Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին
ՄիջազգայինԱյսպիսով, Նիկոլ Փաշինյանն օրերս հաստատեց, որ դեկտեմբերի 3-ին կմեկի Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման: Նաեւ, որ դեկտեմբերին սպասվում է ՌԴ երեք այց: «Առաջին այցը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին: Նախնական պայմանավորվել ենք, որ աշխատանքային այցի ընթացքում Մոսկվայում հանդիպում եւ քննարկում կունենանք ՌԴ նախագահի հետ»,- կառավարության վերջին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Փաշինյանը:
ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԱՅՑ
Հիմնականը, թերեւս, հենց դեկտեմբերի 3-ի այցն է լինելու: Հաշվի առնելով, որ դեկտեմբերի 11-12-ին նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ վարչապետների ձեւաչափով հանդիպումը, որի շրջանակներում կարող է եւ Պուտինի հետ հանդիպում Փաշինյանը չունենա: Իսկ տարեվերջին Սանկտ Պետերբուրգում կանցկացվեն ԵԱՏՄ եւ ԱՊՀ ձեւաչափերով առաջնորդների ամենամյա հանդիպումները՝ առաջնորդների մակարդակով: Այստեղ շատերն են լինելու, եւ հազիվ թե Պուտինը հասցնի Փաշինյանին շատ երկար ժամանակ տրամադրել: Ըստ այդմ, հիմնական քննարկումները, պայմանավորվածությունների լինել-չլինելը պետք է որ տեղի ունենան հենց դեկտեմբերյան սպասվող առաջին այցի ժամանակ: Ու պարզ հարց կա՝ ինչ պետք է սպասել հայ-ռուսական հարաբերությունների ապագայի, եւ ավելի կոնկրետ՝ Հայաստանի ճակատագրի հետ կապված:
Նկատի ունենք հետեւյալը: Նախ հիշենք. Փաշինյանի մոսկովյան այս այցը ծրագրվեց դեռ սեպտեմբերին՝ Բիշքեկում Պուտին-Փաշինյան համեմատաբար կարճ հանդիպման արդյունքում: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այդ պահին նաեւ հրապարակավ ֆիքսեց, որ Փաշինյանի մոսկովյան այցի հիմնական թեման է լինելու Հայաստանի ապագա կողմնորոշումը դեպի ԵԱՏՄ կամ՝ ԵՄ: Այսինքն, որ հենց այդ ծրագրված այցի շրջանակներում է, որ ամեն բան շատ կոնկրետ է դրվելու. Հայաստանը կա´մ մնում է ռուսական վեկտորի ուղղվածությամբ, ընդ որում, այն տեսանելի չափորոշիչներով, որ Մոսկվան տարակուսանքներ չունենա այդ հարցում: Կամ շարունակում է առաջ տանել «Եվրոպա ենք գնում» թեզը՝ դրանից բխող իրական պատկերով եւ բոլոր հետեւանքներով հանդերձ: Կարճ ասած, որ մի քանի աթոռի վրա խաղալու հնարավորություն, ըստ ամենայնի, Մոսկվան այս անգամ Փաշինյանին չի մտածում տալ:
Այնուամենայնիվ, սեպտեմբերյան այդ պայմանավորվածություններից հետո եղավ որոշակի պաուզա, որը նաեւ Փաշինյանի համար էր ձեռնտու: Սա նրան հնարավորություն էր տալիս էլ ավելի հստակ կողմնորոշվել ընդհանուր գլոբալ զարգացումներից ելնելով, որոնք այս ընթացքում միանգամայն բուռն էին եւ դեռ շարունակվում են: Սակայն շատ ավելի հստակ է դարձել, թե դեպի ուր է գնում աշխարհը:
Բայց, հասկանալի է, այդ պաուզան ամենեւին էլ Նիկոլին ժամանակ տրամադրելու համար չէր: Սեպտեմբերին, իհարկե, մի շարք միանգամայն կոնկրետ հարցադրումներ առաջադրվեցին Փաշինյանին: Սակայն այդ պահին Մոսկվան եւս որոշակի սպասելիքների մեջ էր՝ մինչ Հայաստանի հետ կապված կկարողանար վերջնական որոշումների հանգել: Նախ, այդ պահին սպասվում էին Պետդումայի ընտրությունները, որոնք նախատեսում էին ռուսական քաղաքական էլիտայի նկատելի վերաբեռնում: Այդ փուլը հաղթահարված է, եւ, դատելով տեսանելի պատկերից, Կրեմլի նախատեսած սցենարով:
Սակայն էլ ավելի կարեւոր էին հաջորդ գործոնները. ինչ է սպասվում, նաեւ Մոսկվան ինչ տեսանելի սպասելիքներ ունի նախ՝ ուկրաինական թեմայով հետագա զարգացումների հետ կապված: Երկրորդը՝ ընդհանուր համաշխարհային զարգացումների, չնայած, այս երկու հարցերը, իհարկե, նույն շղթայի մեջ են: Ուկրաինայի հետ կապված սպասելիքներին, թերեւս, պետք է առանձին անդրադառնալ, հաշվի առնելով, որ այստեղ բավականին սուր եւ երկակի հեռանկարներով դինամիկա է սկսել նկատվել: Սակայն ընդհանրական իմաստով, հաշվի առնելով վերջին շաբաթների տեսանելի իրողությունները, այդ դինամիկան կարելի է համարել, որ զարգանում է Մոսկվայի օգտին:
Վերջապես, ամենակարեւոր տեղում է մնում, իհարկե, համաշխարհային դիրքերի վերաբաշխման ներկա տենդենցները, որոնք էլ ավելի ռեալ ֆոն են Փաշինյանի համար՝ իր աշխարհաքաղաքական կողմնորոշումները վերջնական խմբագրման ենթարկելու համար: Այլ հարց է, թե ինչքանով կցանկանա կամ կկարողանա օգտվել այդ ամենից:
ՇԵՆԺԵՆՅԱՆ ՄԵՍԻՋՆԵՐԸ
Իհարկե, նկատի ունենք չինական Շենժենում կայացած նախագահներ Պուտինի, Թրամփի եւ Ցզինպինի գագաթաժողովը եւ դրա շուրջ մյուս հանդիպումները, ինչը, իհարկե, առավել քան հզոր ազդակ էր աշխարհի համար: Ինչպես եւ սպասում էինք, այդ հանդիպումն իրականում դժվար էր «Յալթա 2» համարել: Բայց առնվազն «Թեհրան 43»-ի մակարդակի այն «քաշեց»: Այն է. թեեւ բազում հակասություններ երեք տերությունների միջեւ կան եւ միշտ էլ կլինեն, սակայն երկու առանցքային փաստ այդ հանդիպումը ֆիքսեց:
Առաջինը եւ, թերեւս, ամենակարեւորն այն էր, որ գլոբուս հիշեցնող կլոր սեղանի շուրջ նստած էին հենց այդ երեք առաջնորդները, ինչից բխող ազդակը հասկանում են բոլորը: Ընդ որում, հանդիպումից գրեթե անմիջապես հետո, ասենք նաեւ մինչ հանդիպումը, մեծ թափ սկսեց հավաքել թեզը, թե ինչ գործ ունի Ռուսաստանը համաշխարհային տնտեսական երկու գիգանտների կողքին: Այսինքն, եթե առաջատար երկյակին երրորդ էր պետք, ապա ավելի տեղին կլիներ, որ դա լիներ ԵՄ-ն, ոմանք Հնդկաստանի մասին են խոսում եւ այլն: Այն իմաստով, որ Ռուսաստանի տնտեսական պոտենցիալն առավել քան չի ներում, որ աշխարհը կառավարող եռյակի մեջ լինի: Միգուցե այդպես էլ կա: Բայց այստեղ կա հակադիր հարցը. մի՞թե նախագահ Սին կամ Թրամփը չեն հասկանում կամ չգիտեն, թե տնտեսական ինչ պոտենցիալ ունի Ռուսաստանը: Ու երբ նրանք որոշում են, որ սեղանի շուրջ նստելու են հենց Պուտինի հետ, դա հաստատ օդից ընկած որոշում չէ: Դրանում չի կարող այն փաստը դեր ունենալ, որ Պուտինն ու Սին նաեւ տեսախցիկների առաջ են իրար անվանում «թանկագին ընկեր»: Նաեւ, որ Թրամփը հետեւողականորեն Պուտինին հղված պոստեր է հրապարակում՝ «Իմ ընկերը» մակագրմամբ: Ընկերությունն այստեղ ոչ մի բան չի նշանակում. նման հանդիպումներում գլխավորը այն ընդհանուր բալանսն է, որոնք տեսնում են կողմերը: Ամեն դեպքում, անկախ պատճառներից, փաստն անհերքելի է. Թրամփի եւ Սիի կողքին նստած է հենց Պուտինը: Եվ այն հաջորդ թեզը, թե՝ «տեսեք հիմա Եվրոպան ինչեր կանի, որ Պուտինին այդ սեղանի մոտից հեռացնի», էլի մերկապարանոց է. եթե կարող էր անել, ապա պետք է թույլ չտար, որ Պուտինն այդ սեղանի մոտ նստեր: 4-5 տարի ուկրաինական եւ այլ խաղատախտակների փորձեցին դա անել, ու արդյունքն այն է, որ հենց Մոսկվան է նստած Վաշինգտոնի եւ Պեկինի կողքին:
Եվ երկրորդ փաստը, որ արձանագրվեց, դա հայտարարությունն էր, որն ընդունեցին երեք առաջնորդները: Թեեւ սպասվում էր շատ ավելին, բայց այդ չորսկետանոց հայտարարության մեջ արդեն իսկ շատ բան է ասված: Եվ մեկ էական դրվագ. բացի ՄԱԿ-ի եւ միջազգային իրավունքի դերի բարձրացման, միջուկային բախումից խուսափելու, էներգետիկ խնդիրները կարգավորելու մտքերից, կողմերը նաեւ հատուկ, առանձին կետով ընդգծում են՝ «Միջազգային քրեական դատարանը եւ նմանատիպ այլ կառույցներ չպետք է չարաշահեն իրենց լիազորությունները»: Խոսքը, իհարկե, գլոբալիստական համակարգի կարեւոր գործիքների մասին է: Ըստ այդմ, երեք առաջատար երկրները պաշտոնապես հայտարարում են, որ այդ կարգի կառույցները, այն է՝ գլոբալիստական համակարգը «չարաշահում են իրենց լիազորությունները», այն է՝ պետք է դրանց կարգի հրավիրել: Իսկ թե «կարգի հրավիրելուց» հետո ինչ կմնա գլոբալիստներից, դա հարցի մյուս կողմն է:
ԱՐԵՎՄՏՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մի խոսքով, այս պահին կան հիշատակված եւ մի շարք այլ իրողություններ, որոնք, իհարկե, մոսկովյան այցի ժամանակ չի կարող հաշվի չառնել Փաշինյանը: Կարելի է նաեւ այսպես ասել. Կրեմլը հիմա Փաշինյանի հետ կարող է խոսել՝ նաեւ հաշվի առնելով այն նոր դիրքը, որը ստանում է հիշատակված իրողություններից ելնելով:
Ու մյուս կողմից, Փաշինյանը պետք է որ նաեւ մեկ այլ՝ զուգահեռ հանգամանք եւս աչքաթող չանի: Այն է, եթե գնում է «դեպի Եվրոպա», ապա խոսքը այն գլոբալիստական Եվրոպայի մասին է, որի դեմ պայքարելու հստակ պատրաստակամություն են իրենց հռչակագրով ներկայացնում միաժամանակ ԱՄՆ-ն, Չինաստանը եւ Ռուսաստանը: Ընդ որում` հույսերը, թե ԱՄՆ-ում Կոնգես է փոխվել, դեմոկրատները մեծ դիրքեր են վերցնում, ուր որ է՝ Թրամփին իմպիչմենտի կենթարկեն, եւ ամեն բան կվերադառնա իր ընթացքին, քիչ հույսեր են ներշնչում: Նախ, թե ԱՄՆ պատմությունն ինչ հետագա ընթացք կունենա, դեռ պետք է տեսնել: Երկրորդը, ԱՄՆ-ում կան պարզագույն իրողություններ, որոնք պարտադրում են պետական կուրսը, եւ որոնք չեն փոխվի՝ իշխանությունը լինի հանրապետականներինը, թե՝ դեմոկրատներինը: Բազում օրինակներից ընդամենը մեկը, որն օրերս պաշտոնապես ներկայացվեց: Այն է. ԱՄՆ-ին հիմա արտաքին պարտքի համար պետք է տարեկան կտրվածքով 1.329 տրիլիոն դոլար միայն տոկոսավճարներ: Այն դեպքում, երբ ռազմական կարիքների համար նախատեսված է հատկացնել աստղաբաշխական՝ 1.233 տրիլիոն դոլար: Այն է՝ «դոլարի ստանոկը պետք է մինչեւ վերջ միացնեն» միայն պարտքի տոկոս տալու համար, եւ դրանից հետագա տոկոսները միայն ավելանում են: Վարկեր՝ վարկային տոկոսները մարելու համար. թե սա ինչ է նշանակում, անգամ փոքր սպառողական վարկ ունեցող յուրաքանչյուր ոք կհասկանա:
Ինչ վերաբերում է գլոբալիստական Եվրոպային, ապա բացի ոչ պակաս տպավորիչ պարտքերից, այստեղ նաեւ, ինչպես The Guardian-ն օրերս հիշեցրեց, շատ ծանր փորձությունների փուլ են մտնում: «Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել Եվրամիությունը»,- հայտնում է The Guardian-ը: Այն է՝ ընտրական ծանր ալիքը, որտեղ բախվելու են պահպանողականները եւ գլոբալիստները, ազդելու է Ֆրանսիայի, Իսպանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Գերմանիայի, Էստոնիայի, Սլովակիայի, Ֆինլանդիայի եւ Հունաստանի վրա: Թե դրանից հետո ինչ կմնա Վաշինգտոնի, Պեկինի եւ Մոսկվայի նետած ձեռնոցին պատասխանելու համար, սա արդեն լուրջ հարց է: Իսկ ավելի ստույգ, կա շատ ռեալ սպառնալիք, որ այն ԵՄ-ը, որին այդքան ձգտում է Փաշինյանը, իր ներկա տեսքով կարող է ամենամոտ ապագայում, կարող է նաեւ գալիք տարի չլինել: Ու դա, երեւի, Եվրոպա կատարած իր վերջին այցերի ժամանակ պետք է որ լավ տեղյակ լինի նաեւ Նիկոլը: