Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը

Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը       

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին հանրության դատին ներկայացրեց Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը՝ այն փաթեթավորելով «չորրորդ հանրապետության» ձեւավորման, խաղաղության հաստատման եւ պետականության նոր էջ բացելու գեղեցիկ կարգախոսներով։ Սակայն իշխանության հերթական քաղաքական բեմադրության շքեղ բառապաշարի հետեւում շատ ավելի լուրջ իրողություն է թաքնված․ խոսքը ոչ թե սահմանադրական առանձին դրույթների խմբագրման, այլ Հայաստանի պետական ինքնության, պատմական հիշողության եւ երրորդ հանրապետության գաղափարական հիմքերի բնաջնջման մասին է։

Փաստացի, իշխանությունը փորձում է հանրությանը համոզել, որ Հայաստանի անկախ պետականության նախորդ երեք տասնամյակների քաղաքական ու պատմական ժառանգությունը պետք է ջնջել, իսկ նոր պետականության մեկնարկը պետք է համընկնի Փաշինյանի քաղաքական պատկերացումների հետ։

Ահա այստեղ է, որ նոր Սահմանադրության նախագիծը ստանում է իր իրական քաղաքական նշանակությունը։ Այն այլեւս պարզապես իրավական փաստաթղթի նախագիծ չէ։ Այն հավակնում է դառնալ Հայաստանի երրորդ հանրապետության քաղաքական ու գաղափարական մահախոսականը։ Այդ իմաստով այն իրավամբ կարելի է բնութագրել որպես երրորդ հանրապետության սեւ թուղթ։ Եվ ամենամտահոգիչն այն է, որ այդ գործընթացը ներկայացվում է խաղաղության անվան տակ։

Նոր Սահմանադրության նախագծի ամենաէական առանձնահատկություններից մեկը, ինչպես եւ ակնհայտ էր, գործող Սահմանադրության նախաբանում առկա՝ 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրին հղման բացակայությունն է։ Խոսքը Հայաստանի անկախ պետականության վերականգնման հիմնարար փաստաթղթի հետ սահմանադրական կապի վերացման մասին է։ Անկախության հռչակագիրը պարզապես պատմական արխիվային փաստաթուղթ չէ։ Այն Հայաստանի անկախ պետականության քաղաքական, պատմական եւ արժեքային հիմքերից մեկն է։ Հետեւաբար, դրա հետ սահմանադրական կապի բացակայությունը չի կարող դիտարկվել որպես երկրորդական հանգամանք։

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԻՑ ՀԵՌԱՑՈՒՄ

Փաշինյանն իր հրապարակային ելույթներում երրորդ հանրապետությունը ներկայացնում է որպես հակամարտության տրամաբանության վրա կառուցված պետականություն՝ դրան հակադրելով իր պատկերացրած չորրորդ հանրապետությունը։

Սա արդեն պատմության վերաշարադրման քաղաքական փորձ է։ Գործող իշխանությունը կարծես փորձում է սեփական քաղաքական ձախողումների ու պարտությունների ծանրությունը տեղափոխել ամբողջ պետական համակարգի եւ անկախ Հայաստանի պատմական ուղու վրա՝ հասարակությանը ներկայացնելով, թե մինչեւ իր իշխանությունը Հայաստանը զարգացել է սխալ ուղղությամբ։

Սակայն պետականությունը մեկ վարչապետի սեփականությունը չէ։ Հայաստանի պատմությունը չի սկսվում Փաշինյանի իշխանությունից եւ չի կարող ավարտվել նրա քաղաքական հայեցողությամբ։ Ավելին՝ ո՞վ է որոշել, որ անկախ պետականության պատմական հիմքերը հակասում են խաղաղությանը։ Ո՞վ է ապացուցել, որ խաղաղության հասնելու համար Հայաստանը պարտավոր է վերանայել սեփական սահմանադրական ինքնության առանցքային բաղադրիչները։ Այս հարցերի պատասխանները իշխանությունը պարտավոր է ներկայացնել հանրությանը, այլ ոչ թե սահմանափակվել խաղաղության մասին հերթական քաղաքական կարգախոսներով։

Հատկանշական է նաեւ Ադրբեջանի արձագանքը։ Reuters-ի նոյեմբերի 23-ի հրապարակման համաձայն՝ Բաքուն նոր սահմանադրական նախագծի հրապարակումը դրական ազդակ է գնահատել՝ հայտարարելով, որ սահմանադրական հարցի լուծումից հետո խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին այլեւս խոչընդոտ չի տեսնում։ Այս հանգամանքը Հայաստանի իշխանության համար պետք է ոչ թե քաղաքական հաջողության առիթ դառնար, այլ լուրջ հարցերի պատասխանելու պարտավորություն։

Եթե Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը դիտարկում է որպես խաղաղության պայմանագրի ճանապարհին անհրաժեշտ քայլ, ապա հասարակությունն իրավունք ունի իմանալու՝ այդ փոփոխությունը Բաքվի պահանջների բավարարման հերթական փո՞ւլն է, եւ, ամենակարեւորը, դրանով ավարտվելո՞ւ են ադրբեջանական նախապայմանները։ Որտե՞ղ է երաշխիքը։ Խաղաղությունը Հայաստանի կենսական շահն է։ Բայց խաղաղությունը չի կարող վերածվել սեփական պետական ինքնությունից հրաժարվելու քաղաքական փաթեթի։

ՎԵՑ ՁԱՅՆԻ ԴԻԼԵՄԱՆ․ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺՈ՞ՒՄ Է, ԹԵ՞ ԽՈՍՈՒՄ Է ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Այս ամբողջ գործընթացում, սակայն, իշխանությունից բացի, իր պատասխանատվությունն ունի նաեւ խորհրդարանական ընդդիմությունը։ Փաշինյանը հրապարակային առաջարկ է արել ընդդիմությանը՝ տրամադրել հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ վեց ձայնը։ Դրա դիմաց խոստացել է, որ Սահմանադրության մերժման դեպքում հրաժարական կտա, իսկ ընդունման պարագայում հաջորդ խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու չի առաջադրվի։

Այս առաջարկն առաջին հայացքից կարող է թվալ քաղաքական պատասխանատվության դրսեւորում։ Իրականում, սակայն, այն ընդդիմությանը կանգնեցնում է բավական անհարմար քաղաքական ընտրության առաջ։ Եվ այստեղ առաջանում է ամենակարեւոր հարցը՝ ընդդիմությունն, ի վերջո, ի՞նչ է պատրաստվում անել։ Եթե դեմ է նոր Սահմանադրությանը եւ համոզված է, որ այն վտանգում է Հայաստանի պետականության հիմքերը, ապա ինչո՞ւ է օրեր շարունակ քննարկում նախագծի առանձին հոդվածները՝ փաստացի ամբողջ քաղաքական օրակարգը տեղափոխելով Փաշինյանի առաջարկած դաշտ։

Իհարկե, նախագիծը պետք է ուսումնասիրել, իրավականորեն վերլուծել եւ հանրությանը ներկայացնել դրա հնարավոր վտանգները։ Բայց իրավական քննադատությունը դեռ քաղաքական ռազմավարություն չէ։ Ընդդիմության խնդիրն այսօր ոչ միայն իշխանության ներկայացրած փաստաթուղթը քննադատելն է, այլեւ հստակ պատասխան տալը՝ ի՞նչ է լինելու հաջորդ քայլը։ Սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար իշխանության բաղձալի վեց ձայնը տալո՞ւ է, թե՞ ոչ։ Եթե չի տալու, ապա ինչո՞ւ ընդդիմությունը մինչեւ հիմա չի ներկայացրել այդ որոշման հստակ քաղաքական հիմնավորումն ու գործողությունների ծրագիրը։ Վերջիվերջո, ինչպե՞ս է զսպելու ոչ միայն նիկոլական ռեպրեսիաները, այլեւ թուրք-ադրբեջանական ագրեսիան։ Եթե տրվելու է, ապա ի՞նչ երաշխիքների դիմաց, ի՞նչ քաղաքական հաշվարկով, եւ ինչպե՞ս է կանխվելու հանրաքվեի գործընթացի վերածումը Փաշինյանի իշխանության հերթական լեգիտիմացման միջոցի։ Այս հարցերը լռությամբ շրջանցելն արդեն քաղաքական անպատասխանատվության տպավորություն է ստեղծում։

Փաշինյանը նախաձեռնությունը դրել է սեղանին, իսկ ընդդիմությունը դեռեւս հիմնականում արձագանքում է՝ մեկնաբանելով, քննադատելով, հայտարարություններ տարածելով։ Սա իշխանության օրակարգը կոտրելու ճանապարհ չէ։ Սա այդ օրակարգի հետեւից գնալ է։ Ավելին՝ եթե ընդդիմությունը համաձայնի տրամադրել անհրաժեշտ ձայները, իշխանությունը կարող է հանրաքվեի անցկացումը ներկայացնել որպես քաղաքական ուժերի միջեւ ձեռք բերված համաձայնություն։ Իսկ եթե ընդդիմությունը մերժի, իշխանությունը կարող է փորձել նրան ներկայացնել որպես խաղաղության գործընթացը խոչընդոտող քաղաքական ուժ։ Հենց այս ծուղակից դուրս գալու համար ընդդիմությանը անհրաժեշտ է ոչ թե հերթական հայտարարությունը, այլ հստակ, միասնական եւ հանրությանը հասկանալի քաղաքական դիրքորոշում։

Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ մի իրավիճակ, երբ իշխանությունը խաղադրույք է կատարում պետության ապագայի վրա, իսկ ընդդիմությունը սահմանափակվում է այդ խաղադրույքը մեկնաբանելով։ Որովհետեւ վաղը, երբ Հայաստանի առջեւ դրվի հերթական արտաքին պահանջը, հասարակությանը չեն հետաքրքրելու, թե ով քանի հայտարարություն է տարածել կամ քանի գրառում է կատարել սոցիալական ցանցերում։ Հասարակությանը հետաքրքրելու է մեկ հարց՝ ո՞վ է պատրաստ պաշտպանելու Հայաստանի պետականությունը, ի՞նչ ծրագրով եւ ի՞նչ գնով։ Եվ այդ հարցին պատասխանելու ժամանակը վաղուց եկել է։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ