Ձայները գարնանն են հաշվելու
ՎերլուծությունՆիկոլ Փաշինյանի հրապարակած նոր Սահմանադրության նախագիծը քաղաքական դաշտը կանգնեցրել է հերթական փորձության առաջ։ Ինչպես նախապես հայտարարվել էր, նոր տեքստում Անկախության հռչակագիրն այլեւս ներառված չէ։ Իշխանությունը գործընթացը ներկայացնում է որպես սահմանադրական բարեփոխում, մինչդեռ ընդդիմադիր շրջանակները նախագիծը գնահատում են որպես Հայաստանի ազգային եւ պետական ինքնության հիմքերի խարխլում։
Եվ ահա նախագծի հրապարակումից հետո ակնհայտ դարձավ նաեւ ընդդիմության գլխավոր խնդիրը՝ այն դեռեւս չունի ո՛չ միասնական քաղաքական օրակարգ, ո՛չ էլ հանրությանը ներկայացված հստակ այլընտրանք։ Մի քանի քաղաքական ուժերի մասնակցությամբ խորհրդակցությունները՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանը, այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչի համար էին։ Պարզվեց՝ սցենար չկար, միայն կան հուժկու հայտարարություններ, թե բա՝ իշխանությանը չեն տրվի անհրաժեշտ վեց ձայները։ Իսկ այդ հայտարարություններից անդին՝ ի՞նչ գործնական քայլեր են նախատեսվում, այստեղ սկսվում են լիրիկական մեկնաբանություններ ու ոչ մի հստակ բան։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանի փոխանցմամբ՝ Սահմանադրության նախագծի քննարկումները կշարունակվեն մինչեւ 2027 թվականի գարուն։ Այսինքն՝ քաղաքական ուժերը ժամանակ ունեն դիրքորոշումներ ձեւավորելու, իսկ վերջնական պատկերը, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմության իրական վարքագիծը, պարզ կդառնա գարնանը։
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, նախկին պատգամավոր Աննա Մկրտչյանը ընդդիմադիր պատգամավորներին առաջարկել է հրապարակային, առանձին-առանձին հայտարարել, որ ոչ մի պայմանով կողմ չեն քվեարկելու նախագծին։ Նրա գնահատմամբ՝ նման հայտարարությունը պետք է վերածվի կոնկրետ քաղաքական պարտավորության՝ թույլ չտալու, որ Ազգային ժողովում հաղթահարվի իշխանության նախաձեռնության համար անհրաժեշտ քվեների շեմը։
Առաջարկը կարեւոր է հատկապես այն պատճառով, որ ընդդիմության այսօրվա հայտարարությունները դեռեւս չեն փարատում կասկածները՝ արդյոք բոլոր պատգամավորները նույն դիրքորոշումն ունեն, թե՞ քվեարկության պահին հնարավոր են անակնկալներ։ Խորհրդարանական ընդդիմության միասնականությունը պետք է դրսեւորվի ոչ թե խորհրդակցությունների լուսանկարներում, այլ քվեարկության ժամանակ։
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՈԿ ԿԱՐԳԱԽՈՍ ՉԷ
Սակայն ընդդիմության համար առավել անհարմար հարցը ոչ թե վեց ձայնն է, այլ Անկախության հռչակագրի բովանդակության շուրջ միասնական դիրքորոշման բացակայությունը։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, անդրադառնալով նախագծում Ղարաբաղը Հայաստանին միավորելու դրույթի բացակայությանը, ընդդիմությանը հարցրել է՝ արդյոք վերջինս հավատարիմ է մնում Անկախության հռչակագրում ամրագրված՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման գաղափարին, եւ արդյոք այդ հարցը ներառված է իր քաղաքական օրակարգում։
Հարցադրումը քաղաքական առումով էական է։ Եթե ընդդիմությունը պահանջում է պահպանել Անկախության հռչակագիրը, ապա պետք է հստակեցնի՝ ինչ դիրքորոշում ունի դրա առանցքային դրույթների, մասնավորապես Արցախի հարցի վերաբերյալ։ Արդյոք կողմ է վերամիավորման գաղափարին, ինչպե՞ս է պատկերացնում դրա իրագործումը, իսկ եթե այդ մոտեցումն այլեւս իր քաղաքական ծրագրի մաս չէ, ապա ի՞նչ լուծում է առաջարկում։
Առայժմ ընդդիմադիր դաշտում այս հարցերի շուրջ միասնական եւ հստակ պատասխան չի ձեւավորվել։ Հետեւաբար, Անկախության հռչակագրի պաշտպանությունը վտանգում է վերածվել քաղաքական կարգախոսի, որի բովանդակային հիմքերը չեն ներկայացվում հանրությանը։
Իշխանական պատգամավոր Տարոն Չախոյանն էլ հայտարարում է, որ նոր Սահմանադրությամբ դե յուրե ավարտվում է Ղարաբաղյան շարժումը, եւ ընդդիմությունը փորձում է Հայաստանը պահել հակամարտության տրամաբանության մեջ։ Այս գնահատականը, բնականաբար, իշխանության քաղաքական դիրքորոշումն է, սակայն այն եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի հարցը նոր Սահմանադրության շուրջ հակադրության առանցքային թեմաներից է։ Ի վերջո, որքան էլ ընդդիմադիր տրամադրություններ ունեցող զանգվածին տհաճ լինի Չախոյանն էլ, իր ասածներն էլ, բայց պետք է պատասխանել, եթե՝ Փաշինյանի օրակարգը մերժվում է, եւ վաղը պատերազմ է լինում, ո՞ւմ երեխաների հաշվին է լինելո՞ւ։ Այո՛, սա նաեւ իշխանության շանտաժն է, բայց, ի վերջո, պետք է տրվի պատասխան, թե վաղը, ասենք, մանդատավոր ընդդիմությունից եթե որեւէ մեկը գա իշխանության, ինչպե՞ս է վարվելու։
ՔՈՉԱՐՅԱՆԻ ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Ընդդիմության ներսում պատասխանատվության հարցը բարձրացնում է նաեւ նախկին պատգամավոր, քաղաքագետ Միհրան Հակոբյանը։ Նա ուշադրություն է հրավիրում Ռոբերտ Քոչարյանի լռության վրա՝ նկատելով, որ ընտրություններով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մասին հայտարարություններով հանդես եկող նախկին նախագահը չի ներկայացնում, թե ինչ է առաջարկում երկրին եւ հանրությանը։
Հակոբյանի գնահատմամբ՝ անհեթեթ է, երբ հայրենիքը փրկելու եւ թուրքացման դեմ պայքարի քաղաքական դրոշը բարձրացրած ուժերը չեն պատասխանում ամենակարեւոր հարցին՝ ի՞նչ պետք է անի ժողովուրդը, եւ ո՞րն է իրենց առաջարկած գործողությունների ծրագիրը։ Քաղաքագետը նաեւ հարց է բարձրացնում, թե ինչու են քաղաքական առաջնորդները, որոնք արդեն երկու անգամ ընտրությունների միջոցով Փաշինյանին հեռացնելու հավակնություններ են ներկայացրել, այսօր լռում եւ հանրությանը չեն ներկայացնում իրենց հաջորդ քայլերը։
Այս դիտարկումը վերաբերում է ոչ միայն Քոչարյանին, այլեւ ամբողջ ընդդիմադիր դաշտին։ Իշխանությանը քննադատելը դեռեւս այլընտրանքային քաղաքականություն ներկայացնել չէ։ Եթե ընդդիմությունը հայտարարում է, որ երկիրը կանգնած է պետականության համար ճակատագրական վտանգի առաջ, ապա պարտավոր է նաեւ ներկայացնել այդ վտանգը կանխելու իր ծրագիրը։ Միայն իշխանությանը անհրաժեշտ վեց ձայն չտալը դեռեւս հայրենիքի փրկության ծրագիր չէ։ Իսկ եթե պայքարը հռչակվում է ազգային ինքնության եւ պետականության պաշտպանության համար, ապա հանրությունն իրավունք ունի իմանալու՝ այդ պայքարի հետեւում ի՞նչ քաղաքական ծրագիր կա։ Այնպես որ, ձայները գարնանն են հաշվելու։ Բայց քաղաքական պատասխանատվության հարցը վաղուց է հասունացել։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
