«Հայրենասեր երաժիշտ Ստեփան Շաքարյան». հանդիպում կոմպոզիտորի հետ
Արխիվ 16-20
Հոկտեմբերի 25-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա համերգ-հանդիպում կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Շաքարյանի հետ:
Միջոցառմանը կհնչեն կոմպոզիտորի հեղինակային, ինչպես նաեւ ջազային ստեղծագործություններ ու հայկական ժողովրդական երգերի մշակումներ:
«Նարեկացի» արվեստի միությունից «Իրավունքին» տեղեկացրեցին, որ երեկոյի ընթացքում կներկայացվի նաեւ ԵԹԿՊԻ դոցենտ Գայանե Առաքելյանի արվեստանոցում նկարահանված «Հայրենասեր երաժիշտ Ստեփան Շաքարյան» 32 րոպե տեւողությամբ տեսաֆիլմը` սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Շուշաննա Թովմասյան:
Ստեփան Շաքարյանն ավելի քան ջազային 100 կոմպոզիցիաների հեղինակ է, որոնք ներգրավված են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում։
Նրա ստեղծագործությունները կատարում են Հայաստանի պետական ջազային, Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային եւ ջազային նվագախմբերն ու մի շարք այլ խմբեր։
Կոմպոզիտորի սիմֆոնիաները եւ կոնցերտները կատարել են հայ եւ այլազգի բազմաթիվ կատարողներ։
Ստեփան Շաքարյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 23-ին, Բաքվում: 1952 թվականին տեղափոխվել է Երեւան: 1954 թվականին ընդունվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 1956 թվականին Արամ Խաչատրյանի խորհրդով եւ հրավերով տեղափոխվել է Մոսկվայի Գնեսինների անվան ինստիտուտ, որից հետո՝ Լենինգրադի կոնսերվատորիա։ 1964 թվականին ավարտել է ուսումը եւ վերադարձել Երեւան։ 1986-1990 թթ. ՀՀ ռադիոպետկոմի մենակատարների ջազ-անսամբլի հիմնադիր-ղեկավար։ 1992 թվականից դասավանդում է Երեւանի պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր` 1998 թվականից: 2009 թվականին «Շարմ Հոլդինգ» ընկերությունը թողարկել է Ստեփան Շաքարյանի «Լուսինը սարերի վրա» ձայնասկավառակը, որը ներգրավվել է «Հայկական ջազ 70» ձայնասկավառակների հավաքածուի մեջ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ