Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան
Հանդիպում«Իրավունք»-ը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ։
«ՍԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՐՅՈՒԿ Է, ԱՅՍՏԵՂ ՈՐԵՎԷ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ»
— Պարո՛ն Պետրոսյան, Սահմանադրության փոփոխության քննարկումներն այսօրվա ամենակարեւոր թեմաներից մեկն են դարձել։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը հրապարակված նախագծի շուրջ։
— Մտածում եմ, որ սա քաղաքական տրյուկ է, այստեղ որեւէ էական փոփոխություն չկա։ Իհարկե, ամբողջական տեքստին դեռ ծանոթ չեմ:
Ինչ վերաբերում է դատավորների վերագնահատմանը, նման ինստիտուտ որեւէ երկրում գոյություն չունի։ Նիկոլ Փաշինյանն այս Սահմանադրությամբ իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար։ Սա էլ է վիճելի. նա ի՞նչ կապ ունի ընդհանրապես հրամանատարության հետ՝ մարդ, որը բանակում չի ծառայել։ Ի՞նչ իրավունք ունի հրամանատար լինել։ Դա նույնն է, որ ես գնամ մշակույթի տան տնօրեն աշխատեմ։
Այս ամենը ձեւական փոփոխություններ են: Իրական նպատակը Ալիեւին հաճոյանալն է, Ալիեւի կամքը կատարելը՝ մոռանալով, որ Հայաստանի Սահմանադրության առաջին հոդվածում գրված է՝ Հայաստանն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Իսկ ինքնիշխան պետությանը չի կարող որեւէ երկիր, առավել եւս թշնամի երկիր, Սահմանադրություն պարտադրել։
Ութ տարի է՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է: Ինչո՞ւ ութ տարվա մեջ չէր մտածում այդ ամենի մասին։ Ես իմ անձնական կարծիքն եմ ասում, որը որեւէ մեկի վզին փաթաթելու ո՛չ ցանկություն ունեմ, ՛ոչ էլ իրավունք, բայց սա իր վերարտադրության միջոցն է։ Նա շատ լավ հասկանում է, որ իր ութ տարվա պաշտոնավարման ընթացքում շալակել է Քրեական օրենսգրքի ամենածանր հոդվածները՝ մասնավորապես պետական դավաճանություն, թշնամու կողմն անցնելը (418-րդ հոդված՝ 15-ից 20 տարի ազատազրկում կամ ցմահ բանտարկություն), սահմանադրական կարգի տապալում: Երբ վարչապետը կանգնում ու ասում է՝ «ես եմ Հայաստանի կառավարությունը», ո՞ր նորմատիվ իրավական ակտում է այդպիսի բան գրած։ Եվ վերջապես՝ 421-րդ հոդվածը՝ տարածքային ամբողջականությունը զիջելուն ուղղված գործողություններ կատարելը։ Մենք մի թիզ հող Ադրբեջանից ստացե՞լ ենք, որ գյուղերով հանձնում է։
Նա հասկանում է, որ հենց վարչապետ չեղավ, կես ժամ հետո հայտնվելու է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում։ Դրա համար էլ հիմա ամեն ինչ անում է, որովհետեւ այսօր իրեն ո՛չ Ռուսաստանում են բանի տեղ դնում, ո՛չ որեւէ այլ երկրում. միայն Ադրբեջանն ու Թուրքիան են օգտագործում։ Նա հաճույքով օգտագործվում է, եւ այդ օգտագործվելու նպատակը սեփական պաշտոնավարման երկարաձգումն է։ Սա է իրականությունը։ Իրականությունը չարձանագրելը քաղաքացիական դավաճանություն է։ Ես ոչ թե որպես նախկին նախարար, նախկին պատգամավոր կամ ներկայիս փաստաբան, այլ որպես Հայաստանի քաղաքացի եմ խոսում։ Մեր առաքելությունն այս իրավիճակը շտկելն է, իսկ շտկել հնարավոր է առաջին հերթին օբյեկտիվ ճշմարտությունը բարձրաձայնելով։
Ի՞նչ է նշանակում, երբ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասում է՝ Սահմանադրությունը քննարկենք Ադրբեջանի հետ։ Պետական դավաճանությունը պոզով-պոչով է լինո՞ւմ: Թշնամի երկիրը, որը քո 5000 երեխու գլուխ է կերել, 10 000 տղու հաշմանդամ է սարքել, ո՞վ է, որ դու նրա հետ քո երկրի հիմնական օրենքը քննարկես։ Նույնիսկ եթե թշնամի պետություն էլ չլիներ, պետության ինքնիշխանության իմաստն այն է, որ ինքը որոշի իր երկրի ներքին հարցերը։ Դա ամրագրված է Սահմանադրության 1-ին հոդվածում։
— Նոր Սահմանադրության նախագծում, Հայաստանի անկախության հռչակագրի մասին որեւէ հղում չկա։ Ի՞նչ կասեք այս մասին։
— Որպես իրավաբան՝ կարող եմ պնդել, որ Անկախության հռչակագիրն անբեկանելի փաստաթուղթ է, այսինքն՝ փոփոխման ենթակա չէ։ Ինչո՞ւ. որովհետեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ իրավական ակտը կարող է ուժը կորցրած ճանաչվել կամ ընդունող մարմնի, կամ դրա իրավահաջորդ մարմնի կողմից։ Ընդունող մարմինը՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, այլեւս գոյություն չունի։ Եվ մենք որեւէ նորմատիվ իրավական ակտում չունենք դրույթ, որտեղ գրված լինի, թե Ազգային ժողովը հանդիսանում է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի իրավահաջորդը։ Այսինքն՝ ո՛չ ընդունող մարմինը կա, ո՛չ էլ իրավահաջորդը։ Հետեւաբար, Անկախության հռչակագիրը ենթակա չէ բեկանման՝ անգամ եթե այն հանեն Սահմանադրության նախաբանից։ Դա ինքնին չի նշանակում Անկախության հռչակագրի չեղարկում: Դա նույնն է, որ մարդն իր ծննդյան վկայականն անվավեր ճանաչի։ Այնպես որ, էլի եմ ասում՝ այդ ամբողջն ուղղված է Ալիեւին հաճոյանալու եւ սեփական իշխանությունը պահելու նպատակին։ Ես ուրիշ շարժառիթ այդտեղ չեմ տեսնում։
«ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄՆ Է ԿԱՐԵՎՈՐ, ՈՐԸ ՉԿԱ ԱՅՍ ՊԱՀԻՆ»
— Պարո՛ն Պետրոսյան, իսկ ընդդիմությունն ի՞նչ պետք է անի այս իրավիճակում։ Տեսանք, թե ինչպես էին բոլորը սոցցանցերում սիրուն գրառումներով ու ուղիղ եթերներով հանդես գալիս։ Բա հետո՞․․․
— Անկեղծ ասած, ես ընդդիմությանը հիմա չեմ թիրախավորում, որովհետեւ դրանով կստացվի, որ ջուր եմ լցնում Նիկոլի ջրաղացին։ Բայց քննադատելու այնքա՜ն տեղ կա։ 9-րդ գումարման Ազգային ժողովում ընդդիմության կողմից որեւէ լուրջ օրենսդրական նախաձեռնություն չի ներկայացվել։ Ես ունեմ մշակված նախագծեր, օրինակ՝ քաղաքական պաշտոնյաների հրապարակային ստախոսությունը քրեականացնելու վերաբերյալ։ Այսօր էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ասում է՝ 15 000 աշխատատեղ է ստեղծվել։ Հլը մի բերեք տեսնենք՝ այդ ո՞ր հիմնարկում է ստեղծվել։ Այդպես չի՛ կարելի։ Սահմանադրության 2-րդ հոդվածը, որտեղ ասվում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, հարաբերական բան չէ. դրա գլխավոր իմաստն այն է, որ ժողովուրդը ճիշտ տեղեկացված լինի իր գլխին գալիքի մասին։ Իսկ այսօր ժողովուրդն անորոշության մեջ է։
— Օրեր առաջ, երբ Սահմանադրության այս նոր նախագիծը դեռ չկար, բոլորը մերժում էին, բուկլետներ էին բաժանում, խմբեր էին ստեղծում։ Հիմա արդեն նախագիծը կա, կարդում են, բայց բացի ստատուսներ գրելուց, ի՞նչ պիտի անի պառլամենտական ընդդիմությունը, որ չեն անում։
— Եթե նկատի ունենք խորհրդարանական ընդդիմությանը, միանշանակ համախմբված գործողություններ են պետք, ինչը ես այսօր անձամբ չեմ նկատում։ Ամեն մեկը փորձում է ինքը երեւալ առաջինը, լինել այդ գործի գլխավոր կատարողը։ Այստեղ ընդդիմության իրական համախմբումն է կարեւոր, որը չկա այս պահին։
«ԱԺ-ՈՒՄ ՉԿԱՆ ԵՐԵՎԵԼԻ ՄԱՐԴԻԿ, ՈՒՄ ՁԱՅՆԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄՈԶԻՉ ԼԻՆԻ»
— Բայց վերջերս, իբրեւ թե, շուրջ տասնյակից ավելի քաղաքական ուժեր համախմբվեցին չէ՞։
— Իբրեւ թե համախմբվեցին, բայց այսօր Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը՝ միայն իրենք իրենց ունեցվածքով ու միջոցներով կարող են մի ամբողջ ժողովուրդ ոտքի հանել։ Ես ընտրակաշառք բաժանելու կոչ չեմ անում, բայց իրենք հնարավորություն ունեն մարդկանց փողոց դուրս բերելու, ինչը չեն անում։ Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանն ընկել է պակասող 6 ձայնի հետեւից եւ ինչ ասես անում է, որպեսզի այդ 6 ձայնը հավաքի ու Սահմանադրությունն անցկացնի ու հաճոյանա Ալիեւին, եւ շարունակի պաշտոնավարել:
— Ի՞նչ եք կարծում՝ կունենա՞ այդ 6 ձայնը։
— Չեմ կարծում, անհնար է դա։ Հանուն ճշմարտության ասեմ, որ ես այնտեղ մի քանի մարդ եմ տեսնում իրական ընդդիմադիր կեցվածքով՝ Էդգար Ղազարյանը, Աննա Գրիգորյանը, Մեսրոպ Մանուկյանը... Մեսրոպն իմ ուսանողն է եղել, լա՛վն է։ Բայց հիմա եթե ես Ձեզ հարց տամ՝ եւս մի չորրորդ պատգամավորի անուն տվեք, Դուք կդժվարանաք։ Ես էլ եմ դժվարանում, որովհետեւ այնտեղ չկան այդպիսի երեւելի մարդիկ, ում ձայնը հանրության համար համոզիչ լինի, կարծիք ձեւավորի. չկան ուղղակի։
Այդ նույն վիճակը նաեւ իշխանությունում է՝ ՔՊ-ում՝ այդ «քաղաքական պատուհասների կլուբում», ես այդպես եմ դրանց անվանում։ Ասենք՝ Անդրանիկ Քոչարյանը ո՞վ է, որ Ազգային ժողովում լինի. ես անձնական ոչինչ չունեմ, զուտ օբյեկտիվ ճշմարտությունն եմ ասում։ Այսքան ժամանակ ի՞նչ օրինագիծ է ներկայացրել Անդրանիկ Քոչարյանը։ Սրանք այնպես են արել, որ իրենց պահվածքով լրիվ փոխել են Ազգային ժողովի նախ սահմանադրական առաքելությունը, որն օրենսդիր գործունեությունն է, եւ հետո՝ հանրային ընկալումն են բեկել ու փոխել։ Գագիկ Մելքոնյանը՝ այդ գեներալը, ի՞նչ գործ ուներ Ազգային ժողովում: Դուք տեսե՞լ եք, որ նա գոնե մի անգամ մի օրինագիծ ներկայացնի։
Նայե՛ք, Քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածը նախատեսում է պատասխանատվություն անհիմն հարստացման համար: Սրանք բոլորն անհիմն հարստացողներ են, հարգելի՛ս։ Իրենք ոչինչ չանելու համար պետական բյուջեից միլիոնների աշխատավարձ եւ խրախուսումներ են ստանում՝ ինչի՞ համար, ոչնչի։ Իմ մշակած օրինագծերից մեկն էլ հենց անհիմն հարստացման համար քրեական պատասխանատվություն սահմանելն է։ Հիմա Դուք աշխատում եք, չէ՞, գործ եք անում եւ Ձեր աշխատանքի դիմաց աշխատավարձ եք ստանում, բայց սրանք ոչինչ չանելու դիմաց են ստանում։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
