22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN

22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը

Մշակութային

Երեւանի սրտում գտնվող Ռուսական արվեստի թանգարանի համար շրջադարձային իրադարձություն էր Միխայիլ Վռուբելի «Դեւը եւ հրեշտակը Թամարայի հոգու հետ» ստեղծագործության վերադարձը, որի գողության եւ հայտնաբերման առեղծվածային պատմությունը դուրս եկավ թանգարանի պատերից՝ հանրային մեծ հետաքրքրության առաջացնելով։

Թանգարանի պատմության մեջ այս իրադարձությունն առանձնահատուկ տեղ ունի նաեւ այն պատճառով, որ այն դարձավ հաստատության վերաբրենդավորման, հանրահռչակման եւ միջազգային մշակութային համագործակցության կարեւոր խթաններից մեկը։

Ռուս մեծ նկարիչ Միխայիլ Վռուբելի 170-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում թանգարանը երեք տարվա ընդմիջումից հետո կրկին հանրությանը ներկայացնում է Վռուբելի հանրահայտ ստեղծագործությունը։ Վռուբելի կտավի անհավանական ճակատագրի մասին մեզ հետ զրույցում նոր փակագծեր է բացել Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն ՄԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԸ։

«ՄԻԱՅՆ ՄԵԿ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԷԻՆ ՏԱՐԵԼ, ԵՎ ԴԱ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ»

— Տիկի՛ն Մկրտչյան, այս պատմությունը, կարծես, առեղծվածային վեպի սյուժե լինի։ 1995 թվականին Ռուսական արվեստի թանգարանից գողացվեց Միխայիլ Վռուբելի «Դեւը եւ հրեշտակը Թամարայի հոգու հետ» ստեղծագործությունը։ Ի՞նչ է հայտնի այդ դեպքի մասին, եւ ի՞նչ հանգամանքներում անհետացավ կտավը։

— Ես կարող եմ պատմել այնքանով, որքանով հետագայում՝ արդեն որպես թանգարանի տնօրեն, ուսումնասիրել եմ այդ պատմությունը։ Այդ ժամանակ բավական փոքր էի, հետեւաբար տեղեկությունները հավաքել եմ արխիվային նյութերն ուսումնասիրելով, մամուլի հրապարակումներին ծանոթանալով եւ մեր նախկին աշխատակիցների հետ զրուցելով։

Դեպքը տեղի է ունեցել 1995 թվականի ամռանը՝ հունիսին։ Թանգարան ներխուժելու համար գողերը կոտրել էին պատուհանի երկաթե պաշտպանությունը եւ ներս մտել։ Հետաքրքիրն այն է, որ գողացել էին ընդամենը մեկ ստեղծագործություն։ Ոչ թե մի քանի նկար, ոչ թե թանգարանի տարբեր սրահներից ընտրված աշխատանքներ, այլ կոնկրետ մեկ կտավ՝ Վռուբելի «Դեւը եւ հրեշտակը Թամարայի հոգու հետ»-ը։

Անմիջապես հայտարարվել էր միջազգային հետախուզում։ Փակվել էին ճանապարհները, օդանավակայանների ուղղությունները վերահսկողության տակ էին առնվել։ Ինձ համար շատ կարեւոր է այն հանգամանքը, որ գողերը, ըստ ամենայնի, գիտակցել են՝ ինչ ստեղծագործություն են տանում։ Սա պատահական ընտրություն չէր։ Նրանք գիտեին, որ թանգարանի գլուխգործոցներից մեկն է անհետանում։

— Իսկ ինչո՞ւ հենց այս ստեղծագործությունը։ Ի՞նչն է այն առանձնացնում Վռուբելի արվեստում։

— Վռուբելի համար Դեւի կերպարը պարզապես գրական սյուժե չէր։ Դա նրա ստեղծագործական աշխարհի առանցքային թեմաներից մեկն էր։ Նկարիչը երկար ժամանակ անդրադարձել է այդ կերպարին, եւ Լերմոնտովի պոեմը նրա համար շատ հարազատ էր։

1891 թվականին՝ Միխայիլ Լերմոնտովի մահվան 50-ամյակի կապակցությամբ, որոշում է կայացվում հրատարակել նրա երկերի շքեղ պատկերազարդ ժողովածուն։ Այդ աշխատանքներին հրավիրվում են ժամանակի լավագույն ռուս նկարիչները, այդ թվում՝ Միխայիլ Վռուբելը։

Վռուբելը ստեղծում է 36 գծանկար, որոնցից 20-ն ընդգրկվում են ժողովածուում, իսկ 11-ը նվիրված են «Դեւը» պոեմին։ Մեր թանգարանի ստեղծագործությունն այդ շարքի եզրափակիչ սյուժետային թերթն է։

Սա շատ կարեւոր է հասկանալու համար, որովհետեւ մենք գործ ունենք ոչ թե առանձին վերցրած մի նկարի, այլ մի ամբողջ գեղարվեստական մտահղացման եզրափակիչ դրվագի հետ։

Վռուբելի ստեղծագործական աշխարհը բազմաշերտ է։ Այն միավորում է կերպարվեստը, գրականությունն ու երաժշտությունը։ Լերմոնտովի պոեմը, Անտոն Ռուբինշտեյնի «Դեւը» օպերան եւ Վռուբելի գեղարվեստական մտածողությունը մի յուրահատուկ ամբողջություն են կազմում։

Նկարի ճակատագիրն էլ է շատ հետաքրքիր։ Սկզբում այն պատկանել է Վռուբելի մտերիմ ընկերոջն ու հովանավորին՝ հայտնի գործարար եւ մեկենաս Սավվա Մամոնտովին։ Այնուհետեւ ստեղծագործությունը հայտնվել է Մեծ թատրոնի բալետի պրիմա պարուհի Եկատերինա Գելցերի հավաքածուում, իսկ նրա ժառանգներից այն ձեռք է բերել մեր թանգարանի հիմնադիր պրոֆեսոր Արամ Աբրահամյանը (բժիշկ-ուրոլոգ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, Մոսկվայի պատվավոր քաղաքացի, հայտնի հավաքորդ):

«22 ՏԱՐԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՆԿԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԴԱՐՁԱՎ ՄԵՐ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ»

— Գողությունից հետո անցնում են ավելի քան երկու տասնամյակ եւ հետո միայն հայտնաբերվում։ Ի՞նչ գիտեք նկարի որոնումների եւ հայտնաբերման մասին։

— Ճշմարտությունն այն է, որ մենք ամբողջական տեղեկատվություն չունենք, թե այդ տարիներին որտեղ է գտնվել ստեղծագործությունը եւ ինչպես է անցել ձեռքից ձեռք։

Հիշում եմ, որ 2010-2011 թվականներին, երբ նոր էի սկսել աշխատել թանգարանում, մեզ զանգահարեցին Ուկրաինայից՝ տեղեկացնելով, որ Ռուսական արվեստի թանգարանի հետ կապված մի ստեղծագործություն են բերել իրենց մոտ։ Ես այդ օրերին գործուղման էի մեկնում Կիեւ, եւ առիթից օգտվելով՝ այցելեցի այնտեղ։ Սակայն որեւէ հստակ տեղեկություն չստացա, եւ ինձ ասացին, որ ներկայացված աշխատանքը Վռուբելի ստեղծագործությունը չէ։

Իսկ արդեն 2017 թվականի մարտին տեղեկանում ենք, որ նկարը հայտնաբերվել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից։

Այդ պատմության որոշ մանրամասներ մեզ հայտնի դարձան ավելի ուշ՝ մասնագետների հետ զրույցների ընթացքում։ Մասնավորապես, տեղեկացանք, որ նկարի իսկությունը պարզելու համար դիմել են Վռուբելի ստեղծագործության մասնագետներին։ Երբ ստեղծագործությունը ներկայացվել է փորձաքննության, այն ճանաչվել է որպես մեր թանգարանին պատկանող կտավ։

Սակայն պետք է ասեմ, որ մենք մինչ օրս չունենք նկարի գողության ամբողջական պատմությունը։ Ովքեր են եղել գողացողները, ինչպես է այն տեղափոխվել, ում մոտ է գտնվել այդ տարիներին՝ այս հարցերի բոլոր պատասխանները հայտնի չեն։

— 2017 թվականի նոյեմբերի 15-ին Մոսկվայում՝ Ռուսաստանում Հայաստանի օրերի շրջանակում, ստեղծագործությունը ՌԴ նախագահի կողմից պաշտոնապես փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը։ Բայց մինչեւ թանգարան վերադառնալը՝ այն վերականգնման ի՞նչ ճանապարհ է անցել։

— Դա եւս շատ կարեւոր պատմություն է։ Երբ նկարը հայտնաբերվեց, այն վնասված վիճակում էր։ Այն պետք է անցներ մասնագիտական վերականգնման լուրջ գործընթաց։ Աշխատանքները կատարվեցին ՌԴ Պետական Տրետյակովյան պատկերասրահում՝ վերականգնող Իննա Կոնստանտինովնա Սոլովովայի ղեկավարությամբ։

Վերականգնումը տեւեց շուրջ ութ ամիս։ Պատկերացրեք՝ ինչպիսի նուրբ եւ պատասխանատու աշխատանք էր։ Խոսքը ոչ միայն վնասվածքները վերացնելու, այլեւ ստեղծագործության սկզբնական գեղարվեստական ամբողջականությունը հնարավորինս պահպանելու մասին էր։

Ես միշտ ասում եմ, որ դա իսկական վերածնունդ էր։ Մասնագիտական բարձր վարպետության շնորհիվ հնարավոր դարձավ փրկել գողության հետեւանքով վնասված արվեստի գործը եւ վերադարձնել այն իր հարազատ հավաքածու։

Հետագայում Իննա Կոնստանտինովնան մեր հրավերով այցելեց Հայաստան։ Մենք հնարավորություն ունեցանք նրան եւ Տրետյակովյան պատկերասրահին մեր երախտագիտությունը հայտնելու, ինչպես նաեւ վերականգնողի աշխատանքը գնահատելու՝ պետական ոսկե մեդալի շնորհմամբ։

«ԴԱ ԻՆՁ ՀԱՄԱՐ՝ ՈՐՊԵՍ ՂԵԿԱՎԱՐԻ, ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԻ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԲԱՆԱԼԻ ԴԱՐՁԱՎ»

— Դուք բազմիցս նշել եք, որ Վռուբելի ստեղծագործության վերադարձը բեկումնային նշանակություն ունեցավ թանգարանի համար։ Ինչո՞ւ այդ իրադարձությունն այդքան մեծ ազդեցություն ունեցավ ձեր կառավարման տարիների վրա։

— Իսկապես, դա ինձ համար՝ որպես ղեկավարի, կարծես, հաջողության մի յուրահատուկ բանալի դարձավ։ Պատկերացրեք՝ 22 տարվա որոնումներից հետո, երբ ես ընդամենը մեկ տարի է՝ աշխատում էի որպես տնօրեն, հայտնաբերվում է նկարը։ Մեծ իրադարձություն էր դա։ Եվ ես հասկացա, որ դրա շուրջ պետք է կառուցել մի մեծ պատմություն, մի ամբողջ մշակութային երեւույթ, որը ոչ միայն մասնագիտական հանրության, այլեւ հասարակության լայն շրջանակների ուշադրությունը կգրավեր դեպի թանգարան։

Որպես արվեստի մենեջմենթի դասախոս՝ միշտ ասում եմ, որ արվեստի գործը կարող է շրջադարձային լինել տվյալ հաստատության համար։ Եվ՝ այո՛, Վռուբելի ստեղծագործության վերադարձը հենց այդպիսի իրադարձություն դարձավ։ Այն ազդեց եւ՛ թանգարանի վերաբրենդավորման, եւ՛ նրա հանրային ճանաչելիության, եւ՛ մեր հաղորդակցման ձեւերի վրա։

Գիտեք, շատ մարդիկ արվեստի պատմություն չգիտեն, ծանոթ չեն հեղինակներին, նրանց ստեղծագործական կյանքին։ Բայց երբ ներկայացնում ես մի ինտրիգային պատմություն՝ «գողացան, հետո վերադարձավ», դա արդեն մարդկանց հետաքրքրում է։ Ոչ միայն արվեստասերներին, այլեւ նրանց, ովքեր գուցե մինչ այդ ընդհանրապես չէին լսել մեր թանգարանի մասին։

Մենք բոլորս սիրում ենք պատմություններ, պատումներ, այնպիսի սյուժեներ, որոնք ունեն սկիզբ, զարգացում եւ անսպասելի հանգուցալուծում։ Իսկ այս պատմությունն իրական էր, եւ դրա կենտրոնում արվեստի բացառիկ ստեղծագործություն էր։

— Այսինքն՝ Դուք կարողացաք արվեստի պատմությունը ներկայացնել նաեւ նոր լսարանին հասկանալի լեզվով։

— Այո՛, հենց դա էր մեր նպատակը։ Մենք ուզում էինք, որ մարդը ոչ միայն պարզապես գա եւ նայի նկարին, այլ նաեւ հասկանա՝ ինչ պատմություն կա դրա հետեւում, ինչու է այն կարեւոր, ինչ ճանապարհ է անցել։

Այդ նպատակով իրականացրինք մի ամբողջ ծրագիր՝ «Գողացված Վռուբելի վերադարձը» խորագրով։ Կազմակերպեցինք ցուցահանդես, մշակութային միջոցառումներ, վարպետության դասեր։ Այդ ժամանակ օպերային թատրոնում ներկայացվեց նաեւ համապատասխան երաժշտական ծրագիր՝ կապված Լերմոնտովի պոեմի, Վռուբելի եւ Ռուբինշտեյնի ստեղծագործական ժառանգության հետ։

Մեզ համար կարեւոր էր ցույց տալ, որ արվեստը մեկուսացված երեւույթ չէ։ Այն կապում է տարբեր արվեստատեսակներ, տարբեր ժամանակներ եւ տարբեր մշակույթներ։

Նախագծում օգտագործեցինք նաեւ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ ցուցադրության հատուկ ձեւավորման լուծումներ, որպեսզի այցելուն ոչ միայն ծանոթանա կտավին, այլեւ կարողանա բացահայտել դրա ստեղծման, գողության, հայտնաբերման եւ վերականգնման ամբողջ պատմությունը։

Կարծում եմ՝ հենց այդպիսի մոտեցումն է ժամանակակից թանգարանի կարեւոր խնդիրներից մեկը. ստեղծել հետաքրքրություն, ներգրավել մարդուն եւ նրան դարձնել մշակութային գործընթացի մասնակից։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ