Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու
ՎերլուծությունՀայաստանյան քաղաքական դաշտում վերջին օրերի քննարկումները կարելի է բնութագրել միայն մեկ բառով՝ ինքնախաբեություն, կամ ավելի ճիշտ՝ հանրության զգոնությունը բթացնելու հերթական խայծ։ Իշխանական քարոզչամեքենային զուգահեռ՝ նույնիսկ ընդդիմադիր դաշտի որոշ շրջանակներում փորձ է արվում համոզել, թե Փաշինյանի ներկայացրած նոր Սահմանադրության նախագիծն ընդամենը թղթի կտոր է, որը քննարկելու կարիք անգամ չկա։ Պատճառաբանությունը պարզունակ է՝ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է, որ չի տալու հանրաքվեի համար անհրաժեշտ պակասող վեց ձայնը, հետեւաբար՝ նախագիծը հանրաքվեի դնելու անգամ տեսական հնարավորություն չկա։
Սակայն բավական է մի պահ բացել գործող Սահմանադրության 15-րդ գլուխը եւ համադրել այն Փաշինյանի «նիկոլա-ալիեւյան» նախագծի իրական նպատակների հետ, որպեսզի պարզ դառնա, որ այս պարզամտության գինը կարող է լինել հայոց պետականության վերջնական կազմաքանդումը։ Իսկ երբ իշխանությունն իր իրավական աճպարարությամբ հասնի իր ուզածին, արդեն շատ ուշ է լինելու խոսել վեց ձայնի մասին, որովհետեւ, ինչպես ժողովուրդն է ասում, էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու։
Ամենամեծ խաբեությունը թաքնված է հենց իրավական ընթացակարգերի մեջ, որոնց մասին կա՛մ չեն խոսում, կա՛մ միտումնավոր լռում են։ Այո՛, գործող Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ամբողջական Սահմանադրություն ընդունելու կամ 1-3-րդ, 7-րդ, 10-րդ եւ 15-րդ գլուխներում ու մի շարք առանցքային հոդվածներում փոփոխություններ կատարելու համար Ազգային ժողովին անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը, այսինքն՝ 70 ձայն, մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 64 մանդատ: Սակայն իշխանության իրավաբանները հրաշալի ուսումնասիրել են նույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը։
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՍՈՂԱՆՔ
Ըստ 2-րդ մասի՝ բացառությամբ 1-ին մասում նշված հոդվածների, Սահմանադրության մյուս հատվածներում փոփոխություններն ընդունում է ԱԺ-ն՝ 2/3-ով, իսկ 3-րդ մասը սեւով սպիտակի վրա ամրագրում է. եթե այդ նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի: Ազգային ժողովի 3/5-ը կազմում է ուղիղ 64 ձայն՝ ճիշտ այնքան, որքան ունի ՔՊ-ն։ Իսկ որտե՞ղ է ամրագրված Հայաստանի անկախության մասին հռչակագրին հղումը, որի համար իբրեւ դոշ է ծեծում մանդատավոր ընդդիմությունը։ Սահմանադրության նախաբանում, որը ներառված չէ 202-րդ հոդվածի 1-ին մասի բացառությունների ցանկում։ Սա նշանակում է, որ Փաշինյանը կարող է առանց ընդդիմության որեւէ ձայնի, իր 64 կոճակ սեղմողներով հանրաքվեի դնել նախաբանի փոփոխությունը, հանել Անկախության հռչակագիրը եւ կատարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գլխավոր նախապայմանը։ Եթե, իհարկե, բացի սրանից, այլ գաղտնի նախապայմաններ չկան սեղանին։
Այս համատեքստում նախագիծը չքննարկելու եւ հանրությանը դրա բովանդակությունից անտեղյակ թողնելու մարտավարությունն առավել վտանգավոր է դառնում, երբ ծանոթանում ենք այդ փաստաթղթի էությանը։ Այն մի տողով կարելի էր ձեւակերպել հետեւյալ կերպ՝ ով նիկոլական է՝ թող մնա երկրում, ով՝ ոչ, թող երկրից գնա։
ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ԵՎ ՄԵԿ ԱՆՁԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Այս փաստաթուղթը Հայաստանի ապազգայնացման եւ ողջ իշխանությունը մեկ անձի ձեռքում կենտրոնացնելու բացահայտ ծրագիր է։ Նախեւառաջ հարված է հասցվում հայոց պետականության հիմքին. գործող Սահմանադրության «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները...» ձեւակերպումը փոխարինվել է անդեմ «Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը» արտահայտությամբ։ Հանված են «համազգային նպատակներ» եւ «հայրենիք» բառերը, իսկ 3-րդ հոդվածով սահմանվում է, որ ժողովուրդը «քաղաքացիների ամբողջությունն» է։ Ամենասարսափելին այն է, որ այս դրույթը դարձվում է անփոփոխելի՝ այն չի կարող փոխվել երբեք, նույնիսկ հանրաքվեով։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության հիմնադիրն այլեւս հայ ազգը չէ, այլ բոլոր նրանք, ովքեր ունեն կամ կստանան քաղաքացիություն։
Այս ապազգային տրամաբանությունը շարունակվում է Սփյուռքի նկատմամբ բացահայտ թշնամական վերաբերմունքով։ Նախագծից հանվել է գործող Սահմանադրության 19-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչը նշանակում է, որ պետությունն այլեւս չի պարտավորվում աջակցել Սփյուռքում հայոց լեզվի, դպրոցների ու մշակույթի պահպանմանը։ Վերացվել է նաեւ ազգությամբ հայերի՝ Հայաստանում բնակություն հաստատելիս պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու սահմանադրական իրավունքը։ Ավելին՝ եթե Սփյուռքում ապրող ՀՀ քաղաքացին վերջին երկու տարում առնվազն մեկ տարի չի բնակվել Հայաստանում, նա զրկվում է ընտրելու իրավունքից, մինչդեռ կամայական օտարերկրացի՝ լինի դա ադրբեջանցի, թուրք, թե մեկ այլ ազգի, Հայաստանի որեւէ համայնքում ընդամենը մեկ տարի ապրելով, ստանում է տեղական ընտրություններում ընտրելու սահմանադրական իրավունք։ Սա իշխանական այն թեզերի ուղղակի իրագործումն է, թե պետք է հրաժարվել «մոնոէթնիկ» մտածողությունից եւ կազմակերպել ներգաղթ, որտեղ ներգաղթյալները բնականաբար հայեր չեն լինելու։
Այս ամենին զուգահեռ՝ նախագիծն ամրագրում է բացարձակ բռնապետության գործիքակազմ։ Գործող Սահմանադրությունը բացարձակապես արգելում է ՀՀ քաղաքացուն զրկել քաղաքացիությունից, մինչդեռ «նիկոլա-ալիեւյան» նախագիծը թույլ է տալիս դատարանի որոշմամբ զրկել քաղաքացիությունից՝ «սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների» համար։ Հաշվի առնելով, որ այսօր հենց նմանատիպ շինծու մեղադրանքներ են առաջադրվում բազմաթիվ ընդդիմադիրների ու հոգեւորականների, ակնհայտ է, որ իշխող մեծամասնության գրած օրենքներով եւ նույն մեծամասնության ընտրած հանձնաժողովի կողմից «վերագնահատվող» ժամանակավոր դատավորների ձեռքով ցանկացած քննադատ կարող է կորցնել ոչ միայն ազատությունը, այլեւ իր հայրենիքի քաղաքացիությունը։ Պարզ մեծամասնության շեմն էլ նոր նախագծով իջեցվում է 63 ձայնի, որպեսզի ՔՊ-ն առանց ընդդիմության կարողանա ձեւավորել Սահմանադրական դատարանը, դատախազությունը եւ համալրել դատական համակարգը սեփական կադրերով։ Իսկ վարչապետի պաշտոնավարման ժամկետների սահմանափակման մասին նախագծում չկա ոչ մի տող, ինչը մերկացնում է հանրաքվեի ցանկացած ելքից հետո հեռանալու մասին Փաշինյանի խոստումների ողջ կեղծիքը։
Հետեւաբար, նախագծի բովանդակությունը չքննարկելու եւ ընդդիմության վեց ձայների վրա հույս դնելու կոչերը ջուր են լցնում բացառապես իշխանության ջրաղացին։ Հանրաքվեն ծուղակ է, իսկ իրավական սողանցքներն արդեն պատրաստ են։ Եթե այսօր հանրությանը չբացատրվի, թե ինչ աղետ է կախված երկրի գլխին, վաղը՝ երբ Փաշինյանն իր 64 ձայնով հարցը դնի հանրաքվեի կամ գտնի մեկ այլ աճպարարական ճանապարհ, հասարակությունը պարզապես պատրաստ չի լինի դիմադրության։ Իսկ այդ ժամանակ ոչ միայն «այիբ» կլինի, այլեւ պետությունն ու հայրենիքը հետ բերելը կդառնա անհնարին։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
