«Զանգեզուրի միջանցքը» նոր երթուղի կբացի Արևելքի և Արևմուտքի միջև․ ադրբեջանցի նախարար
ՄիջազգայինԱդրբեջանի Էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը ելույթ է ունեցել Չինաստանի Ցինդաո քաղաքում անցկացված «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության էներգետիկայի նախարարների 4-րդ համաժողովում։ Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են նախարարությունից, ելույթի ընթացքում նշվել է, որ Ադրբեջանն աջակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի առաջարկած «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը։ Բացի այդ, շեշտվել է, որ «Միջին միջանցքը» ամրապնդում է տրանսպորտային կապերը Չինաստանի և Եվրոպայի միջև, իսկ «Զանգեզուրի միջանցքը» նոր երթուղի կբացի Արևելքի և Արևմուտքի միջև։
«Մեր առաջնորդների քաղաքական կամքով պայմանավորված՝ հարաբերությունները համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելը նպաստում է «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում համագործակցության ընդլայնմանը և մաքուր էներգիայի ոլորտում համատեղ նախագծերի զարգացմանը։ Չինական ընկերությունների հետ բազմաթիվ համաձայնագրերի ստորագրումը (որոնք վերաբերում են ցամաքային արևային և ծովային հողմային էներգետիկային, էներգիայի կուտակմանը, ինչպես նաև էլեկտրացանցային ենթակառուցվածքներին), «China Energy»-ի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատումը, արևային էլեկտրակայանի վերջերս շահագործման հանձնումը և էլեկտրացանցերի վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացումը այս քաղաքականության կոնկրետ արդյունքներն են», — հավելել է նախարարը։
Նշվել է, որ մի ժամանակաշրջանում, երբ փոխկապակցվածությունը դառնում է ռազմավարական ակտիվ, «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը Ադրբեջանի վերջին ներդրումը ենթադրում է Եվրասիայի էլեկտրաէներգիայի շուկաների ինտեգրում՝ «կանաչ էներգիայի միջանցքների» միջոցով։ Հատուկ ուշադրություն է դարձվել այդ միջանցքների ստեղծման գործում չինական ընկերությունների հետ համագործակցության ներուժին։ Ընդգծվել է, որ այդ միջանցքները, որոնք ընդգրկում են Կենտրոնական Ասիան, Կասպյան տարածաշրջանը, Հարավային Կովկասը, Թուրքիան և Եվրոպան՝ ձևավորելով «կանաչ էներգիայի գոտի, նաև հնարավորություններ են բացում Չինաստանի հետ բազմակողմ էներգետիկ գործընկերության համար։
