Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան
ՄշակութայինԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՀԱՍԱՎ ՏՐԵՏՅԱԿՈՎՅԱՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) պատմության մեջ 2024 թվականն առանձնահատուկ տեղ ունի։ Թանգարանի հիմնադիր Արամ Աբրահամյանի ծննդյան 125-ամյակի առիթով Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում բացվեց «Մոսկվա-Երեւան-Մոսկվա» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեց հայաստանյան թանգարանի հավաքածուից 49 ստեղծագործություն։ Երկու ամսվա ընթացքում ցուցահանդեսն ունեցավ ավելի քան 13 հազար այցելու։ Սակայն այս նախագծի արժեքը միայն թվերով չի չափվում․ այն դարձավ երկու հեղինակավոր մշակութային հաստատությունների համագործակցության, երկարատեւ գիտահետազոտական աշխատանքի եւ հայկական հավաքածուի միջազգային հանրահռչակման նշանակալի օրինակ։
Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն ՄԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ զրուցել ենք նախագծի ստեղծման պատմության, դրա իրականացման դժվարությունների, Տրետյակովյան պատկերասրահի մասնագետների հետ համագործակցության, Արամ Աբրահամյանի հավաքածուի առանձնահատկությունների եւ այս գործընկերության երկարաժամկետ նշանակության մասին։
— Տիկին Մկրտչյան, ինչպե՞ս ծնվեց Տրետյակովյան պատկերասրահում «Մոսկվա-Երեւան-Մոսկվա» ցուցահանդես կազմակերպելու գաղափարը։
— 2024 թվականին լրանում էր մեր հիմնադրի՝ Արամ Աբրահամյանի ծննդյան 125-ամյակը։ Ցանկանում էինք այդ հոբելյանը նշել առանձնահատուկ նախագծով։
2022 թվականին, երբ Տրետյակովյան պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան այցելեց Հայաստան, խնդրեցի, որ նա այցելի նաեւ մեր թանգարան։ Այդ հանդիպման ընթացքում առաջարկեցինք 2024 թվականին կազմակերպել մեր հավաքածուի ցուցահանդեսը Մոսկվայում։
Պետք է խոստովանեմ, որ գաղափարի հեղինակը ես չէի։ Այն առաջարկել էր Արամ Աբրահամյանի ժառանգորդներից մեկը՝ բժիշկ Նորա Նորոյանը, որն այսօր բնակվում է Մոսկվայում։
Տրեգուլովան դրական արձագանքեց, սակայն նշեց, որ անհրաժեշտ է պաշտոնական դիմում ներկայացնել, եւ նախագիծը պետք է հաստատվի գիտական խորհրդի կողմից։
Մենք ուղարկեցինք նամակը եւ որոշ ժամանակ անց ստացանք հաստատումը։ Տրետյակովյան պատկերասրահի մասնագետները որոշեցին գալ Հայաստան՝ մեր հավաքածուն ուսումնասիրելու համար։

— Որքա՞ն բարդ էր հասնել նման հեղինակավոր հաստատության հետ համագործակցության։
— Դա երկարատեւ եւ պատասխանատու գործընթաց էր։ Երբ Տրետյակովյան պատկերասրահի մասնագետները ժամանեցին Հայաստան, արդեն ունեինք նախնական գաղափարներ, սակայն մեզ համար շատ կարեւոր էր, որ ցուցահանդեսի գիտական եւ գեղարվեստական հայեցակարգը մշակվեր նաեւ նրանց մասնակցությամբ։
Ժամանած մասնագետների թվում էր ցուցահանդեսային բաժնի երկարամյա ղեկավար Լյուդմիլա Լեբեդեւան՝ Տրետյակովյան պատկերասրահի իսկական լեգենդներից մեկը։ Նա տասնամյակներ շարունակ աշխատել է այդ հաստատությունում եւ ունի բացառիկ մասնագիտական փորձ։
Երբ նրանք ուսումնասիրում էին մեր հավաքածուն, ես առաջարկեցի, որ ոչ միայն հետազոտեն ստեղծագործությունները, այլեւ մասնակցեն մշտական ցուցադրության նոր հայեցակարգի մշակմանը։
Մի քանի գիշեր շարունակ միասին աշխատեցինք թանգարանում՝ կազմելով ամբողջական էքսպոզիցիոն նախագիծը։ Լեբեդեւան դա համարեց իր նվերը մեր թանգարանին։
Հետագայում նա մեզ ուղարկեց նաեւ ցուցադրության մանրամասն նախագիծը՝ ձեռքով պատրաստված նյութերով եւ սխեմաներով։
Ինձ համար սա մասնագիտական համագործակցության բացառիկ փորձ էր։ Նման մակարդակի մասնագետների հետ աշխատելը մեծ դպրոց է ցանկացած թանգարանի համար։

— Ի՞նչ ներկայացրեցիք Մոսկվայում։
— Ցուցահանդեսի համար Մոսկվա տեղափոխվեց մեր հավաքածուից 49 ստեղծագործություն։
Դրանց ընտրությունը կատարվել էր գիտահետազոտական լուրջ աշխատանքի արդյունքում։ Մեր նպատակն էր ոչ միայն ներկայացնել առանձին արժեքավոր կտավներ, այլեւ բացահայտել Արամ Աբրահամյանի հավաքորդական ճաշակը, նրա հետաքրքրությունները եւ արվեստի նկատմամբ ունեցած վերաբերմունքը։
Ցուցահանդեսի կարեւոր բաղադրիչներից էր նաեւ գիտական պատկերագրքի հրատարակությունը։ Այն կրում էր «Մոսկվա-Երեւան-Մոսկվա» խորագիրը եւ ներկայացնում էր հավաքածուի հետազոտության արդյունքները։
Պետք է ընդգծեմ, որ առաջին անգամ համակողմանի հետազոտության ենթարկվեց Արամ Աբրահամյանի ամբողջ հավաքածուն, որի տարբեր հատվածներ գտնվում են Հայաստանում, Մոսկվայում եւ այլ հաստատություններում։

— Ի՞նչ արդյունքներ գրանցեց ցուցահանդեսը։
— Երկու ամսվա ընթացքում ցուցահանդեսն ունեցել է 13 201 այցելու։ Սակայն ինձ համար նախագծի կարեւորությունը միայն այցելուների թվով չի սահմանափակվում։ Այսօր մենք թանգարանում հանդիպում ենք մարդկանց, որոնք Մոսկվայում այցելել են մեր ցուցադրությունը եւ որոշել են գալ նաեւ Երեւան՝ տեսնելու հավաքածուն ամբողջությամբ։
Սա մշակութային հանրահռչակման շատ արդյունավետ միջոց է։ Միջազգային հարթակում ներկայացված ցուցահանդեսը կարող է նոր լսարան բերել նաեւ այն թանգարանին, որտեղից տեղափոխվել են ստեղծագործությունները։
Մեր ընտրած հարթակը՝ Տրետյակովյան պատկերասրահը, պատահական չէր։ Այն ռուսական արվեստի ամենահեղինակավոր հաստատություններից է։

— Որքա՞ն մեծ ֆինանսական եւ կազմակերպչական աշխատանք պահանջվեց ցուցահանդեսի իրականացման համար։
— Բավականին մեծ։ Երբ հետազոտական աշխատանքն արդեն մեկնարկել էր, բախվեցինք ֆինանսական լուրջ խնդրի։ Ցուցահանդեսի իրականացման համար անհրաժեշտ էր զգալի միջոցներ ներգրավել։
Տրետյակովյան պատկերասրահը նույնպես ֆինանսական դժվարություններ ուներ, եւ ես ստիպված էի անձամբ զբաղվել հովանավորների ներգրավմամբ։
Ի վերջո, մասնավոր հովանավորության միջոցով կարողացա հայթայթել շուրջ ինը միլիոն ռուբլի։ Բացի այդ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը տրամադրեց չորս միլիոն դրամ աջակցություն՝ հիմնականում աշխատակիցների տեղափոխման եւ կազմակերպչական ծախսերի համար։
Իհարկե, այդ գործընթացը հեշտ չէր։ Անհրաժեշտ էր միաժամանակ կազմակերպել գիտական աշխատանքը, ֆինանսավորումը, ստեղծագործությունների տեղափոխությունը եւ ցուցադրության տեխնիկական իրականացումը։ Սակայն երբ տեսնում ես արդյունքը, հասկանում ես, որ այդ ջանքերն արդարացված էին։

— Արամ Աբրահամյանի անձը որքանո՞վ էր կարեւոր հենց այս ցուցահանդեսի հայեցակարգում։
— Շատ կարեւոր։ Մեր թանգարանը չի կարող ներկայացնել իր հավաքածուն՝ առանց անդրադառնալու այն մարդուն, որը ստեղծել է այդ հավաքածուն եւ այն նվիրել հայրենիքին։
Արամ Աբրահամյանը ոչ միայն հայտնի բժիշկ էր, այլեւ բացառիկ հավաքորդ։ Նա արվեստի նկատմամբ ուներ սեփական ճաշակը եւ շատ հետաքրքիր մոտեցումներ։
Օրինակ՝ այնքան էլ չէր սիրում սուպրեմատիզմն ու աբստրակտ արվեստը։ Երբեմն ձեռք էր բերում այդ ուղղությունների ստեղծագործություններն ու վաճառում դրանք, որպեսզի կարողանար գնել իրեն ավելի հոգեհարազատ աշխատանքներ։
Պատմում են, որ երբ որեւէ կտավ շատ թանկ էր ձեռք բերում, մի ամբողջ օր այն շրջված էր պահում՝ կարծես պատժելով իրեն այդքան գումար ծախսելու համար։
Բայց ամենակարեւորն այն է, որ նա իր հավաքածուն չպահեց միայն իր համար։ Կյանքի վերջում որոշեց այն նվիրել հայրենիքին։ Սա նրա հայրենասիրության ամենավառ դրսեւորումներից մեկն է։

— Տրետյակովյան պատկերասրահի հետ համագործակցությունը սահմանափակվե՞ց միայն մոսկովյան ցուցահանդեսով։
— Ո՛չ։ Այդ համագործակցությունն ավելի լայն նշանակություն ունեցավ։ Նախ՝ Տրետյակովյան պատկերասրահի մասնագետներն աջակցեցին մեր մշտական ցուցադրության վերանայման աշխատանքներին։
Նրանք այցելեցին մեր թանգարան, ուսումնասիրեցին հավաքածուն եւ մասնակցեցին նոր էքսպոզիցիայի նախագծմանը։ Այսինքն՝ համագործակցությունը երկկողմանի էր։ Մենք ոչ միայն մեր ստեղծագործությունները ներկայացրինք Մոսկվայում, այլեւ նրանց մասնագիտական փորձն ու գիտական գիտելիքները կիրառեցինք մեր թանգարանի զարգացման գործում։
Սա մեզ համար շատ կարեւոր ձեռքբերում էր, քանի որ հնարավորություն ունեցանք միջազգային փորձը ներդնելու մեր ամենօրյա աշխատանքում։

— Հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ Մարտիրոս Սարյանը Արամ Աբրահամյանին համեմատել է Տրետյակովի հետ։ Ի՞նչ պատմություն է սա։
— Արամ Աբրահամյանն ու Մարտիրոս Սարյանը մտերիմ էին։ Սարյանը, երբ Մոսկվայում բուժման նպատակով այցելել էր Աբրահամյանին, իր հուշերում նրան անվանել էր մեր օրերի Տրետյակով։
Այս համեմատությունն իսկապես խորհրդանշական է։ Տրետյակովը մասնավոր հավաքածուի հիման վրա ստեղծեց մի թանգարան, որը դարձավ ռուսական արվեստի կարեւորագույն կենտրոններից մեկը։ Արամ Աբրահամյանն էլ իր հավաքածուն նվիրեց Հայաստանին, եւ այդ հավաքածուի հիման վրա ստեղծվեց մեր թանգարանը։
Հաճախ մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ։ Կարծում եմ՝ այս համագործակցությամբ մենք նաեւ այդ պատմական եւ խորհրդանշական կապը նորովի ներկայացրինք։

— 2024 թվականի ցուցահանդեսից հետո ի՞նչ նոր հնարավորություններ են բացվել թանգարանի առաջ։
— Նախ՝ մեր թանգարանի ճանաչելիությունը դուրս եկավ Հայաստանի սահմաններից։ Միջազգային հարթակում նման հեղինակավոր հաստատության հետ համագործակցությունը մեծ նշանակություն ունի։
Բացի այդ, այսօր ունենք ավելի ամուր մասնագիտական կապեր, գիտահետազոտական աշխատանքի նոր փորձ եւ համագործակցության շարունակման հնարավորություններ։
Կարեւոր է նաեւ, որ մեր այցելուներն արդեն ճանաչում են թանգարանը ոչ միայն որպես Երեւանի մշակութային հաստատություն, այլեւ որպես միջազգային ցուցահանդեսների մասնակից։
Մեր նպատակն է շարունակել այս ճանապարհը՝ ներգրավելով նոր գործընկերների, ընդլայնելով գիտական համագործակցությունը եւ ներկայացնելով հավաքածուն միջազգային հանրությանը։

— Իսկ ի՞նչ կասեք այն մարդկանց, որոնք գուցե չեն ճանաչում Արամ Աբրահամյանի հավաքածուն, բայց Մոսկվայի ցուցահանդեսից հետո հետաքրքրվել են թանգարանով։
— Կասեմ՝ անպայման այցելեք Ռուսական արվեստի թանգարան։ Մեր հավաքածուն բացառիկ է ոչ միայն իր ստեղծագործությունների արժեքով, այլեւ այն պատմությամբ, որը կանգնած է դրանց հետեւում։
Այստեղ ներկայացված են ռուսական արվեստի կարեւորագույն ժամանակաշրջանների գործեր, եւ յուրաքանչյուր ստեղծագործություն իր պատմությունն ունի։
Մեզ համար շատ կարեւոր է, որ այցելուն ոչ միայն տեսնի արվեստի գործը, այլեւ հասկանա, թե ինչ ճանապարհ է անցել այն, ինչու է հայտնվել Արամ Աբրահամյանի հավաքածուում եւ ինչ նշանակություն ունի արվեստի պատմության մեջ։
Ի վերջո, թանգարանի առաքելությունը միայն հավաքածուն պահպանելը չէ։ Մենք պետք է այն կենդանի պահենք, ուսումնասիրենք, ներկայացնենք եւ փոխանցենք հաջորդ սերունդներին։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
