը նրանց չի ընդունել. «Չեն ցանկանում լսել, թե ինչ ենք ուզում: Որքան երկար ենք պայքարում, այնքան ավելի վատ է լինում ու ակնկալիքները նվազում, բայց սա չի նշանակում որ դադարեցնելու ենք բողոքը, առանց պայքարի մեզ սկուտեղի վրա ոչինչ չեն մատուցի: «Նաիրիտը» պետք է գործարկվի, չնայած այսքան տարվա մեր պայքարից հետո հասկացա, որ գործարանը որեւէ մեկին պետք չէ»,-նշեց մեր զրուցակիցը եւ հավալեց. «Այս ամենը նման է նրան, որ մեզ օլիգարխներն ասում են, ախպեր ջան, եթե քեզ կաուչուկ, կոշիկ, ռեզին է պետք , ես կգնամ ու կբերեմ, միայն թե հարստանամ: Երկար տարիներ աշխատել եմ գործարանում որպես հումք արտադրող, այդքան թունավոր նյութեր եմ շնչել, առողջությունս վտանգել, բայց այսօր ստանում եմ 47 հազար դրամ թոշակ: Եթե կառավարության անդամներից մեկն այս գումարով կարողանա մեկ ամիս ապրել, այլեւս չեմ բողոքի սուս ու փուս կգնամ տուն»,-եզարփակեց մեր զրուցակիցը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ