Փաշինյանի մոտ նորից «երկու քարի արանքում» վիճակն է
ՄիջազգայինԱյսպիսով այն, որ Մոսկվա` Նիկոլ Փաշինյանի կատարելիք այցի շեմին Հայաստանում սկսել է նորից թեժանալ հայ–ռուսական թեմատիկան, տեսանելի է դառնում: Ընդ որում, այս մասին բավականին հետաքրքիր ազդակներ էր հաղորդում նախկին ԱԽՔ, Policy and Management Consulting Group (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերության ավագ խորհրդատու (սա արդեն շատ բան է ի ցույց դնում), Լոնդոնում շատ հարգված Արմեն Գրիգորյանը:
Այսպես, հազիվ էին Հայաստանում պաշտոնապես տվել «Թրամփի միջանցք ենք կառուցում» շոուի պաշտոնական մեկնարկը, երբ Արմեն Գրիգորյանը, որը միայն վերջերս էր խոսում, թե` ինչ Եվրոպա, ինչ բան, հիմա դարձավ ԹՐԻՓՓ–ի մեծագույն ջատագովը: Փորձում է համոզել, թե ԹՐԻՓՓ–ը եւ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը ռազմավարական նշանակություն ունեն ԱՄՆ-ի համար, իսկ ռուսներն ամեն բան մերժում են: «Միացյալ Նահանգների համար դա շատ կարեւոր նախագիծ է՝ ԹՐԻՓՓ-ը եւ տարածաշրջանի ապաշրջափակումը։ Խոսքը ոչ միայն Հարավային Կովկասի, այլեւ Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի եւ Չինաստանի մասին է։ Այդ բոլոր գործոնները փոխկապակցված են եւ մեծ նշանակություն ունեն ԱՄՆ-ի համար»,- նշել է նա` ԹՐԻՓՓ-ը համարելով «առաջին հերթին տնտեսական նախագիծ»: Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա, ըստ Գրիգորյանի. «Ռուսաստանը չի մասնակցում ԹՐԻՓՓ-ին, քանի որ չի համաձայնել այդ սկզբունքներին։ Նրանք դա առավելապես պատկերացնում էին որպես միջանցք»:
Վերջապես, նախկին ԱԽՔ–ը հերքում է այն պնդումները, թե նոյեմբերի 9-ի նախկին պայմանավորվածությունները նախատեսում էին հաղորդակցությունների ավելի լիարժեք բացում, քան ներկայիս նախագիծը:
Գանք վերջից: Իհարկե, մածունը սեւ ներկայացնելը գլոբալիստական «հին ավանդույթներից» է: Անգամ այն դեպքում, երբ աբսուրդի է հասնում համեմատելը, թե` նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններն են տարածաշրջանային կոմունիկացիաների բացում նախատեսում, թե` ԹՐԻՓՓ–ը: Ամեն բան թղթի վրա հստակ գրված է. կարելի է հանգիստ կարդալ, որ հենց նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններն են պաշտոնապես սահմանում հայ–ադրբեջանական եւ տարածաշրջանային բոլոր հաղորդակցության ուղիների վերագործարկման սկզբունքը: Ի տարբերություն «Թրամփի ուղու», որն իր փաստաթղթային տեսքով սահմանում է ընդամենը Ադրբեջանից Հայաստանով` Նախիջեւան ուղու վերագործարկում. միայն միջանցք: Վերջ, այստեղ անգամ հեռավոր միտք չկա, որ երկաթուղին Նախիջեւանից պետք է հասնի Հայաստան:
Թե ինչու է Գրիգորյանը հակառակի մասին խոսում, կարելի է դա եւս կռահել: Հենց նա էր պաշտոնի նստած, երբ Հայաստանն արհեստականորեն տորպեդահարեց նոյեմբերի 9–ի այդ պայմանավորվածության կատարումը` դրա լոնդոնյան բոլոր ականջներով հանդերձ: Ու հիմա, հանկարծ, պարզվում է, որ Թրամփին հաճոյանալու համար «Զանգեզուրի միջանցքին» նրա անունը տված ծրագրի մեծագույն ջատագովն ԱՄՆ–ն է: Բա Լոնդոնն էլ լիովին անտարբե՞ր է, պարոն Գրիգորյանը չի բացատրում:
Կարճ ասած, մաքուր գլոբալիստական գաղափարը Թրամփի «գրպանը գցելու» փորձի է նմանվում: Արդյունքում, իհարկե, սրվում է Մոսկվայի պատասխան ռեակցիան:
Այսպես, թեեւ Փաշինյանն արդեն պաշտոնապես խոսել է դեկտեմբերի 3–ին Մոսկվա մեկնելու ծրագրերի մասին, բայց ահա, այդ նույն Մոսկվան այդ թիվը դեռ չի հաստատում: Այն է` նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնեց. «Մենք պատրաստվում ենք այցին, այն նախապես համաձայնեցված է եղել։ Լրացուցիչ կհայտարարենք»: Եթե «լրացուցիչ կհայտնեն», ապա դա նշանակում է, որ այցը կարող է եւ դեկտեմբերի 3–ին չլինել: Ե՞րբ կլինի, կամ, առհասարակ, կլինի՞, դառնում է հարցական:
Ամեն դեպքում, եթե Կրեմլում շարունակում են անորոշ խոսել Փաշինյանի այցի մասին` ընդգծելով, որ դեռ դրան միայն «պատրաստվում» են, ապա դա դառնում է ցուցիչ, որ այցի ինչպես օրակարգի, այնպես էլ հնարավոր պայմանավորվածությունների մասով դեռ վերջնական լուծումներ չկան: Դա էլ նշանակում է, որ այս պահին պետք չէ բացառել ինչպես հաջող այցը, այնպես էլ, որ այն կարող է ձախողվել դեռ անգամ տեղի չունեցած:
Կարճ ասած, որ Նիկոլն այդպես էլ դեռ վերջնական կողմնորոշում չունի դեպի Ռուսաստան, թե` Եվրոպա հարցով: Ու մյուս կողմից էլ, Հայաստանում գլոբալիստական կամակատարների ներկա ակտիվացումը գալիս է հուշելու, որ ներկա փուլում շարունակվում են Նիկոլին ուղղված ակտիվ ճնշումները: Ու զուգահեռ, պակաս չեն նաեւ Մոսկվայից եկող ճնշումները: Այն է` նորից «երկու քարի արանքում» վիճակն է:
