«Կրոնական պատերազմների դարն այլեւս անցել է». Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ
Արխիվ 16-20
Այս օրերին Երեւանում է Մեծի Տանն Կաթողիկոսության Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ ՏԵՐ ՍԵՊՈՒՀ արքեպիսկոպոս ՍԱՐԳՍՅԱՆԸ, ում հետ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու հայ-իրանական հարաբերությունների, Թեհրանի հայ համայնքի եւ աշխարհասփյուռ հայության օրակարգային հարցերի շուրջ:
ԻՐԱՆՆ ԱՆՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է
– Սրբազան հայր, Հայաստանի եւ հարեւան Իրանի հարաբերություններում վերջին շրջանում բավականին մեծ ակտիվություն է նկատվում: Ի՞նչ կասեք այս մասին:
– Հայ-իրանական հարաբերությունների ակտիվացումը երբեմն կապված է Հայաստանի պետական այրերի ցանկությունից: Որպես գործընկեր` առեւտրի, քաղաքականության եւ այլ բնագավառներում, Իրանի կառավարությունը ամբողջապես վստահել եւ վստահում է Հայաստանին: Մնում է միայն, որ մեր հայրենի պետությունը լավագույնս այս ամենն օգտագործի եւ հասնի արդյունքի: Մեր խորհուրդն այն է, որ ավելի անկեղծ, հարազատ մոտեցմամբ երկու պետությունները շարունակեն երկուստեք հարաբերությունները:
– Որպես արդյունք` հնարավո՞ր է, որ նաեւ Իրանը Հայոց ցեղասպանությունը ճանաչի:
– Իրանական պետությունն, այո՛, Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չի ճանաչել, բայց հայերը տարիներ ի վեր ապրում են այնտեղ, եւ ամեն տարի Հայոց ցեղասպանության տարելիցի հանդիսավոր արարողության ժամանակ` Սուրբ պատարագին, ցույցերին, նաեւ իրենք են մասնակցում: Սա արդեն անուղղակիորեն Հայոց ցեղասպանության ճանաչում է:
«ԱՐՑԱԽՆ ԻՐ ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵԼ Է, ԻՐ ՀՈՂԵՐՆ ԱԶԱՏԱԳՐԵԼ Է, ՄՆՈՒՄ Է ՄԵՆՔ ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ»
– Կայացավ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովը, հետհայացք նետելով, Ձեր գնահատմամբ, ի՞նչ արդյունք այն ունեցավ:
– Յուրաքանչյուր ժողովի հաջողություն ոչ թե ներառված թեմաների մեջ է, թե ինչքան կարեւոր որոշումներ են ընդունվել, այլ հաջողությունն այն է, թե որքանով են այդ որոշումներն այժմեական, ինչ առնչություն ունեն ժողովրդի կյանքի հետ եւ արդյոք կարող են կյանքի կոչվել: Կարեւորը սա է, այլապես հռչակագիր լինի, որոշում, թե համաձայնագիր, կմնա պարզապես թղթի վրա: Մեր մաղթանքն ու աղոթքն այն է, որ այս որոշումները կյանքի կոչվեն եւ արդյունավետ լինեն ողջ հայ ժողովրդի համար, այլ ոչ թե միայն Երեւանի կենտրոնում ապրող մարդկանց համար: Ցանկանում եմ, որ այդ որոշումներն իրենց ազդեցությունն ունենան նաեւ գյուղում ապրող, հողի հետ աշխատող մարդկանց կյանքի վրա:
– Համաժողովի հիմնական շեշտադրումներից էր Արցախյան հիմնախնդրի լուծման ուղղությամբ գործադրված ջանքերը: Այս առումով քայլ առաջ տեսնո՞ւմ եք:
– Քայլ առաջ ընդհանրապես լինում է համաժողովից դուրս, եւ այս առումով արտերկրում պետությունների հետ աշխատանքներ տարվում են: Արցախյան հարցի վերաբերյալ, բնականաբար, մեկ անգամ եւս ժողովականները արտահայտեցին ժողովրդի կամքը` իրենց զորակցությունը հայտնելով Արցախյան հարցի խաղաղ կարգավորմանը` Հայոց բանակի աջակցությամբ: Արցախն իր հարցը լուծել է, իր հողերն ազատագրել է, եւ Պաշտպանության բանակն իր զենքով պաշտպանում է այն, մնում է, որ մենք տեր կանգնենք իրենց: Ես հավատում եմ, որ մեր ժողովուրդը, գոնե Թեհրանի հայկական համայնքի անունից վստահաբար կարող եմ ասել, որ պատրաստ ենք Արցախի եւ մեր բանակի համար տալ ամենաթանկը, որպեսզի մեր հայրենիքի եւ ժողովրդի անվտանգությունն ապահովենք:
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՂՈՒԹԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՀԱՅԻ ԴԻՄԱԳԻԾՆ ԱՆԱՐԱՏ ՊԱՀԵԼՆ Է»
– Համաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ սփյուռքյան խնդիրներին. հետաքրքիր է` ի՞նչ առաջնահերթ խնդիրներ ունի Թեհրանի հայկական գաղութը:
– Այս համաժողովին մենք լսողի դերում էինք, հակառակ նրան, որ մեզ խոստացել էին, որ մեր պատվիրակությունից երկու հոգի ելույթ պետք է ունենային` երկու տարբեր ոլորտներում: Անգամ խոսք էի պատրաստել, բայց երբ եկա, տեսա, որ ելույթ ունեցողների ցանկում անունս էլ չկար, եւ չխոսեցի: Պարզապես լռեցի, ի՞նչ կարող էի ասել:
– Գուցե հիմա՞ բարձրաձայնեք...
– Թեհրանի հայ համայնքի խնդիրների մասին խոսելու համար երկար ժամանակ կպահանջվի: Սակայն յուրաքանչյուր հայկական գաղութի հիմնահարցն այն է, որ հայի դիմագիծն անարատ պահի: Երկրորդ` հայրենիքի հետ իր կապը հարազատորեն պահելն է: Եվ երրորդը եւ ամենից կարեւորը` իր ներդրումը բերելն է այն երկրին, որտեղ ապրում է, որպեսզի այդ երկիրը հայ համայնքի հետ իր օգնությունը ցուցաբերի հայրենիքին` Հայաստանին եւ լավագույն կերպով օգտակար լինի:
«ԿՐՈՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԴԱՐՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՑԵԼ Է»
– Ի դեպ, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի նախաձեռնությամբ` վեց տարվա ընդմիջումից հետո Մոսկվայում հանդիպեցին տարածաշրջանի հոգեւոր առաջնորդներ` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսն ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն: Հնարավոր համարո՞ւմ եք կրոնական երկխոսության ճանապարհով Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:
– Հնարավոր է այն դեպքում, երբ քաղաքական ղեկավարները ցանկանան երկխոսությամբ հարցը լուծել: Այդ ժամանակ կրոնական երկխոսությունն էլ առաջ կգնա, այսինքն` կարծում եմ` մեկը մյուսին լրացնում է:
– Ընդհանրապես, մեր տարածաշրջանում տիրող աշխարհաքաղաքական փոփոխությունները, այդ թվում` Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը, կարո՞ղ է վերաճել մի նոր կրոնական պատերազմի:
– Կրոնական պատերազմների դարն այլես անցել է, որպեսզի կրոնի հետեւորդները միմյանց դեմ պատերազմեն: Կրոնի հետեւորդները եկել են այն եզրակացության, որ խաղաղությունն ու սերն են տիրապետողը, եւ մենք սիրով ու փոխըմբռնմամբ պետք է փորձենք մեր հարցերը լուծել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ