Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ

Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան

Հանդիպում

Նիկոլ Փաշինյանը, վերջապես, հրապարակեց իր նոր Սահմանադրության տեքստը, որում այլեւս չկա հղում Անկախության հռչակագրին, փոխարենն ամրագրվում են վարչապետի լիազորություններն ընդլայնող դրույթներ։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ։

— Նիկոլ Փաշինյանը որեւէ օրակարգ չուներ Սահմանադրություն փոխելու: Ավելին՝ ուզում եմ հիշեցնել հենց 2023 թվականին Նիկոլի հայտարարությունը, թե բացարձակ խնդրահարույց չէ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, բոլոր ինստիտուտներն աշխատում են, եւ Սահմանադրություն փոխելու օրակարգ իրենք չունեն։ Բայց այն պահից, երբ Ադրբեջանը որպես նախապայման դրեց Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը եւ մասնավորապես՝ Անկախության հռչակագրի հանումը։ Ուզում եմ հիշեցնել Ալիեւի հայտարարությունը մի քանի տարի առաջ. «Երբ մենք ասում ենք, որ Հայաստանն իր Սահմանադրությունը պիտի փոխի, դա ասում ենք ոչ թե այն պատճառով, որ ուզում ենք կոպիտ եւ ոչ բարեկիրթ լինել, այլ ասում ենք այն պատճառով, որ դա մեր նախապայմանն է»։ Սա ասել է անձամբ Իլհամ Ալիեւը։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը փակուղում է, եւ այդ փակուղու սարդոստայնը հյուսել է հենց ինքը՝ իրեն գցելով մի աննախադեպ փակուղու մեջ։ Ընդամենն օրեր առաջ անգամ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համար շատ կարեւոր է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։

Չեմ կարծում, որ ընդդիմությունը ինչ-որ բովանդակային քննարկում պիտի տանի այս տեքստի շուրջ, որովհետեւ սա հայկական օրակարգի հետ կապ չունեցող տեքստ է։ Ես կարող եմ երկար վերլուծել տեքստը, որը հպանցիկ կարդացել եմ. այո՛, այնտեղ մեկ անձի իշխանության ուզուրպացիա կա՝ վարչապետը դառնում է գերագույն գլխավոր հրամանատար ոչ միայն պատերազմի, այլեւ խաղաղության ժամանակ, առանց պաշտպանության նախարարի առաջարկի կարող է ցանկացած պահի զորքերը տեղաշարժել: Ինչ ուզի՝ կարող է անել դատական համակարգի հետ, քանի որ այլեւս Ազգային ժողովն է նշանակելու Բարձրագույն դատական խորհրդի անդամներին։ Ինչ-ինչ պատրվակներով կարող են մարդուն զրկել քաղաքացիությունից, ինչը, բնականաբար, օգտագործվելու է նաեւ որպես ընտրական մահակ՝ տարբեր անցանկալի թեկնածուներին անհեթեթ պատճառաբանություններով խաղից դուրս թողնելու համար։

Մյուս կարեւոր հարցը ընտանիքի ձեւակերպումն է։ Գործող Սահմանադրության մեջ ընտանիքը կնոջ եւ տղամարդու միջեւ միավորումն է, մինչդեռ նիկոլյան Սահմանադրության մեջ հանվում է «կին եւ տղամարդ» ձեւակերպումը։ Եվ ասենք, օրինակ, ինչպես վերջերս Ճապոնիայում մի կին ամուսնացավ իր ալիգատորի հետ, այստեղ էլ ամեն ինչ կարող է լինել։ Հասկանում եմ, որ սա Եվրամիության պահանջներից մեկն է՝ միասեռ ամուսնությունների համար։ Բայց ես չեմ ուզում բացարձակ մտնել բովանդակային քննարկման մեջ, որովհետեւ սա հայկական օրակարգ չէ, ուստիեւ՝ պիտի մերժվի։

Ինչ վերաբերում է Անկախության հռչակագրին, այն միայն Արցախի մասին չէր, այնտեղ կա նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։ Անկախության հռչակագիրը հանելով՝ այս ալիեւյան-նիկոլյան Սահմանադրությունը խեղաթյուրում ու թաղում է մեր ամբողջ գենետիկ կոդը։ Ուստի՝ այս պահի դրությամբ ես շատ ողջունում եմ խորհրդարանական ընդդիմության դիրքորոշումը, որ իրենք միանշանակ ասում են՝ ո՛չ, եւ ուզում եմ հուսալ, որ Նիկոլին չի հաջողվի 6 պատգամավոր գողանալ որեւէ ընդդիմադիր խմբակցությունից։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ