Հիշողությունից ծնված «Երեք քույրը»․ Շահվերդյանի վերադարձը Չեխովին Հայաստանյան սյուրռեալիզմ․ ԶԱՐՄԱՆՔ Հայաստանն՝ առանց Ռուսաստանի. օգո՞ւտ, թե՞ վնաս Խցանումների առաջացմանը նպաստում են ոչ միայն վթարները, այլև խաչմերուկների ծանրաբեռնումը, վերջին պահին երթևեկության հոսք մտնելը․ Մասանագետը տալիս է խնդրի լուծման բանալին Խաղաղություն թուրքի հե՞տ, ձեր պապերն ու տատերը ձեզ ոչինչ չեն պատմե՞լ․ Ալլա Հակոբյան Բաթումիի օդանավակայանում իսրայելցի և թուրք ֆուտբոլային երկրպագուների միջև կռիվ է սկսվել (Տեսանյութ) Ռուսական ուժերը մտել են Զապորոժիեի մարզի Յուրկովկա բնակավայր. Օրեխովոյի ճակատը զրկված է մայրուղիներից Գերմանիայում՝ Ուկրաինայի համար անօդաչուների գործարանը ուժեղացված պահպանության տակ են վերցրել. Bild Քուշներ. Ուկրաինայում խաղաղությունը պահանջում է զիջումներ անել Ռուսաստանին Մելոնին կարծում է, որ Զելենսկին «գցում է իրեն». La Repubblica

Հիշողությունից ծնված «Երեք քույրը»․ Շահվերդյանի վերադարձը Չեխովին

Մշակութային

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ Ա. Պ. Չեխովի «Երեք քույր» պիեսի հիման վրա բեմադրված համանուն ներկայացման առաջնախաղը՝ թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանի բեմադրությամբ։

Չեխովի հերոսները շարունակում են երազել մի կյանքի մասին, որը կարծես միշտ մի փոքր հեռու է, մի փոքր ուշացած։ Նրանց համար Մոսկվան պարզապես քաղաք չէ, այլ ազատության, երջանկության եւ նոր սկզբի խորհրդանիշ։ Բայց կյանքը չի ենթարկվում սպասումներին․ ժամանակն անցնում է, իսկ երազանքներն այդպես էլ մնում են չիրականացած։ Ապրելու ցանկության եւ իրականության, հույսի ու հիասթափության այս հակասությունն էլ դառնում է ներկայացման ներքին դրամայի առանցքը։

Պահպանելով Չեխովի ստեղծագործության հոգեբանական խորությունն ու փիլիսոփայական շերտերը՝ Սուրեն Շահվերդյանն առաջարկում է դասական պիեսի սեփական մեկնաբանությունը։ Բեմադրության առանձնահատկություններից է նաեւ ընտրված կամերային ձեւաչափը․ դերասաններն ու հանդիսատեսը հայտնվում են նույն բեմական տարածքում, որտեղ դիտողը պարզապես հետեւող չէ, այլ կարծես կատարվող իրադարձությունների մասնակիցը։

«ԵՍ ՄԵԾԱՑԵԼ ԵՄ ՀԱՅՐԻԿԻ «ԵՐԵՔ ՔՈՒՅՐԸ» ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԵՏ»  

Չեխովի «Երեք քույրերին» կրկին անդրադառնալու ՍՈՒՐԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ որոշման հիմքում ոչ միայն ստեղծագործության գեղարվեստական արժեքն է, այլեւ անձնական հիշողությունը։ Բեմադրիչի խոսքով՝ պիեսի հետ իր առաջին հանդիպումը տեղի է ունեցել դեռ մանկության տարիներին՝ հոր բեմադրության միջոցով։

«Մոտ 40 տարի առաջ հայրս իր թատրոնում այս պիեսի հիման վրա հրաշալի ներկայացում ուներ։ Այն շրջել է Եվրոպայի բազմաթիվ երկրներում եւ Ռուսաստանում։ Այդ ներկայացումն ինձ վրա շատ լուրջ տպավորություն է թողել եւ մեծ ազդեցություն ունեցել։ Ես տասը տարեկան էի, երբ առաջին անգամ առիթ ունեցա ներկա լինելու հայրիկիս ներկայացումներին։ Շատ հուզական էր ինձ համար։ Իհարկե, երեխա էի, շատ բան չէի հասկանում, բայց ներկայացումը երկար կյանք ունեցավ, եւ կարելի է ասել՝ ես մեծանում էի դրա հետ միասին։ Այդ ժամանակվանից էլ երազանք ունեի մի օր ինքս բեմադրելու «Երեք քույրը»»,– պատմում է Շահվերդյանը։

2019 թվականին նա Թատերական ինստիտուտում՝ իր կուրսի հետ, բեմադրել է պիեսը՝ որպես դիպլոմային աշխատանք։ Ներկայացումը խաղացել են Թատերական գործիչների միության փոքրիկ բեմում։ Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմադրությունն արդեն նրա երրորդ անդրադարձն է Չեխովի ստեղծագործությանը, եթե գումարենք նաեւ ավագ Շահվերդյանի՝ Վահե Սուրենիչի, ներկայացման մասին հիշողությունները․ «Պիտի ազնվորեն ասեմ՝ հայրիկիս ներկայացումը շատ մեծ ազդեցություն ունի ինձ վրա եւ նաեւ իմ բեմադրության։ Եվ, իհարկե, իմ ինստիտուտում բեմադրած ներկայացումից էլ շատ դրվագներ պահպանվել են»։

ԲԵՄԱԿԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ՝ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԿՈՂ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շահվերդյանը նշում է, որ տարիների ընթացքում դիտել է «Երեք քույր» պիեսի ավելի քան 50 բեմադրություն, սակայն ամենախորը հետքը թողել է հենց մանկության հիշողությունը․ «Ամենամեծ ազդեցությունը, անկասկած, հայրիկիս ներկայացումն է ունեցել, որովհետեւ այն երեւի 50-60 անգամ դիտել եմ։ Ավելին ասեմ՝ նույնիսկ բեմադրություններում օգտագործված աթոռներն են նման։ Հայրիկիս ներկայացման մեջ հենց այսպիսի աթոռներ էին օգտագործվում։ Նույնը կարելի է ասել ջահերի մասին․ հայրիկիս բեմադրության մեջ էլ կային ջահեր, թեեւ մի փոքր այլ ոճի»։

Այդուհանդերձ, բեմադրիչն ընդգծում է, որ նոր աշխատանքը հին ներկայացման կրկնությունը չէ։ Ժամանակաշրջանն ու մեկնաբանությունը փոխվել են, եւ դասական ստեղծագործությունը պահանջում է նոր մոտեցում․ «Հայրիկիս ներկայացումն այլ ժամանակաշրջանի գործ էր, այլ մեկնաբանություն, եւ այսօր այն նույնությամբ բեմադրելն անհնար է։ Նրա ներկայացման մեջ հրաշալի երաժշտություն կար։ Կարծում եմ՝ մեր հանդիսատեսն էլ կհամոզվի, որ երաժշտությունն այս բեմադրության մեջ պակաս կարեւոր դերակատարում չունի։ Այն ներկայացման շատ լուրջ բաղադրիչներից է»։

ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ՝ ԲԵՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ

Ներկայացման առանձնահատկություններից է նաեւ կամերային ձեւաչափը, որի շնորհիվ հանդիսատեսը հայտնվում է դերասանների հետ նույն տարածքում։ Շահվերդյանի համոզմամբ՝ այս ընտրությունը պայմանավորված է ոչ միայն տարածքի հնարավորություններով, այլեւ հենց պիեսի իր մեկնաբանությամբ․ «Կարծում եմ՝ այսօր թատրոնում նման ձեւաչափերի պահանջարկն ավելի մեծ է, քան մեծ դահլիճում ներկայացումներ խաղալու դեպքում։ Իսկ մեր մեկնաբանությունը, համենայնդեպս, հենց այսպիսի հարթակ է պահանջում, որտեղ հանդիսատեսը նույնպես գործող անձ է։ Ինձ համար շատ կարեւոր է, որ հանդիսատեսը պարզապես չնայի ներկայացումը, այլ զգա իրեն այդ տարածքի մի մասը։ Կարծում եմ՝ ներկայացումը դիտելուց հետո մարդիկ կհասկանան, թե ինչու ենք ընտրել հենց այս հարթակը»։

Բեմադրիչի համար ոչ ավանդական տարածքներում աշխատելը նորություն չէ։ Նրա նախորդ աշխատանքներից մի քանիսը նույնպես կառուցվել են հանդիսատեսի եւ դերասանների տարածական սահմանները վերացնելու սկզբունքով․ «Իմ դիպլոմային աշխատանքը՝ «Տրամվայ «Ցանկություն»», հենց այդ սկզբունքով էր կառուցված․ հանդիսատեսը նստած էր բեմում, իսկ մենք ներկայացումը խաղում էինք նույն տարածքում։ Եղել են նաեւ ներկայացումներ Սունդուկյանի անվան թատրոնի ձմեռային այգում, սրճարանում։ Նույնիսկ իմ տանն եմ ներկայացում խաղացել, որտեղ ստուդիա ունեմ։ Ինձ համար միշտ հետաքրքիր է նոր տարածքներում ներկայացումներ ստեղծելը»։

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ղեկավարումը եւս նոր հնարավորություններ է բացել այս ուղղությամբ։ Շահվերդյանի խոսքով՝ թատրոնում արդեն ձեւավորվել են մի շարք նոր հարթակներ, որոնք հնարավորություն են տալիս ներկայացումներ ստեղծել ոչ ավանդական տարածքներում։

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ԱՆՏՈՆ ՊԱՎԼՈՎԻՉ ՉԵԽՈՎՆ ԻՆՁՆԻՑ ՉԻ ՆԵՂԱՆԱ»

Դասական ստեղծագործության նոր մեկնաբանությունը ենթադրել է նաեւ տեքստային եւ կառուցվածքային փոփոխություններ։ Սուրեն Շահվերդյանը, Սոնա Մելոյանի հետ աշխատելով պիեսի վրա, կատարել է կրճատումներ, փոխել որոշ տեսարանների հերթականությունը եւ արդիականացրել ներկայացման առանձին շեշտադրումներ․ «Կարծում եմ՝ Անտոն Պավլովիչ Չեխովն ինձնից չի նեղանա, բայց բավականին շատ կրճատումներ ենք արել։ Սոնա Մելոյանի հետ մանրակրկիտ աշխատել ենք․ եղել են թե՛ կրճատումներ, թե՛ տեսարանների տեղափոխություններ։ Շատ բաներ արդիականացվել են՝ հաշվի առնելով այսօրվա թեմաներն ու հանդիսատեսի պահանջները»։

Բեմադրիչը կարծում է, որ ժամանակակից հանդիսատեսի ընկալման ռիթմը որոշակի փոփոխություններ է պահանջում նաեւ դասական թատրոնից։ Եթե «Երեք քույր» պիեսի որոշ բեմադրություններ տեւում են չորսից հինգ ժամ, ապա նոր ներկայացումը բավականին դինամիկ է․ առաջին գործողությունը տեւում է 50, երկրորդը՝ 35 րոպե․«Փորձերի ընթացքում հրավիրել եմ մարդկանց, որոնց կարծիքին վստահում եմ։ Նրանք էլ են նշել, որ կրճատումներն արդարացված են, ներկայացումը ձանձրալի չէ, եւ հանդիսատեսը չի հասցնում նույնիսկ հեռախոսով զբաղվել։ Բայց, իհարկե, կարծում եմ՝ վերջնական գնահատականը պետք է տա հանդիսատեսը։ Ես շատ եմ սիրում, երբ ներկայացումների շուրջ տարաձայնություններ են լինում, երբ մարդիկ երկար քննարկում են տեսածը՝ լավ էր, թե վատ։ Դա նույնպես թատրոնի կարեւոր մասն է»։

Շահվերդյանի համոզմամբ՝ բեմադրությունը հուզական առումով բավականին հագեցած է, եւ հանդիսատեսը ներկայացումից հետո անտարբեր չի մնա։

Ներկայացման գաղափարական առանցքը, բեմադրիչի խոսքով, կյանքի շարունակության եւ փոփոխության հնարավորության հանդեպ հավատն է։ Անկախ դժվարություններից, անարդարություններից ու չիրականացած սպասումներից՝ մարդը պետք է շարունակի ապրել եւ գործել։

«Իմ գլխավոր միտքը հնչում է թե՛ ներկայացման սկզբում, թե՛ վերջում։ Ինչ էլ որ լինի, որքան էլ դժվար լինի, որքան էլ անարդար լինի աշխարհը, պետք է ապրել։ Ապրե՛լ, աշխատե՛լ, գործե՛լ։ Պետք է շարունակել ապրել ու գործել, որպեսզի ապագայում, գուցեեւ մենք այլեւս մասնակից չլինենք այդ կյանքին, բայց կյանքը մարդկության համար փոխվի դեպի լավը»,– ընդգծում է Սուրեն Շահվերդյանը։

«ՈՒՆԵՑԱՆՔ ՀՐԱՇԱԼԻ ԱՌԱՋՆԱԽԱՂ, ՈՐԸ ՄԵՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է»

Ներկայացման մեջ ավագ քրոջ՝ Օլգայի կերպարը մարմնավորող ԵԼԵՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ համար նոյեմբերի 27-ը ոչ միայն առաջնախաղի օր էր, այլեւ թատրոնի ստեղծագործական կյանքի կարեւոր իրադարձություն․«Նախեւառաջ ուզում եմ ասել, որ նոյեմբերի 27-ը մեր թատրոնի, անձամբ ինձ եւ, վստահ եմ, իմ բոլոր գործընկերների համար իսկական տոն էր։ Մենք ունեցանք հրաշալի առաջնախաղ, որը մեր հերթական հաղթանակն է»։

Դերասանուհին առանձնահատուկ է համարում Չեխովի ստեղծագործության մարդկային եւ հոգեբանական խորությունը։ Նրա համոզմամբ՝ հեղինակի հանճարեղությունը ոչ այնքան իրադարձությունները պատկերելու, որքան մարդու ներաշխարհը, երազանքներն ու չիրականացած սպասումները բացահայտելու մեջ է․ «Չեխովը միանգամայն առանձնահատուկ հեղինակ է։ Ինձ թվում է՝ նրա հանճարեղությունն այն է, որ նա գրում է ոչ այնքան իրադարձությունների, որքան մարդկային կյանքի մասին։ Մեր երազանքների, հույսերի, հիասթափությունների, մեր կողքով անցնող ժամանակի եւ այն երջանկության մասին, որը մենք անընդհատ հետաձգում ենք՝ թողնելով վաղվան»։

Օլգայի կերպարը դերասանուհին բնորոշում է որպես մի կնոջ, որը ժամանակի ընթացքում սեփական կյանքը ստորադասում է ընտանիքի մյուս անդամների կյանքին․ «Ես խաղում եմ Օլգային՝ ավագ քրոջը։ Կարելի է ասել՝ այս ընտանիքի մորը։ Ինձ թվում է՝ իմ կերպարը մի մարդ է, որն աստիճանաբար հրաժարվում է սեփական կյանքից՝ հանուն մյուսների։ Նա ապրում է նրանց կյանքով, շատ բան է հասկանում, շատ բան զգում, բայց միշտ չէ, որ իրեն թույլ է տալիս այդ մասին խոսել, որովհետեւ պետք է ուժեղ լինի։ Եվ այս ամենի մեջ ինչ-որ անհավանական հուզիչ ու շատ ողբերգական բան կա։ Ինձ՝ որպես դերասանուհու, շատ հետաքրքիր է ուսումնասիրել նրա ներաշխարհը, որովհետեւ կարեւոր է ոչ թե խաղալ տառապանքը, այլ գտնել մարդուն՝ իր բոլոր հակասություններով ու թուլություններով»։

Դերասանուհին առանձնահատուկ շնորհակալություն է հայտնում ներկայացման բեմադրիչ Սուրեն Շահվերդյանին՝ ընդգծելով, որ Չեխովի ստեղծագործության վրա աշխատանքը պահանջում է նուրբ հոգեբանական մոտեցում։ Նրա համոզմամբ՝ այս պիեսում հնարավոր չէ սահմանափակվել միայն արտաքին գործողություններով կամ ցուցադրական արտահայտչամիջոցներով․ անհրաժեշտ է բացահայտել հերոսների ներքին ապրումները, հոգեբանական գործընթացներն ու փոխհարաբերությունների նրբությունները․ «Ինձ թվում է՝ Սուրեն Շահվերդյանը հենց այդպես էլ մոտեցավ այս աշխատանքին՝ շատ զգույշ, ճիշտ, գրագետ ու գեղեցիկ։ Ինձ համար շատ հետաքրքիր էր աշխատել նրա բեմադրական մեկնաբանության շրջանակում՝ բացահայտելով այս պիեսի մեջ նոր իմաստներ»։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ