Ախուրյանի ջրամբարի իրավիճակը հիշեցրեց, որ կա օրենսդրական բաց
Արխիվ 16-20
Օրեր առաջ Ախուրյանի ջրամբարում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել, ջրամբարում ջուրը նվազել էր, որի հետեւանքով սատկել էին բազմաթիվ ձկներ:
«Իրավունքը» վերոնշյալ խնդրի մասին զրուցեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հետ: Ըստ նրա, նախարարությունն առաջարկել է, որպեսզի ստեղծվի մինչգերատեսչական հանձնաժողով, որպեսզի կարողանան գնահատել, թե՛ ջրամաբարի կարգավիճակի, թե՛ առհասարակ ջրամբարի ջրառի իրականացման ամբողջական կանոնները, եւ թե՛ դրանից վերեւ ու ներքեւ ամբողջ հատվածում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման համակարգը, որը ոչ միայն չի վնասի կենսաբազմազանությանը, այլեւ կապահովի էկոլոգիական հավասարակշռություն. «Ախուրյանի ջրամբարը համարվում է Հայաստանի եւ Թուրքիայի կողմից օգտագործվող արհեստական ջրավազան: Այն որպես կենսաբազմազանության պահպանման վայր հաշվառված չի եղել, եւ հիմնական նպատակը եղել է ոռոգում ապահովել երկու երկրների համար: Ցավոք, Ախուրյանի ջրամբարը նաեւ ջրօգտագործման թույլտվության համակարգ չունի`պայմանավորված իր կարգավիճակի առանձնահատկությամբ: Մենք թույլատրել ենք արդյունագործական ձկնորսության: Այն ինչ տեղի է ունեցել այնտեղ, այժմ լրացուցիչ ուսումնասիրման եւ քննարկման առարկա է դարձել»,-նշեց Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով` այս ոլորտում օրենսդրությունը բավականին թերի է, ինչն առաջիկայում պետք է շտկվի: Թե ինչո՞ւ մինչեւ հիմա չեն շտկել, բնապահպանության նախարարը պատասխանեց. «Այս տրամաբանությամբ մենք պետք է արձանագրեինք, որ ժամանակի ցանկացած պահին պետք է ունենայինք իդեալական օրենսդրություն, իդելական կառավարման համակարգ, բայց այդպես չէ»,-եզրափակեց բնապահպանության նախարարը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ