Խցանումների առաջացմանը նպաստում են ոչ միայն վթարները, այլև խաչմերուկների ծանրաբեռնումը, վերջին պահին երթևեկության հոսք մտնելը․ Մասանագետը տալիս է խնդրի լուծման բանալին
Հանդիպում«Քաղաքապետարանը տարիներ առաջ պնդում էր, որ Երևանում կայանատեղիները թանկացնենք, խցանումները կթեթևանան, թանկացրեցինք՝ երկու տարի չթեթևացավ։ Այսինքն, հինական պատճառը կայանատեղիները չէին, որը որ պետք է կարգավորվեր, հիմա էլ օրենք է ընդունվում, որ երկրորդ գիծ կայանածների տուգանքը բարձրացնեն, բայց դա էլ չի պատճառը: Հիմնական պատճառը երթևեկության սխալ կազմակերպումն է։ Պետք է քաղաքային իշխանությունները մասնագետներ ներգրավեն, որպեսզի երթուղիները ճիշտ կազմակերպվեն։ Բացի այդ, անհրաժեշտ է բարելավել հանրային տրանսպորտը և ստեղծել այլընտրանքային տեղաշարժի հնարավորություններ»,- անդրադառնալով մայրաքաղաքում օր-օրի աճող խցանումների պատչառներին, նման դիտարկում է անում «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը, մանրամասնելով․
-Անգամ ՃՏՊ-ների հետևանքով առաջացող խցանումների վերացումը բավարար չի լինի Երևանի երթևեկությունը էապես բարելավելու համար։ Իսկ որոնք են երևանյան արդեն սովորական դարձած բարձր բալանոց խցանումների հիմնական պատճառները, դրանք մի քանիսն են՝ երթևեկության ոչ արդյունավետ կազմակերպումը, հանրային տրանսպորտի ոչ բավարար գրավչությունն ու այլընտրանքային տեղաշարժի հնարավորությունների սահմանափակությունը։
Խցանումների առաջացմանը նպաստում են ոչ միայն վթարները, այլև խաչմերուկների ծանրաբեռնումը, վերջին պահին երթևեկության հոսք մտնելը, լուսացույցի ազդանշանները չպահպանելը և այնպիսի խախտումները, որոնց հետևանքով վարորդներն իրենք են արգելափակում երթևեկությունը։ Երբ վարորդը ծանրաբեռնված խաչմերուկ է մտնում՝ առանց հաշվի առնելու, որ այնտեղից դուրս գալու հնարավորություն չկա, ինքն է խցանում ստեղծում։ Երբեմն նման իրավիճակն ավելի մեծ խնդիր է առաջացնում, քան 20 րոպե տևող վթարը։
Խնդրի երկարաժամկետ լուծումներից մեկը երթևեկության կանոնների ուսուցումը դեռ մանկապարտեզից և դպրոցից սկսելն է։ Կարևոր է բալային համակարգի հետևողական կիրառումը՝ հատկապես կոպիտ խախտումների, ոչ սթափ վիճակում և արագության գերազանցմամբ մեքենա վարելու դեպքերում։ Մենք մեխանիզմ ունենք այդ բալային համակարգով, որով օրինազանց վարորդներին անգամ զրկում էին վարորդական վկայականից, որը կատարվեց, սակայն նախորդ ընտրություններում մի մասը համաներվեցին, նորից վերականգնվեց իրենց վարորդական վկայականները։ Հիմա չգիտեմ այդ մեխանիզմը ինչի էր պետք ներդնել, ապա նորից համաներում կիրառել։ Այդ մեխանիզմը աշխատում էր, այդ համակարգը բավական մեծ փոփոխություններ արեց, վկայականին զրկվեցին հատկապես այն վարորդները, ովքեր ոչ սթափ վիճակում ավտոմեքենա էին վարում, ընդ որում մահվան ելքով և ծանր վնասվածքների հասնող վթարների մեծ մասը հենց ոչ սթափ վիճակում վարելու հետևանքով է, երկրորդ պատճառը արագ երթևեկելն է։
Մասնագետը նկատում է նաեւ․
-Խնդրի կարգավորման համար օրենսդրական մեխանիզմներ նախատեսված են․ մասնավորապես, թեթև պատահարների դեպքում գործում է ճանապարհի արագ ազատման՝ 20 րոպեի պահանջը։ Սակայն հարցն այն է, թե որքանո՞վ է այս կարգավորումն արդյունավետ գործնականում, եթե վարորդները հաճախ չեն կարողանում սահմանված ժամանակում ավարտել անհրաժեշտ գործողությունները և շարունակում են մնալ երթևեկելի հատվածում։ Այդ օրենքը կյանքի կոչված է, բայց կիրառելի չէ։ Պատահարի ժամանակ վարորդների միջև բազմաթիվ հարցեր են առաջանում։ Նույնիսկ եթե երկու կողմն էլ համաձայն են ինքնուրույն գրանցել պատահարը, մինչև ապահովագրական ընկերությունների հետ անհրաժեշտ գործողություններն իրականացնելը, վնասները պարզելը և գործընթացը կազմակերպելը՝ 20 րոպեից ավելի ժամանակ է անցնում։ Այդ ամբողջ գործընթացը սահմանված ժամանակում տեղավորելը շատ դժվար է։
Այսպիսով՝ խնդիրը միայն վարորդների անտեղյակությունը կամ ճանապարհը չազատելու ցանկությունը չէ։ Հարց է առաջանում՝ արդյոք սահմանված ժամկետը համապատասխանում է իրական ընթացակարգերին, և արդյոք հնարավոր է վերանայել դրանք այնպես, որ ապահովագրական գործընթացը չվերածվի քաղաքի երթևեկության լրացուցիչ խոչընդոտի։