Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան

Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար

Շոու բիզնես

Իրանի իշխանություններն առանց հիջաբի ելույթ ունենալու համար երգչուհի Փարաստու Ահմադիին և նրա երաժշտական ու նկարահանող խմբի չորս անդամներին պատժել են մտրակի 74-ական հարվածով։

Պատիժն ի կատար է ածվել Ղոմ քաղաքում, որտեղ 2024 թվականին տեղի է ունեցել իշխանությունների ուշադրությունը գրաված համերգը։ Այն ուղիղ հեռարձակվել է երգչուհու YouTube-ի ալիքով, հայտնում է BBC-ն:

Համերգի ընթացքում 29-ամյա Ահմադին հանդես է եկել բաց ուսերով զգեստով և առանց գլխաշորի։ Իրանի օրենսդրությունն արգելում է կանանց հրապարակայնորեն երգել՝ միաժամանակ պարտավորեցնելով նրանց կրել հիջաբ և փակ հագուստ։

Այս տարվա հունիսին Ղոմի քրեական դատարանն Ահմադիին և ևս ութ անձի մեղավոր է ճանաչել «անպարկեշտ և անպատշաճ նյութեր» հրապարակելու միջոցով «հասարակական բարոյականությունը վիրավորելու» համար։ Մեղադրյալները չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները։

Մտրակահարությունն իրականացվել է ոչ հրապարակային պայմաններում։ Դատապարտյալների փաստաբաններից մեկը BBC-ին հայտնել է, որ պատիժն ի կատար է ածվել Ղոմի քրեական պատիժների կատարման վարչության երրորդ բաժանմունքում։

Մարմնական պատժից բացի՝ դատապարտյալներին երկու տարով արգելվել է տեսանյութեր և ձայնագրություններ պատրաստել, ինչպես նաև լքել երկրի տարածքը։

Փաստաբանների տեղեկություններով՝ սեպտեմբերի վերջին Ղոմի վերաքննիչ դատարանը մերժել է դատապարտյալների բողոքները՝ անփոփոխ թողնելով դատավճիռը։

Դատարանի որոշումը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել Իրանի մշակույթի գործիչներն ու իրավապաշտպանները։ Նրանք ընդգծել են, որ մտրակահարությունը դաժան, անմարդկային և մարդու արժանապատվությունը նվաստացնող պատժատեսակ է, որը հակասում է խոշտանգումների միջազգային արգելքին։

«Մենք հնարավոր ամեն ինչ արել ենք դատավճռի չեղարկմանը կամ առնվազն պատժի մեղմացմանը, կամ դրա կատարման հետաձգմանը հասնելու համար, սակայն ոչինչ չի ստացվել։ Համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները պնդել են, որ պատիժն անհապաղ ի կատար ածվի»,- ասել է փաստաբաններից մեկը։

Բարեփոխումների կողմնակից իրանական Etemad օրաթերթը, վկայակոչելով պաշտպանության կողմի մեկ այլ փաստաբանի՝ Մոսթաֆա Նիլիին, հրապարակել է Ահմադիի հետ մտրակահարության ենթարկված չորս տղամարդկանց անունները։ Նրանք են Սոհեյլ Ֆաղիհ-Նասիրին, Ամին Թահերին, Ամիրալի Փիրնիան և Մոհսեն Լաշքարին։

«Փարաստու Ահմադիին իր հայեցողությամբ երգելու և հագնվելու համար մտրակահարելը նրա հիմնարար իրավունքների աղաղակող խախտում է և Իրանի իշխանությունների՝ կանանց ազատությունները ճնշելու ու նրանց խտրական օրենքներին և քաղաքականությանը մարտահրավեր նետել համարձակվող յուրաքանչյուր անձի դաժանորեն պատժելու վճռականության սարսափեցնող վկայություն»,- հայտարարել է ԱՄՆ-ում տեղակայված Իրանում մարդու իրավունքների կենտրոնի (CHRI) իրավապաշտպան գործունեության տնօրեն Բահար Գանդեհարին։

Իրանի օրենսդրության համաձայն, որը հիմնված է երկրում ընդունված շարիաթի մեկնաբանության վրա, սեռական հասունության հասած աղջիկներն ու կանայք պարտավոր են մազերը ծածկել հիջաբով և կրել մարմնի ուրվագծերը քողարկող երկար ու ազատ հագուստ։

2022 թվականին Իրանում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել 22-ամյա քուրդ աղջկա՝ Մահսա Ամինիի՝ կալանքի տակ մահանալուց հետո։ Նույն տարվա սեպտեմբերին Թեհրանի բարոյականության ոստիկանությունը նրան ձերբակալել էր հիջաբն իբր «սխալ» կրելու պատճառով։

Հոգևոր իշխանությունների դեմ համազգային ցույցերի ընթացքում կանայք այրել են իրենց գլխաշորերը կամ դրանք օդում թափահարել՝ ի նշան բողոքի։ Ցույցերը ճնշելու ընթացքում ուժային կառույցների գործողությունների հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել։

Այդ ժամանակից ի վեր Իրանում բազմաթիվ կանայք և աղջիկներ, բացահայտ անհնազանդություն դրսևորելով, հրաժարվել են հասարակական վայրերում մազերը ծածկելուց։ Իշխանություններն արձագանքել են ձերբակալությունների պարբերական ալիքներով, նախազգուշացումներով, ձեռնարկությունների փակմամբ և այլ սահմանափակող միջոցներով։

Այս տարվա հունվարին Իրանում հակակառավարական զանգվածային բողոքի ցույցերի նոր ալիքի ճնշման հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել, իսկ տասնյակ հազարավորները՝ ձերբակալվել։ Այս անգամ հասարակական դժգոհության պատճառը երկրում տնտեսական ճգնաժամն է եղել։

Այս տարվա փետրվարի վերջին ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմ սկսելուց հետո Իրանի իշխանություններն ավելի հաճախ են սկսել մահապատիժ կիրառել բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ