Ախուրյանի ջրամբարում ծկնաբուծական գործունեությունը օրենսդրորեն կարգավորված չէ
Արխիվ 16-20
Վերջին մի քանի օրերի ընթացքում Ախուրյանի ջրամբարում տեղի ունեցած արտակարգ իրավիճակի վերաբերյալ, այն է` ջրամբարում ջուրը գնալով նվազում է, իսկ ձկները աստիճանաբար սատկում են, պարզաբանում ստանալու համար «Իրավունքը» դիմեց Ջրային տնտեսության պետական կոմիտեին, հասկանալու համար, թե կոմիտեն ինչ քայլեր է ձեռնարկում իրավիճակը շտկելու համար: Կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանն ներկայարցեց իրենց կառույցի պարզաբանումը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ «Նշենք, որ 525 մլն մ³ ծավալով Ախուրյանի ջրամբարը կառուցվել է բացառապես ոռոգման նպատակով՝ 1963 թվականին Խորհրդային Միության եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված համաձայնության արդյունքում: Ախուրյան գետի ջրօգտագործումը, հետագայում՝ նաեւ Ախուրյանի ջրամբարինը, կատարվում են Թուրքիայի Հանրապետության հետ համատեղ՝ 50/50 սկզբունքով՝ 1927 թվականին ձեռք բերված միջպետական համաձայնագրի հիմքով: Դա նշանակում է, որ ջրամբարի կառավարման հետ կապված որեւէ որոշում չի կարող ընդունվել միանձնյա:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջրամբարը նախատեսված է միայն ոռոգման նպատակով ջրի կուտակման համար, այնտեղ ծկնաբուծական գործունեությունը օրենսդրորեն կարգավորված չէ: Ախուրյանի ջրամբարում ծկնաբուծություն իրականացվել է ինքնագործունեության հիմունքներով, որի համար ՋՏՊԿ-ն երբեւէ համապատասխան թույլտվություն կամ համաձայնություն չի տվել: Ավելին՝ ՋՏՊԿ-ն իրավասու չէ նման թույլտվություն տալ՝ առանց թուրքական կողմի համաձայնության: Թե՛ ջրի կուտակման, թե՛ շահագործման ողջ ընթացքում Հայաստանի եւ Թուրքիայի կողմից պահպանվել է ջրամբարից էկոլոգիական թողքը՝ 1.5 մ ³/վրկ թողունակությամբ: Ինչ վերաբերվում է ջրամբարի մեռյալ ծավալին, ապա այն, ըստ էության, նախատեսված չէ ծկնաբուծության կամ այլ տեսակի գործունեության իրականացման համար: Դա բացառապես տեխնիկական ծավալ է, որը հաշվարկվում է՝ հաշվի առնելով ջրամբարը շահագործման հանձնելու պահից 100 տարիների ընթացքում դրանում կուտակված տիղմի, այլ ոչ որեւէ նպատակով օգտագործման ենթակա ջրի կանխատեսելի ծավալը:
Նշենք, որ սեպտեմբերի 2-ից հայկական կողմը դադարեցրել է ջրբացթողումները Ախուրյանի ջրամբարից, ինչի արդյունքում սեպտեմբերի 3-ին նախորդ օրվա նկատմամբ ջրի ծավալներն ավելացել են 0,61 մլն մ³ -ով: Անդրադառնալով ջրային ռեսուրսների կառավարման խնդրին միայն մի քանի թիվ նշենք. այս տարի Ազատի եւ Ապարանի ջրամբարներում անցյալ տարվա համեմատ ջրի ծավալը պակաս է եղել 17 մլն մ³-ով: Ճիշտ կառավարման արդյունքում այսօրվա դրությամբ այս տարբերությունը հասցվել է զրոյական շեմի:
Հարկ ենք համարում նշել, որ ոռոգման շրջանի ավարտից հետո Ազատի ջրամբարն ամբողջությամբ դատարկվելու է՝ հատակային ջրթողի փականի վթարավերականգնողական աշխատանքներն իրականացնելու նպատակով: Վթարային իրավիճակի պատճառով այս տարի ունեցել ենք շուրջ 2 մ³/վրկ անկառավարելի ջրի հոսք: Ջրամբարում ջրի առկայության պայմաններում վերականգնողական աշխատանքների իրականացումն անհնարին կլինի»:
Ինչ վերաբերում է այն խնդրին, որ արդեն երեք օր է Արարատի մարզի մի քանի գյուղերում ոռոգման ջուր չկա եւ մարդիկ կանգնել են փաստի առեջւ, Ս. Մարտիրոսյանը նկատեց, որ ի սկզբանե կան համայնքներ, որտեղ ջուրը բաց են թողնում ջրախնայողության ռեժիմով, որպեսզի մյուս համայնքներին եւս կարողանան ջուր մատակարարել:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ