Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին
Լուսանկարներ2016 թվականին ստանձնելով Երեւանի Ռուսական արվեստի թանգարանի տնօրենի պաշտոնը՝ ՄԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԸ ժառանգեց բացառիկ հավաքածու եւ միաժամանակ բարդ առաքելություն՝ ժամանակակից աշխարհին նորովի ներկայացնել պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հիմնադրած թանգարանը։ Տասը տարիների ընթացքում թանգարանն ընդլայնել է իր գործունեությունը, իրականացրել տասնյակ ցուցահանդեսներ, զարգացրել կրթական ծրագրերը, թվայնացրել ծառայությունները եւ էականորեն մեծացրել այցելուների թիվը։ Այսօր թանգարանի օրակարգում են ոչ միայն ռուսական արվեստի հանրահռչակումը, այլեւ ներառականությունը, միջազգային համագործակցությունը եւ մշակութային ժառանգության պահպանության նոր մեթոդները։

— Տիկին Մկրտչյան, այս տարի ամփոփում եք թանգարանի տնօրենի պաշտոնում Ձեր գործունեության տասը տարին։ Ի՞նչ զգացողությամբ եք նայում անցած ճանապարհին։
— Այս տարի ամփոփում եմ կառավարման տասը տարին։ 2016 թվականին նշանակվել եմ թանգարանի տնօրեն, սակայն մինչ այդ աշխատել եմ որպես փոխտնօրեն։ Այսպիսով՝ թանգարանում իմ աշխատանքային գործունեությունն արդեն տասնհինգ տարվա պատմություն ունի։
Պետք է խոստովանեմ, որ բավականին բարդ փուլում ստանձնեցի այդ պատասխանատվությունը։ Խորհրդային տարիներից հետո անհրաժեշտ էր թանգարանը նորովի ներկայացնել, ներդնել ժամանակակից թանգարանային մեթոդներ եւ համապատասխանեցնել այն ժամանակակից աշխարհի պահանջներին։ Մենք սկսեցինք ամենափոքր քայլերից։
Այս պաշտոնը միաժամանակ ե՛ւ պատասխանատու է, ե՛ւ պարտավորեցնող։ Պատասխանատու է, որովհետեւ մեր հավաքածուն եզակի է, այնտեղ ներկայացված են համաշխարհային նշանակության արվեստագետների աշխատանքներ։ Պարտավորեցնող է նաեւ այն առումով, որ պետք է շարունակեի ինձնից առաջ թանգարանը ղեկավարած երեք տնօրենների գործը։
Կցանկանայի առանձնահատուկ հիշատակել հիմնադիր տնօրեն Էմմա Բուդաղյանին, թանգարանի զարգացման գործում մեծ ներդրում ունեցած երկարամյա տնօրեն Անահիտ Թուրջյանին եւ Անուշ Տեր-Մինասյանին, ումից հետո ստանձնեցի ղեկավարումը։

— Եթե Ձեր տասնամյա գործունեությունը թվերով ներկայացնելու լինեք, ի՞նչ արդյունքներ կառանձնացնեք։
— Այս տարիների ընթացքում ունեցել ենք 75 ցուցահանդես, 104 միջոցառում, իսկ ընդհանուր նախաձեռնությունների թիվը հասել է 175-ի։
Գուցե մեծ թանգարանների համար այս թվերը համեստ թվան, բայց փոքր թանգարանի եւ սահմանափակ աշխատակազմի պայմաններում դրանք բավականին լուրջ արդյունք են։
Մեր ցուցահանդեսները պատահական ընտրությամբ չենք կազմակերպվում։ Դրանցից յուրաքանչյուրի շուրջ երկար մտածում ենք, հետազոտություններ իրականացնում։ Այսօր կարեւոր է, որ ցուցահանդեսը հետազոտահեն լինի ոչ միայն ներկայացվող նյութի, այլեւ այցելուի տեսանկյունից։ Պետք է հասկանանք՝ տվյալ ցուցադրությունն ում է հետաքրքրելու, ինչ լսարանի համար է նախատեսված եւ ինչ պահանջ է բավարարելու։

— Թանգարանի հիմնադիր Արամ Աբրահամյանի հավաքածուն ունի առանձնահատուկ նշանակություն։ Ո՞րն է նրա ժառանգության կարեւորությունը թանգարանի ինքնության ձեւավորման հարցում։
— Մեր թանգարանը ներկայացնում է երկու մշակույթ՝ հայկական եւ ռուսական։ Հայկական բաղադրիչը, նախեւառաջ, պայմանավորված է հիմնադրի՝ պրոֆեսոր, բժիշկ Արամ Յակովի Աբրահամյանի անձով։
Նա իր ամբողջ կյանքի ընթացքում հավաքել է այս բացառիկ հավաքածուն եւ կյանքի վերջում որոշել այն նվիրել հայրենիքին։ Կարծում եմ՝ սա հայրենասիրության կարեւորագույն դրսեւորում է։
Աբրահամյանն արվեստագետի բացառիկ հոտառություն ուներ։ Նրա հավաքածուում ընդգրկված հեղինակներից շատերի գործերն այսօր կարելի է տեսնել այնպիսի աշխարհահռչակ թանգարաններում, ինչպիսիք են MoMA-ն եւ «Թեյթ» պատկերասրահը։
Արամ Աբրահամյանի անձն ու հայրենասիրությունն անբաժանելի են թանգարանի պատմությունից։ Նա մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին, եւ հայրենիքի հանդեպ սերն արտահայտել է նաեւ իր հավաքածուն Հայաստանին նվիրելու որոշմամբ։
— Ինչպե՞ս է փոխվել թանգարանի հանրային ճանաչելիությունն այս տարիներին։
— Երբ 2016 թվականին ստանձնեցի տնօրենի պաշտոնը, թանգարանի տարեկան այցելուների թիվը 950-1000-ի սահմաններում էր։ Հետագա տարիներին, կիրառելով մարքեթինգային եւ հանրահռչակման ժամանակակից մեթոդներ, կարողացանք զգալիորեն ավելացնել այցելությունները։
Այս տարիների ընթացքում թանգարանն ունեցել է ընդհանուր առմամբ 80 882 այցելու։ Տարեկան միջին ցուցանիշը շուրջ 8279 է, իսկ ամենաշատ այցելուներ ունեցել ենք 2022 թվականին։
Իհարկե, այդ ցուցանիշների վրա ազդել են նաեւ արտաքին հանգամանքները՝ քաղաքական իրավիճակը, համավարակը եւ դրա հետեւանքով առաջացած սահմանափակումները։

— Ձեր կառավարման տարիներին ո՞ր իրադարձությունն եք համարում թանգարանի հանրայնացման ամենամեծ շրջադարձը։
— Առաջին հերթին կառանձնացնեմ Միխայիլ Վրուբելի «Դեւը եւ հրեշտակը Թամարայի հոգու հետ» ստեղծագործության վերադարձը։
Պատկերացրեք՝ շուրջ 22 տարի որոնումներից հետո, երբ ես ընդամենը մեկ տարի էր, ինչ տնօրեն էի նշանակվել, հայտնաբերվեց այդ ստեղծագործությունը։ Սա պարզապես նկարի վերադարձ չէր։ Պետք էր այդ իրադարձության շուրջ ձեւավորել մեծ մշակութային պատմություն, հանրության ուշադրությունը հրավիրել ոչ միայն նկարի, այլեւ ամբողջ թանգարանի վրա։
Այդ իրադարձության շուրջ իրականացրինք մի ամբողջ ծրագիր՝ ցուցահանդես, օպերային ներկայացում, վարպետության դասեր եւ այլ միջոցառումներ։ Նկարը ինը ամիս վերականգնվել էր Տրետյակովյան պատկերասրահում։ Այդ համագործակցությունն էլ հետագայում դարձավ մեր մասնագիտական կապերի ամրապնդման կարեւոր հիմքերից մեկը։
Վրուբելի ստեղծագործության վերադարձը շրջադարձային էր նաեւ թանգարանի անվան եւ հանրային ճանաչելիության տեսանկյունից։

— 2023 թվականին վերաբացվեց թանգարանի մշտական ցուցադրությունը։ Ի՞նչ նոր մոտեցումներ ներդրվեցին։
— Վերաբացման ընթացքում մենք ոչ միայն վերանորոգեցինք ցուցասրահները, այլեւ ամբողջությամբ վերանայեցինք հավաքածուի ներկայացման սկզբունքները։
Այս աշխատանքում մեզ աջակցեցին Տրետյակովյան պատկերասրահի մասնագետները։ Նրանք այցելեցին մեր թանգարան, ուսումնասիրեցին հավաքածուն եւ մասնակցեցին մշտական ցուցադրության նոր հայեցակարգի մշակմանը։
Մեր հավաքածուն ընդգրկում է 17-րդ դարի վերջից մինչեւ 1970-ական թվականները ստեղծված աշխատանքներ, սակայն մշտական ցուցադրության համար ընտրել ենք ժամանակային սահման՝ մինչեւ 1930-ական թվականները։

— Կրթական ծրագրերն այսօր թանգարանների գործունեության կարեւոր բաղադրիչն են։ Ի՞նչ եք արել այս ուղղությամբ։
— Իմ ղեկավարման տարիներին թանգարանում մշակվել եւ ներդրվել են նոր ծառայություններ, որոնցից ամենակարեւորներից մեկը կրթական ծրագրերն են։
Այսօր թանգարանում գործում է 14 կրթական ծրագիր՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի համար։ Աշխատում ենք ընտանիքների, ծնողների եւ երեխաների, ինչպես նաեւ դպրոցական խմբերի հետ։
Կրթական ծրագրերն այսօր ոչ միայն կարեւոր մշակութային ծառայություն են, այլեւ թանգարանի եկամուտների ձեւավորման նշանակալի աղբյուր։
Կարեւորում եմ նաեւ թանգարանից դուրս իրականացվող նախաձեռնությունները։ 2018 թվականին, օրինակ, «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում ցուցահանդես եւ վարպետության դաս կազմակերպեցինք հյուրանոցներից մեկում։ Համագործակցել ենք նաեւ Լոռու մարզի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի հետ՝ այնտեղ իրականացնելով կրթական ծրագրեր։

— Ի դեպ, առանձնահատուկ ուշադրության է արժանի նաեւ ներառականության ուղղությունը․․․
— 2025 թվականից Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հետ սկսել ենք կարեւոր նախագիծ։ Քանդակի ամբիոնի ուսանողները մեր մասնագետների հետ ուսումնասիրում են թանգարանի նկարները եւ պատրաստում դրանց շոշափելի կրկնօրինակները՝ տեսողության խնդիրներ ունեցող այցելուների համար։
Սա ներառական թանգարանային աշխատանքի կարեւոր ուղղություն է։ Ծրագրի լավագույն աշխատանքները նախատեսում ենք հանրությանը ներկայացնել 2027 թվականին։

— Ինչպե՞ս փոխվեց թանգարանի աշխատանքը թվային տեխնոլոգիաների ներդրման արդյունքում։
— Համավարակի ընթացքում մեզ համար շատ կարեւոր դարձավ թվային ներկայության զարգացումը։ Այդ շրջանում ստեղծեցինք թանգարանի կայքէջը եւ ձեռք բերեցինք վիրտուալ իրականության ակնոցներ։
Այս նախաձեռնությունները կյանքի կոչվեցին մասնավոր ընկերությունների աջակցությամբ։
Այսօր վիրտուալ իրականության ակնոցները թանգարանի հաջողված եւ այցելուների շրջանում հետաքրքրություն առաջացնող ծառայություններից են, ինչպես նաեւ եկամուտ ապահովող կարեւոր նախաձեռնություններից մեկը։
Մեր հուշանվերային արտադրանքը եւս զարգացրել ենք այս տարիների ընթացքում։ Սոցիալական հարթակներում ակտիվ ներկայություն ունենք 2016 թվականից։
Միաժամանակ մեծ աշխատանք է իրականացվել անվտանգության համակարգերի, լուսավորության եւ ֆոնդապահության պայմանների բարելավման ուղղությամբ։
— 2026 թվականին թանգարանին վստահվել է նաեւ «Դասարվեստ» ծրագիրը։ Ի՞նչ արդյունքներ գրանցեցիք։
— Ծրագրի շրջանակում այցելեցինք Հայաստանի տասը մարզի 27 դպրոց՝ ընդգրկելով ավելի քան 1600 երեխայի։
Հիմնական գաղափարն այն է, որ արվեստի գործն ինքն է ճանապարհորդում դեպի մարզեր։ Դպրոցներում կազմակերպում ենք փոքրիկ ցուցահանդեսներ եւ վարպետության դասեր՝ հնարավորություն տալով երեխաներին արվեստին հաղորդակցվել իրենց բնակավայրում։
Մենք հասանք նաեւ հեռավոր եւ սահմանամերձ գյուղեր։ Ծրագիրը շատ ոգեւորիչ էր, որովհետեւ ոչ միայն երեխաներին հնարավորություն տվեց ծանոթանալու արվեստին, այլեւ հետադարձ կապ ստեղծեց դպրոցների հետ։ Դպրոցներից շատերն այժմ արդեն սկսել են այցելել մեր թանգարան։

— Իսկ ի՞նչ կցանկանայիք համարել Ձեր կառավարման տասնամյակի ամենակարեւոր ձեռքբերումը։
— Եթե պետք է առանձնացնեմ ամենակարեւորը, ապա կասեմ՝ Միխայիլ Վրուբելի ստեղծագործության վերադարձը եւ Տրետյակովյան պատկերասրահում «Մոսկվա–Երեւան–Մոսկվա» ցուցահանդեսի կազմակերպումը։
Երկուսն էլ ինձ համար գրեթե երազանքի ժանրից էին։
Տրետյակովյան պատկերասրահի հետ համագործակցությունը մեծ ջանքեր պահանջեց։ Մոսկվայում ցուցահանդես կազմակերպելու համար անհրաժեշտ էր նաեւ լուրջ ֆինանսական աշխատանք։ Մասնավոր հովանավորության միջոցով կարողացանք հայթայթել շուրջ ինը միլիոն ռուբլի, իսկ ԿԳՄՍ նախարարությունը տրամադրեց չորս միլիոն դրամ աջակցություն։
Արդյունքում Մոսկվա տեղափոխվեց 49 ստեղծագործություն, եւ մեր հավաքածուն ներկայացվեց աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններից մեկում։
Ինձ համար ամենահուզիչ պահերից մեկն այն էր, երբ տեսնում էի Տրետյակովյան պատկերասրահի շենքերի վրա մեր ցուցահանդեսի մեծ պաստառները՝ «Մոսկվա-Երեւան-Մոսկվա» խորագրով։

— Իսկ առաջիկա տարիների հիմնական նպատակներն ու խնդիրները որո՞նք են։
— Ես շատ լավատես մարդ եմ եւ խնդիրները նախընտրում եմ դիտարկել որպես մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարել։
Երբ ուսումնասիրեցի մեր թանգարանի զարգացման ծրագիրը, հասկացա, որ նախատեսված աշխատանքների շուրջ 85-90 տոկոսն արդեն իրականացված է։ Սա շատ կարեւոր ձեռքբերում է։
Առաջիկայում նախատեսում ենք արդիականացնել ֆոնդապահության տարածքը, ստեղծել վերականգնողական սենյակ, որտեղ հնարավոր կլինի տեղում իրականացնել արվեստի գործերի վերականգնման աշխատանքներ։
Կարծում եմ՝ թանգարանի զարգացման համար ամենակարեւորը հստակ առաքելությունն է, պրոֆեսիոնալ թիմը եւ միասնական նպատակը։
Այս ամենին չէի կարող հասնել, եթե չլիներ թանգարանի հավատարիմ եւ պրոֆեսիոնալ թիմը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ողջ անձնակազմին, ինչպես նաեւ բոլոր գործընկերներին եւ հովանավորներին։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
